ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Վլադիմիր ԱԲԱՋՅԱՆ


Վլադիմիր Աբաջյան.Անուն, որն արտասանելիս անգամ լսում ես վարպետի ձայնը: Ձայն, որ թափանցում է մինչև հոգու խորքերը, շարժում ամենանուրբ լարերը: Ծնվել է 1927թ. նոյեմբերի 27-ին Շիրակ գյուղում: Դեռ դպրոցական տարիներից մասնակցել է դպրոցականների ասմունքի հանրապետական օլիմպիադաների և ստացել առաջին կարգի մրցանակներ: Սովորել է է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում: 3-րդ կուրսի ուսանող էր, երբ Արմեն Գուլակյանի կողմից հրավիրվել է Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն: Մինչև օրս` շուրջ 60 տարի, աշխատում է այդ թատրոնում: Վլադիմիր Աբաջյանը իր մեծ վաստակն ու դերն ունի մեր արվեստում: Նա մինչև այսօր շարունակում է հնչեցնել մեր գրականության ու պոեզիայի գոհարները: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ամենադժվար բանը ապրելն է` լավ ապրելը, իսկապե°ս ապրելը, մարդու նման ապրելը: Յուրաքանչյուր մարդ պետք է օժտված լինի դիմացինին լավություն անելու կարողությամբ: Ես միշտ հակված եմ եղել հավատալու, որ մարդիկ լավն են, պարզապես տարբեր ժամանակներում հայտնվում են տարբեր իրադրություններում ու միշտ չէ, որ կարողանում են իրենց ճիշտ դրսևորել£ Մարդ արարածը խեղճ է… ծնված օրից արդեն խեղճ ենք: Այդ գիտակցումն ինձ ստիպել է սիրել նույնիսկ ոչ այնքան լավ անձանց, որովհետև մարդուն պետք է սիրել, սիրելով է մարդը մարդ դառնում` քեզնով, ինձնով… - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ես դասական հայ եմ ու երբեք չեմ հեռացել իմ տեսակից: Այո, հայը տեսակ է` ապրելիս լինի իր հայրենիքում, թե Սփյուռքում£ Ես շատ երկրներում եմ եղել ու ամենուր շատ լավ հայերի եմ հանդիպել... Հայը հայ է: Երևի ես շատ հայ եմ, մինչև ուղնուծուծս, մինչև վերջ… Այսպես ծնվել եմ գյուղում, այսպես մեծացել եմ քաղաքում և մնացել եմ իմ ինքնության մեջ` հային վայել: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիքներ շատ ունեմ, բայց մեկը պատմեմ` կյանքիս ամենապայծառ հուշերից: Ես ինը տարեկան երեխա էի, տնից մի լավաշ և երկու ձու գողացա ու գառներին տարա արոտ: Այնտեղ ձվերը փոխեցի ծխախոտի հետ: Ինը տարեկանում: Իմ ամենաչար տարիքն էր: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Աշխարհն ինքն առեղծված է: Ոչ ոք` սկսած ամենաիմաստունից մինչև ամենահիմարը, չհասկացավ աշխարհը ու չի էլ հասկանալու: Չի° հասցնելու, ու առանց հասկանալու էլ հրաժեշտ կտա կյանքին: Աշխարհում ապրելը շատ բարդ է բոլորիս` քեզ համար, ինձ համար…իսկապես դժվար է, բայց միևնույն է` ամենքս ապրել ենք ուզում: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: (Այս հարցին վարպետը նախընտրեց պատասխանել այսպես…) Երբ ես ծնվեցի այս հողագնդում, Ես լալիս էի, աշխարհը` խնդում: Այնպես ապրեի, որ երբ գնայի, Աշխարհը լացեր, իսկ ես խնդայի:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ