Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ


 

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ. Արձակագիր, թատերագիր

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԹՈՂ ԼԻՆԻ

2012 թվականը միշտ հիշելու եմ մեծագույն հաճույքով, որովհետև տարին փակում եմ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» և «Հարյուր տարվա մենություն» վեպերի հրատարակմամբ: Լավ գրականության պահանջ կա: Ուրախությունը, որ տարիներ առաջ ունեցա, ուզեցի բերեմ ու հասցնեմ նոր սերնդին: Մարկեսին շատ էլ չեն գովազդում, բայց նա, իրականում, գովազդի կարիք էլ չունի:

Գիրքն առայժմ տպագրվել է 500 օրինակով: Եթե սպասելիքներս արդարանան, ու ընթերցողները պահանջեն, կտպվի ևս 500 օրինակ: Զորավոր մի հեղուկի օգնությամբ Մարկեսի հորինած Մակոնդո քաղաքի բնակիչների հիշողությունը վերկանգնվում է, իսկ Մարկեսը դեռ սպասում է: Նա բժիշկների հսկողության տակ է, բայց արդեն գրել է հրաժեշտի իր նամակը` ուղղված մարդկանց ու Աստծուն. «Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Բոլոր նրանց, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, ես կբացատրեի, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել: Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության... Միշտ կա վաղը, բայց ո´չ պատանին, ո´չ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա»:

Ուզում եմ, որ գալիք տարում շատ լինեն հանդիպումները լավ գրականության հետ, որպեսզի մեր նոր սերունդը կարդա միայն բարձրակարգ գրականություն: Իմ բոլոր գրչընկերներին մաղթում եմ առողջություն և նորի որոնում ու հաստատում: Լավ է, երբ որոնում են, գնում են դեպի նոր ձևերն ու նոր բովանդակությունը: Մենք պատմական նոր շրջան ենք թևակոխում, ուրեմն մեր գրականությունն էլ պիտի նոր լինի:

Շնորհավոր Ամանոր, թող տարին իսկապես նոր լինի…