Եթե կնոջ ժպիտը կարողանար հարթել քաղաքական կնճիռները


Ներկայիս քաղաքական թոհուբոհում հայ կանանց հուզող հիմնախնդիրներն առավել ցայտուն են դրսևորվում, քանի որ ընտրապայքարում նրանց թվաքանակը մտահոգում է բոլոր այն կանանց, ովքեր ձգտում են իբր վերականգնել հուսահատված հասարակության հավատը և ազատ, անկախ ու թափանցիկ ընտրություններում օգնել հասարակությանը` ընտրելու իր քաղաքական ուժին: - Ես ինձ տեսնում եմ այս պայքարում և պատրաստ են սատարել հասարակությանը,- ասում է «Արժանապատվություն» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը:- Կարծում եմ, մինչև այս հասարակությունը չդառնա արժանապատիվ, մինչև չդադարի ենթարկվել հանգամանքներին, ուժին և փողին, մեզ չի հաջողվի լուծել այդ խնդիրը: Քաղաքական ուժերի ներկայիս պառակտվածությունը խոսում է այս հասարակության վիճակի մասին: Ի տարբերություն Լյուդմիլա Հարությունյանի, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանը հոռետես չէ և վստահ է, որ արդար ընտրությունից է կախված երկրի, հասարակության, տնտեսության հետագա վիճակը, ուրեմն այս ընտրություններում կանայք որպես ընտրող և ընտրվող պետք է ունենան բազմակողմանի մասնակցություն: - Մի՞թե հաջողություն չէ, որ Ընտրական օրենսգրքում ապահովել ենք կուսակցական ցուցակների համամասնական ընտրակարգով կանանց 15 տոկոսի մասնակցությունը և որ բոլոր կուսակցությունների ցուցակներում դա պահպանված է: Հատկապես մի շարք ոլորտներում կարևորելով կանանց մասնակցությունը, ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը հայ կնոջն արժանի է համարում ուժեղ պետության քաղաքացի լինել: Իսկ ընտրություններին, ըստ նրա, հասարակությունը չէ, որ պետք է քննություն բռնի, այլ իշխանությունը, որովհետև` - Բոլոր ընտրությունների ժամանակ հասարակությունը կատարել է իր պարտքը: Թերևս կար մի թերություն, այն է, որ նա չկարողացավ ֆիքսել իր ձայնը: Երբ ընտրությունից ընտրություն փոխվեն դեմքերը, այդ դեպքում կարող ենք ասել, որ ապրում ենք ազատ, ժողովրդավարական երկրում: Քաղաքական տարբեր ճամբարներ ներկայացնող կանայք միանշանակ գտնում են, որ քաղաքականությունը միայն տղամարդու գործ չէ: Ռուզան Խաչատրյանի համոզմամբ այն ազնիվ, կրթված և պարկեշտ մարդու գործ է: Քաղաքականությամբ զբաղվող մարդը, Հերմինե Նաղդալյանի փաստմամբ, պետք է պատրաստ լինի դրան այնպես, ինչպես բժշկությամբ, իրավաբանությամբ կամ կոնկրետ այլ մասնագիտությամբ զբաղվողը: Ի վերջո, մի՞թե սեռով է որոշվում բժշկի լավն ու վատը, կարևորն այն է, որ նա լավ մասնագետ է: Ցավով նշելով, որ ընտրություններին մեծամասամբ օլիգարխների մասնակցության արդյունքում հասարակությունը դարձյալ պարտվում է, Լյուդմիլա Հարությունյանն առաջարկում է, որ ոչ թե իշխանությունը ընտրի իր համար իշխանություն, այլ ժողովուրդն ընտրի իր իշխանությունը: Հասարակությունը պետք է ընտրի միահամուռ պայքարի տարբերակը. - Կարծում եմ` ընդդիմությունը կմիավորվի այս պայքարում, և գուցե թե Եվրոպան կօգնի մեզ հաղթահարելու այս արգելքը: Հոգու հեղափոխություն է պետք, որպեսզի ունենանք արժանապատիվ, այլ ոչ թե մի կերպ գոյատևող հասարակություն: Դե, ինչ, հայ կնոջ հոգեվիճակն իրոք, հասկանալի է, քանի որ նրան վիճակված է լինել միաժամանակ և° ասիացի, և° եվրոպացի: Բայց իմաստ ունի՞ ընտրություն կատարել արևմտյան կամ արևելյան հասարակությունների միջև, երբ հայ կինը հազարամյակներ շարունակ ունեցել է իր սեփական դեմքը, իսկ աշխարհն էլ մնացել է հիմնականում տղամարդկանց կողմից կառավարվող:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ