1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը հետզհետե ավելի է սրվում: Ըստ տեղական լրատվամիջոցների` հունիսի 19¬ին հրավիրված ընդդիմության հանրահավաքից առաջ իշխանություններն աննախանձելի վիճակում են հայտնվել: Ալիևյան վարչախմբի համար անակնկալ է եղել հատկապես հանրահավաքները շարունակելու` ընդդիմութ յան տրամադրվածությունը: Իլհամը համոզված է եղել, որ թե´ արաբական հեղափոխությունների ալիքը, թե´ տեղական ընդդիմադիրների բողոքի գործողությունները լիովին անցյալում են մնացել: Հայդարօղլին թերևս շատ է զարմացել` պարզելով, որ իր իշխանության դեմ բողոքի ակցիաները նախկին ակտիվությամբ վերսկսվելու են նույնիսկ քաղաքական առումով մեռյալ համարվող ամառային ամիսներին: Գարնանը տեղի ունեցած հանրահավաքներից հետո, երբ, ինչպես Բաքվում տպագրվող «Ազադլիգ» պարբերականն է օրերս ամփոփել. - Բնակչությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներ պահանջելով` մարտ¬ապրիլ ամիսներին փողոցներ էր լցվել ու բողոքի զանգվածային ակցիաներ էր կազմակերպում: - Կրտսեր Ալիևը նույնիսկ ֆինանսական կորուստներ է կրել: Ադրբեջանի ընդդիմությունն արձանագրել է, որ սոցիալական պայթյունի հեռանկարից սարսափած երկրի նախագահը, մինչ այդ միմիայն իրենը համարվող միլիարդավոր նավթադոլարներից որոշակի մաս է հատկացրել բնակչության աշխատավարձերի և սոցիալական հատկացումների վճարաչափերը բարձրացնելուն: Ակնհայտ է սակայն, որ դա էլ չի օգնել նրան: Ու որքան էլ Ի. Ալիևի շռայլությունը զարմացրած լինի բոլորին, այնուամենայնիվ, նշվում է, որ այս երկրում բնակչության ավելի քան 70 տոկոսը ծայրահեղ վատթար սոցիալական պայմաններում է հայտնվել, և գրեթե աննկատ մնացող բարեփոխումները մարդկանց կյանքում ոչինչ չեն փոխել: Ադրբեջանական ընդդիմությունը հավատացած է, որ երկրի նախագահը ստիպված է նման զիջումների դիմում, և Իլհամի նպատակը ոչ թե բնակչության բարեկեցիկ կյանքի մասին հոգալն է, այլ սեփական իշխանության գոյությունը հնարավորինս երկարաձգելը: Հանրահավաքի պատրաստվողները հավատացնում են, որ կեղծիքներով ընտրված իրենց նախագահի էժան խորամանկությունների իրական նպատակները լավ է պատկերացնում նաև բնակչությունը: Ուստիև ընդդիմության շրջանում մեծ են հույսերը, որ սկսվող հանրահավաքները մարդաշատ են լինելու, և այս անգամ հաստատ` հաջողությունն իրենց ժպտալու է: