Ամիսը մեկ` գյուղաբնակ


 

Իսկապես ժողովրդի հոգսերով մտահոգ պաշտոնյային վայել որոշում է կայացրել Նեպալի վարչապետ Բաբուրամ Բհատարաին: Ամիսը 1 օր նա անցկացնելու է գյուղական վայրերում, որպեսզի անձամբ ծանոթանա տեղաբնակների խնդիրներին, իր մաշկի վրա զգա այն դժվարությունները, որոնց բախվում է գյուղացին (տեղեկացրել է HiΗΖlΖyΖn TiΗes-ը):

Իհարկե, մեր շատ պաշտոնյաների նման նա տարբեր վայրերում սեփական առանձնատներ չի կառուցելու և իր այցերը չի վերածելու «ստորադասներից» պատիվ ստանալու շքահանդեսի: Ճիշտ հակառակը, շրջելու է գյուղեգյուղ` հասարակ մարդկանց անձամբ հանդիպելով ու նրանց կարիքներն անձամբ տեսնել-լսելու մտայնությամբ:

Բհատարաին որոշել է դառնալ «իսկական ժողովրդական վարչապետ» և իր առաջին այցը ծրագրել է գալիք չորեքշաբթի` Կատմանդու մայրաքաղաքի մերձակա գյուղերից մեկը:

Գուցե նաև հարկադրական կամ ժողովրդասեր երևալու նպատակ է հետապնդում այս որոշումը: Երկրի ընդդիմությունն ակտիվորեն պահանջում է Բհատարաիի պաշտոնանկությունը, որովհետև նրա ղեկավարած կոալիցիոն կառավարությունը չի կատարել գլխավոր խոստումը: Այն է` պայմաններ նախապատրաստել` նոր Սահմանադրություն ընդունելու:

Բաբուրամը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. օգոստոսից: Դրանից առաջ նա ճանաչված էր որպես մաոիստ-գրոհայինների դաշտային հրամանատար: Հետագայում Նեպալի Միացյալ կոմկուսի փոխնախագահն է եղել, ապա` ֆինանսների նախարար:

Հիշեցնենք, որ Նեպալում բազմամյա քաղաքացիական պատերազմն ավարտվել է 2006 թ., երբ գրոհային-մաոիստները համաձայնել էին զենքը վայր դնել և մասնակցել քաղաքական գործընթացներին: