Պատճառ, հետևանք և հետևություն


 

Ու, հավանաբար` իրատեսակա´ն, սթափ հետևություն:

Մի քանի օր առաջ Կանդագար գավառում ամերիկացի սերժանտի ձեռքով 16 խաղաղ բնակիչների (նրանցից 9-ը երեխաներ էին) գնդակահարությունը ոչ միայն վրդովեցրել է տեղի բնակչությանը և հուզել աշխարհի մարդկությանը, այլև լուրջ եզրահանգումների առիթ է դարձել Միացյալ Նահանգների նախագահի համար:

- Դա ավելի է ամրապնդում իմ մտածումները` մեր զինվորների տուն վերադառնալու անհրաժեշտության մասին,- KDKA հեռուստաալիքով  իր հարցազրույցում ասել է Օբաման:

Այս կերպ մեկնաբանելով Աֆղանստանում ամերիկացի զինծառայողի կատարած սպանդը, նա ընդգծել  է.

- Արդեն ժամանակն է: Անցել է տասը տարի, և անկեղծ ասած` հիմա, երբ մենք ոչնչացրել ենք բեն Լադենին, երբ թուլացրել ենք «Ալ-Քաիդա»-ն, մեր  դիրքերն ավելի ամուր են` երկու-երեք  տարվա վաղեմություն ունեցող ժամանակաշրջանի համեմատությամբ:

Միանգամայն առողջ բանականություն:  Բայց, ինչպես երևում է` ամերիկյան առաջնորդն, այնուամենայնիվ, երկմտանք ունի կամ վստահ չէ, թե առանց իրենց զինուժի Աֆղանստանը կապրի իր երկրի (թերևս` ոչ միայն ԱՄՆ-ի) հեռակա թելադրանքներով: Եվ անկեղծության «պոռթկումից» անմիջապես հետո Բ. Օբաման հավելել է, որ չպետք է շտապողականություն հանդես բերեն, և Աֆղանստանում ամերիկյան զորակազմի նվազեցումն անհրաժեշտ է պատասխանատվությամբ իրականացնել, որպեսզի հետո հարկ չլինի վերադառնալ:

Բավական խոսուն է նաև Սպիտակ տան այն հիշեցումը, որ  Աֆղանստանում ՆԱՏՕ-ն գործում է համաձայն իր որոշումների, որոնք հաստատվել են 2010 թ. լիսաբոնյան գագաթնաժողովում: Այդ որոշումներով` Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է Աֆղանստանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը Քաբուլին հանձնել 2014-ի վերջերին:

Ի դեպ` ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ եղեռնագործ սերժանտը նախկինում բուժվել է «գլխուղեղի վնասվածքից»: Իսկ վնասվածքն էլ նա ստացել է 2010 թ. Իրաքում ծառայելիս` ավտովթարի արդյունքում: Իհարկե, չեն շտապում գլխուղեղի վնասվածքի հետևանք համարել նրա կանդագարյան վայրագությունը: Ավելին, Միջազգային ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը CNN-ին տված հարցազրույցում հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Մի խոսքով, կատարվածը ողբերգություն է ոչ միայն անմեղ զոհերի հարազատների համար: Ամերիկացի մարդասպանն էլ ի´ր ողբերգությունն ունի: Գուցե նաև օտար երկրներում մարտնչող (կամ` սաստող) մյուս զինծառայողների հոգեվիճակն է վտանգված: Իսկ աշխարհն, այնուամենայնիվ, չի հանդարտվում: