Կասկածյալը լքել է Մոսկվան


Մոսկվայում Իսրայելի դեսպանության I քարտուղար Շմուել Պոլիշչուկը հապճեպորեն հեռացել է Ռուսաստանից` իրեն ուղղված լրտեսության մեղադրանքի պատճառով (տեղեկացրել է Izrus կայքը): Նա հայրենադարձության հարցերով հյուպատոսն էր ու միաժամանակ նաև հրեական սփյուռքի հետ կապերի «Նատիվ» կառավարական Բյուրոյի աշխատակից: Ըստ լրատվամիջոցի` իսրայելցի դիվանագետին մեղադրել են Ռուսաստանի քաղաքացիներին Իսրայել հայրենադարձվելու քարոզչությամբ լիազորությունները գերազանցելու մեջ: Սեպտեմբերի 24-ին նա ձերբակալվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և մի քանի ժամ հարցաքննվել Լուբյանկայում: Izrus-ի վարկածով` երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները պայմանավորվել են աղմուկ չբարձրացնել, ու այդ պատճառով էլ Պոլիշչուկը չի հայտարարվել պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) և նրան պաշտոնապես չեն վտարել երկրից: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ` Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Պոլիշչուկը հեռացել է լրտեսության մեղադրանքի պատճառով: Սեպտեմբերի 29-ին հեռանալով Մոսկվայից, հենց հաջորդ օրը հյուպատոսն Իսրայելում աշխատանքի է անցել «Նատիվ»-ի կենտրոնական գրասենյակում: Իսկ «Նատիվը» ենթարկվում է Իսրայելի վարչապետի գրասենյակին և ստեղծվել է Սովետմիության ու արևելաեվրոպական երկրների հրեաների հետ կապեր հաստատելու նպատակով: Ի դեպ` Շմուել Պոլիչշուկը ծնվել է Ուկրաինայում և 1979-ին արտագաղթել Իսրայել: