ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԵՐԻ «ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ»


ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո թե° ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե° հայկական կողմը, որպես կանոն, պահպանել են լուրջ դիվանագիտությանը հարիր պատշաճության ընդունված նորմերը: Հակառակ դրան, ադրբեջանական կողմը տարիներ շարունակ մշտապես հանդես է եկել «փնթփնթացող» բողոքարկուի դերում, բարձր մակարդակի հանդիպումներից հետո «ավանդաբար» խախտելով գաղտնիության սկզբունքը և թույլ տալով տեղեկատվական արտահոսք: Այդ արտահոսքն էլ եղել է այն աստիճան խեղաթյուրված, որ սեփական ժողովուրդն անգամ դժվարացել է հավատալ դրան: «Ավանդույթ» դարձած մի նրբերանգ ևս: Տեղեկատվական արտահոսքը և վայնասունային դժգոհությունները յուրաքանչյուր բանակցային գործընթացից հետո ուղեկցվել են ռազմատենչ հայտարարություններով: Այս ընդհանուր անփոփոխ ֆոնի վրա, անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովի ելույթներն ու հայտարարությունները պարզապես ապշեցրին դիվանագիտական տակտի և նրբանկատության մակարդակով: Մենք բոլորովին էլ չէինք զարմանա այդ փաստից, եթե անցյալում, տարիներ շարունակ «անոտ-անգլուխ», մի խոսքով, խիստ անմակարդակ կեցվածք չդրսևորեր մեր հարևան երկրի դիվանագիտական կորպուսը: Եվ հանկարծ այսպիսի մետամորֆոզ… Նշելով, որ բոլոր հարցերի շուրջ կողմերը ընդհանուր հայտարարի են եկել, բացի մեկից` Է. Մամեդյարովը խուսափում է այդ մեկ հարցը գաղտնազերծելուց` ասելով` «Եթե ազնվորեն խոսենք, ես պատրաստ եմ այդ հարցը քողազերծել ցանկացած պահի, սակայն որքան քիչ չհամաձայնեցված հարցեր են մնում, այնքան ավելի խնամքով է պետք պահպանել բանակցությունների գաղտնիությունը` հաշվի առնելով թե հայկական և թե ադրբեջանական հանրությունների զգայուն մոտեցումը այս խնդրին: Այս պարագայում, եթե հաշվի առնենք, թե բանակցությունների մասնակիցների վրա ինչ պատասխանատվություն է դրված, ապա ակնհայտ է, որ գաղտնիության պահպանումը լիովին արդարացված է»: Ահա այսպիսի դիվանագիտական նրբանկատություն ու տակտ: Թե ինչու է Ադրբեջանը դիվանագիտական «կացինը» մի կողմ դնում և առժամանակ առերևույթ ձեռքը վերցնում ոսկերչական գործիքներ` շուտով կպարզվի: Ինչ-որ ուժեր փափուկ բարձ են դրել Ի. Ալիևի գլխի տակ: Նման «բարձերի» առանձնահատկությունն այն է, որ «բմբուլները» շատ հեշտությամբ քամուն են տրվում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ