ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ Է


 

ԿԱՆԽԻԿ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, պարզվում է, այնքան էլ անմեղ բան չէ, ինչպես կարծում էինք: Այն միանգամից երկու տարբեր ոլորտների խնդիրներն է լուծում` այսպես «մի գնդակով երկու նապաստակ խփելով»: Գիտենք, որ մեր երկրում 3 միլիոն դրամից բարձր գործարքներն իրականացվում են տարբեր տնտեսվարող սուբյեկտների և անձանց կողմից` այդ գործարքների մի զգալի մասը պահելով ստվերում: Բազմաթիվ առիթներով է ասվել, որ մեր երկրում հարկային դաշտ է մուտքագրվում ընդհանուր եկամուտների մոտ հիսուն տոկոսը` մնացածը բաժին հանելով ստվերին, որի գլուխ կանգնած են խոշոր արտադրողներից ու արտահանողներից շատերը: Եթե նայենք ՀՀ խոշոր հարկատուների ցուցակը, ապա կտեսնենք ասվածի արտացոլումը. բազմաթիվ ընկերություններ, ովքեր մեր տնտեսության «հրեշներն» են, հայտնվել են հետնապահ դիրքերում, ինչն էլ նշանակում է, որ նրանց եկամուտների մի զգալի մասը թաքցվում է, դուրս մնում հարկման դաշտից: Այս ամենից անպայմանորեն անտեղյակ չեն հարկային և մաքսային մարմինները: Հատկապես օտարերկրյա մասնագետները, հայացք հառելով մեր տնտեսական դաշտին, այն եզրակացությանն են հանգել, որ անհնար է ունենալ մոտ երեք միլիարդ դոլարանոց բյուջե` նման տնտեսության պայմաններում: Ըստ այդ մասնագետների` ստվերային շրջանառության մեջ է գտնվում մոտ 1,5 միլիարդը:

Սա, իհարկե, մոտավոր հաշվարկներով: Իսկ եթե փորձենք մասնագիտական մոնիտորինգի ենթարկել մեր ողջ տնտեսությունը, կտեսնենք, որ իրական պատկերը բոլորովին այլ է, որ մեր երկրում ստեղծվել է երկու տեսակի տնտեսություն` օրինականացված և ստվերային: Եվ ստվերայինն էլ շատ հաճախ իր կանոններն է թելադրում հարկման դաշտում գտնվողներին: Ո՞ւմ հայտնի չէ, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ պահում են չգրանցված աշխատուժ` հեռու մնալով նաև սոցվճարների հանդեպ իրենց պարտականությունների կատարումից: Եթե օրենքի նախագիծը դիտարկում ենք ասվածի համատեքստում, ապա միանգամայն տեղին է նրա հայտնությունը, և հասկանալի են ոմանց ջղաձգումները: Հատկապես խոշոր արդյունաբերողները` մշտապես հայտնվում են առավել քիչ եկամուտ ստացողների շարքերում: Հիշենք, թե ինչպես մի քանի տարի առաջ գարեջուր արտադրող մեր հզոր ընկերություններից մեկը հայտարարեց, որ աշխատում է վնասով, մինչդեռ ներքին շուկան ողողված էր այդ ընկերության արտադրած գարեջրով, մեծ ծավալներ էին ընդգրկում նրա արտահանումները... Այսօր նման ընկերություններին, ահռելի չափերի հասնող ունեցվածք ձեռք բերողներին օրինական դաշտ բերելու տեսանկյունից` օրենքի այս նախագիծն իդեալական է և նպաստելու է մեր բյուջետային մուտքերի ավելացումին:

Սակայն կա մեկ այլ խնդիր ևս, որն ինքնին անհանգստացնում է բոլորին: Հայաստանում շատ վաղուց ստեղծվել է բանկային կայսրապետություն, որն ամեն ինչ վերցնելով իր ձեռքը` երկիրը պահում է բանկային «ռեպրեսիաների» ծիրի մեջ: Առևտրային բանկերն են թելադրում խաղի պայմանները, նրանք են «հուշում» տնտեսության զարգացման ուղիները, սահմանում այնպիսի դրույքներ, որոնք վերածվում են օրինականացված կողոպուտի: Բանը հասել է այնտեղ, որ մեր երկրին տրվող պետական տարբեր վարկեր ուղղորդվում են հենց առևտրային բանկեր` այսպես ապահովելով նրանց գերշահույթները: Քանիցս ասվել է, որ այս բանկերը քամահրական վերաբերմունք ունեն մայրաքաղաքից դուրս գտնվող շահառուների նկատմամբ, ռիսկային են համարում վարկերի տրամադրումը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Փոխարենը` երկրին տրվող միջազգային վարկերը բաժին են հասնում մի շարք օլիգարխների, այն տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր էլ զարկ են տալիս ստվերային տնտեսությանը: Բանկերը, չգիտես ինչու, չեն զբաղվում բնակելի շինարարությամբ` այսպես լուծելով հիփոթեքային շուկայի կարգավորման հարցերը, այլ բարձր տոկոսադրույքներով վարկեր են տալիս միայն իրենց համար ցանկալի և «հուսալի» շահառուներին` գերակա դարձնելով «տնտեսական այլասերվածությունը»:

Ի դեպ, «տնտեսական այլասերվածությունը» միջազգայնորեն ընդունված եզր է: Հիմա էլ կառավարությունը, կյանքի կոչելով սույն օրինագիծը, նպատակ ունի հարստացնել բանկերին, «լավություն» անել նրանց` մեկ անգամ ևս հաստատելով սոցիալական անարդարության սկզբունքը...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ