ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Սուսաննա ՍԱՖԱՐՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի, Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, Սայաթ Նովա մրցույթի մրցանակակիր «ԵՍ ՔՈ ԿԵՐՏԱԾ ԵՐԳՆ ԵՄ ԱՀԱ» Քնարական խառնվածքի երգչուհու ներաշխարհի բազում երանգների համադրումն ընկալելու համար բավական է ընթերցել երգեր դարձած իր իսկ գրած բանաստեղծութ յունները: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Իմ ողջ էությամբ ճիշտ ներկայանալը: Այսինքն, շատ բաներ եմ արել, բայց երևի թե չեմ փորձել մատուցել, որ լիարժեք ընկալվեմ: Շատ-շատերից անցա, բայց կարելի է ասել` «ոչնչի» չհասա: Մեր օրերում երևի թե դրվածքը հետևյալն է. «Քիչ պետք է տաս, շատ վերցնես»: Բայց ես երևի ձգտեցի անել ամեն ինչ ու գրեթե ոչինչ չվերցրեցի, իսկ դրանից տուժեց ճիշտ ընկալվելուս պարագան: Պետք է բացահայտվեի ամբողջապես, բայց չստացվեց: Պարզապես հիմա էլ անընդհատ պրպտումների մեջ եմ, միշտ փորձում եմ հետաքրքիր նոր բան անել ժողովրդի համար: Երգը միայն երգելը չէ. այն մի ամբողջ կյանք է քեզ տալիս, որում առկա են մտածումները, հոգիների փոխադարձ ընթերցա նությունը: Կարծում էի, թե իսկապես անդրադարձը կունենամ, սակայն հակառակը ստացվեց: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Այն ազգի, որը շատ բարի է, երբևէ չի ոտնահարում ինքն իր ժողովրդին: Մկրտիչ Կորյունն ասում էր` «Ծառին որդն է անձայն ուտում, բայց կացնին են դատապարտում»: Շատ անգամ մենք ինքներս մեզ «ուտում» ենք, բայց ասում ենք այսինչը մեզ վնասեց: Կուզենայի, որ մեր ազգի պարագայում բացակայեր ինքնավնասումը: Անկեղծ ասած, շատ անգամ նույնիսկ սարսափել եմ սևամորթներից, բայց երբ ինքս եղա Աֆրիկայում և տեսա, թե ինչքան բարություն կա այդ մարդկանց մեջ, սկսեցի սիրել նրանց: Մարդ արարածն ինքնին արդեն լավն է, պարզապես պետք է մեկը մյուսին ճիշտ ընկալի: Միմյանց հասկանալու համամարդկային օրինակ էր ծննդավայրումս կատարվածը: Գոռ Իշխանի անվամբ Գոռավան գյուղում (Վեդիի մոտ) գետի կողքով անցնող մի վճիտ աղբյուր կար: Հետաքրքիրն այն էր, որ այդ ջրից օգտվում էին հայը, քուրդը, եզդին, լեհը, գերմանուհին, ադրբեջանցին: Ամենատարբեր ազգերի ներկայացուցիչները հավաքվում էին այնքան հաշտ, խաղաղ: Կուզենայի, որ բոլոր ազգերը իրար հետ ջրի նման ջինջ հոգով հաշտ ապրեին: Ես պատերազմներ չեմ սիրում: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Իմ կյանքում փորձեցի գաղտնիք չունենալ. ի՞նչ ունեմ այս աշխարհից թաքցնելու. ես եմ էլի: Թող որ ոչ ոք գլուխը կախ քայլելու առիթ չունենա: Ուզում եմ, որ բոլորը լավ լինեն. կյանքը երազային ակնթարթ է և այն պետք է իմաստալից ապրել: Մի առիթով ասել եմ, որ ամենամեծ բարդությունը պարզության մեջ է: Որքան դու պարզ ես, այնքան շատ են զգում քո խորությունը: Ի դեպ, պարզ ջրի մեջ շատ ավելի արտահայտիչ է խորությունը: Դա է պատճառը, որ երբևէ չեմ փորձում ինչ-որ ոչ ճիշտ, «արհեստական» պահվածք ունենալ, թեկուզև կանայք ունեն թաքցնելու հատկությունը: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Բնությունը, նրա ամբողջ համակարգը, որն ինձ անվերջ զարմացնում է: Ամեն գարնան բացվելը` զարթոնքը, անգամ ձյան փաթիլն է անբացատրելի. ո՞նց են այդ նախշերը կերտվում: Նույնիսկ մի անգամ ընկերոջս հարցրեցի, թե ձյան փաթիլները իրար դիպչելիս տեսնես ձայն հանո՞ւմ են: Թվում է` անշունչ են, բայց այնքան նուրբ են, զգայական և ինձ համար բավական շնչավոր են… Նրանց հպումը մի ամբողջ կյանք է պարունակում, որի մասին երգ էլ եմ գրել: Առեղծվածային ուրիշ ոչինչ չեմ տեսնում: Կարող էր թվալ, թե ամենամեծ առեղծվածը մարդը պետք է լինի, բայց նրան էլ տարբեր դրսևորումներով այնքան շատ են ցուցադրում հեռուստաեթերներով, որ արդեն առեղծված չէ. ինձ վրա ավելի շուտ գիշատչի տպավորություն է թողնում: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Չեմ սիրում, երբ մեկը մյուսին հեգնում է, երբ հումորի անվան տակ ծաղրում են: Զավեշտն ու հումորը տարբերվում են իրարից: Ամբողջ կյանքս զավեշտներով է անցնում, բայց անհրաժեշտ պահին չգիտես ինչու դժվարանում եմ որևիցե մեկը մտաբերել: Օրինակ` մի աղջիկ ինձ ասաց. «Գիտե՞ք, թե ինչ ծեծ եմ կերել Ձեր պատճառով»: Պարզվեց հեռուստատեսությամբ «Վայ սիրահարին» Ալաշկերտի ժողովրդական երգի կատարումս են ցուցադրել, աղջիկը ակամայից հուզվել և լաց է եղել: Ամուսինը եկել ու ծեծել է. եթե այդ երգը լսելիս արտասվում է` նշանակում է, որ գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում է, կամ ներքուստ ուրիշին է սիրում: Կամ. առաջին անգամ գնացել էի Գյումրի և պետք է համերգ տայի: Շուրջբոլորս գյումրվա բարբառը լսելով, ինձ համար էլ անսպասելիորեն ասացի. «Վա¯յ, գյումրեցիք ինչ կոպիտ են խոսում»: Մի բանվոր տղա շատ կոպիտ խոսակցականով պատասխանեց. «Քուր ջան, վազելին ենք զակազ տվել, որ քիչըմ փափկեցնի»: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Դառը հուշ է: Լավ հիշում եմ. 2 տարեկան էի` թելավոր բոկոտնիկներ էին ինձ համար գնել, և ես չափազանց շատ էի սիրում դրանք: Բայց մեր` ադրբեջանցի հարևանի տղան, որի հետ նույն օրն էինք ծնվել, մուրճով հարվածեց և կոշիկիս թելը պոկվեց: Այնպես էի արտասվում: Եվ այժմ էլ, եթե ինչ-որ մի խանութում հանդիպում է այդ ոճի կոշիկ, կրկին արթնանում է մանկական թախծոտ հուշս: Հիշում եմ նաև, որ աշխարհի չափ մանիկյուր էի սիրում. բարձրանում էի մեր կեռասի ծառը, հավաքում, որպեսզի եղունգներս ներկեմ… Պետք է ասեմ, որ շատ գեղեցիկ մանկություն ենք մենք ապրել:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ