Ընդդիմությունը դեպրեսիայի մեջ է 


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ չի գոհացնում «Չե´ք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքները և ընդհանրապես Սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցող զանգվածի քանակը: Ըստ նրա` «Ոչ»-ի կողմնակիցները պետք է մեկ ճակատով հանդես գան և պետք է իրենց բողոքի հիմքում իշխանափոխության պահանջը դնեն, ինչն առանց միասնության հնարավոր չէ իրականացնել: Քաղաքական գործչի կարծիքով հասարակությունը չի վստահում իշխանություններին, իսկ ընդդիմադիր թևի հանդեպ վստահության պակասի մասին գերադասում է կամ լռել, կամ ոչինչ չասող մեկնաբանութ յուններ տալ: Ըստ նրա` ընդդիմության համար «Ո´չ»-ի ճակատն ընդամենը կարող է միջոց լինել` «ոչ» ասելու իշխանությանը և «այո»`` այսպես ասած Հայաստանի պայծառ ապագային:

- Եթե չեմ սխալվում` «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն Դուք կողմ էիք երկրի խորհրդարանական կառավարման մոդելին, ի՞նչ պատահեց, որ նախագահի կողմից ձեռնարկած այս գործընթացին դեմ եք: Չի՞ ստացվում, որ ինքներդ Ձեզ հակասում եք:

- Խնդիրն այն է, որ մենք պառլամենտական համակարգին ենք կողմնակից եղել և ոչ երբեք` միակուսակցական համակարգին: Դրանք տարբեր բաներ են:

- Ձեր կարծիքով ներկայացված նախագիծը միակուսակցական համակա՞ րգ է ենթադրում:

- Այո:

- Իսկ որո՞նք են այն փաստարկները, որոնց վրա հիմնվելով եք նման հայտարարություն անում:

- Փաստարկները բազմաթիվ անգամներ բերվել են, և ես չեմ ուզում այլևս երկարատև խոսակցություն ծավալել այդ մասին: Բայց, փաստ է, որ ոչ միայն մենք, այլև բոլոր նրանք, ովքեր դեմ են այս փոփոխություններին, ու նաև շատ փորձագետներ այդ հանգամանքն են նշում:

- Ընդդիմությունը միայն մեկ նախադասություն է ասում ու չի հիմնավորում, մինչդեռ փոփոխություններին կողմ արտահայտվող ուժերը պնդում են, որ նման բան չկա:

- Ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում է և երկրորդ փուլ է նախատեսված, բոլորն այդ են մատնանշում: Դրանից ավել էլ ի՞նչ պետք է ասեն: Մեկ նախադասությամբ ասեն` որ այս փոփոխությունը մի կուսակցության համար է արվում ու դրանով վերջացնե՞ն:

- Բայց նոր Սահմանադրության հեղինակներն ասում են, որ այդ դրույթը հանվել է նոր նախագծի տեքստից և այն կարգավորվելու է «Ընտրական» օրենսգրքով: Չե՞ք կարծում, որ կարելի է պահանջել այնպիսի փոփոխություններ, որոնք կբացառեն կայուն մեծամասնության ձևավորման հարցը:

- Ուզում են տանել «Ընտրական» օրենսգիրք, որը նույն բանն է: Ինչ էլ լինի` կարևորն այն է, որ պրակտիկայում այն օգտագործվելու է :

- «ՈՉ» ասելու Ձեր միակ փաստարկը դա´ է: Այլ փաստարկներ չունե´ք:

- Նաև դա է: Իսկ ամենագլխավոր փաստարկն այն է, որ ոչ լեգիտիմ իշխանությունը երկրում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու որևէ լիազորություն չունի. առավել ևս խնդիրը ոչ թե բարեփոխումներն են, այլև իշխանության կյանքը երկարացնելը:

- Բայց ընդդիմադիրների կողմից որևէ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում, նույնիսկ միասնականության հարցում առաջընթաց չկա: Ընդամենը ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության օրը բռնկում եղավ և վերջ: Այնուամենայնիվ հասկանալի չէ, թե կոնկրետ «Ժառանգությոն» կուսակցությունն այդ պայքարում ինչ դերակատարում ունի այժմ:

- «Ժառանգություն» կուսակցության դերակատարումը միայն մեկն է, որ մենք կարողանանք միասնական գործընթաց սկսել: Ուրիշ որևէ նորություն «Ժառանգության» օրակարգում չկա: Մեր գործունեության արդյունքում քաղաքացիները որոշակիորեն իրազեկվեցին: Դա հաղթանակ է, բայց կարծում եմ, որ մեր քաղաքացիները, կարելի է ասել չափազանց իրազեկ են, թե երկրում ինչ է կատարվում, ուստի մեր խնդիրը եղել և մնում է մեկը` միասնական ճակատով արմատական փոփոխություններ կատարել:

- Այնուամենայնիվ, տպավորությունն այնպիսին է, որ ընդդիմադիր կուսակցություններից ամեն մեկը փորձում է «Ընդդիմություն» կոչվող շղարշն իր վրա քաշել և արդյունքում ոչնչի էլ չի կարողանալու հասնել:

- Ընդդիմությունն այդպես է: Այդպիսի բնավորություն ունի, հո իշխանություն չէ՞, որ, չակերտավոր ասած` կերակրատաշտ լինի և այդ ռեսուրսների շուրջ համախմբվի: Դրա համար էլ ընդդիմություն է: Դա էլ քաղաքական օրակարգի խնդիր է և ոչ թե ռեսուրսների արագ համախմբման:

- Բայց կարծես թե այդ ռեսուրսներն ավելի շատ փոշիանալու հատկություն ունեն, քան թեկուզ փոքրիկ հաղթանակներ գրանցելու: Ի՞նչ է արվում, որպեսզի այս անգամ էլ ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն չապրի:

- Մի փոքր համաձայն չեմ ձեզ հետ: Ոչ թե փոշիացման խնդիր կա, այլ` արդյունավետության չբարձրացման խնդիր: Ինչ վերաբերում է հասարակությանը, եկեք հասարակության անունից չխոսենք: Կարող է` դուք անձնապես հիասթափվում եք ընդդիմությունից, ինչը բնական եմ համարում, բայց հասարակությունը այսքան սատարել է ընդդիմությանը և փորձել է հուսահատության մեջ չընկնել:

- Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ ոտքի կանգնելուն հաջորդում է միասնական աղոթքը, որից հետո մարդկանց տուն գնալու կոչեր են արվում ու վերջ: Նման քայլերից չե՞ք կարծում, որ ընկնում է ընդդիմության վարկանիշը, ինչն արտահայտվում է արտագաղթի հերթական ալիքով:

- Եթե ձեր գնահատականն այն է, որ ընդդիմության քայլերի և աղոթքի հետ է կապված ժողովրդի արտագաղթը և ոչ թե իշխանությունների կողմից յուրացումների, ապա շատ զարմանալի է:

- Դա իմ տեսակետը չէ, այլ իրականությունն ու ուսումնասիրություններն են դա փաստում:

- Ես հասկացա, որ ձեր ուսումնասիրությունները բավականին «օբյեկտիվ» են: Կներեք, ես այլ հարցերի չեմ պատասխանի:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի լարված և նույնաբովանդակ պատասխաններից կարելի է մեկ եզրակացության հանգել. իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններն այս օրերին կրկին խորը հիասթափություն ապրելու առիթ ունեն: Երևի քաջ գիտակցում են, որ ժողովուրդն այլևս չի հավատում նրանց խոսքերին: Դա տեսանելի է անգամ «Չեք անցկացնի» նախաձեռնության կեցվածքից, որն ի սկզբանե մերժել է համագործակցությունը կուսակցությունների հետ` գիտակցելով, որ իրենց պահանջը քաղաքականացնելը միայն երկրում ներքաղաքական իրավիճակը սրելու միտումի կարող է հանգեցնել: Իսկ սոցիալական խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլև` ավելի կխորանան: Զերծ մնալով որևէ կանխագուշակում անելուց, այս պահին միայն փաստենք, որ հայաստանյան ընդդիմությունը, հասկանալով, որ իրենց ուժերից վեր ցանկություններ ունեն, հայտվել են դեպրեսիայի մեջ, ինչից դուրս գալ չեն կարողանում: Դա նույնիսկ անզեն աչքով է տեսանելի: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ