ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ


 

Երբ քրեակատարողական հիմնարկները ՆԳ նախարարության համակարգից տեղափոխեցին Արդարադատության նախարարության ենթակայություն, հայտարարեցին, թե այս նախարարությունը քաղաքացիական գերատեսչություն է, այստեղ բոլոր պայմանները ստեղծվելու են դատապարտյալների համար: Ինչ-որ բաներ, իհարկե, արվեցին: Սակայն, մեր թերթի ունեցած տեղեկություններով, ՔԿՀ պետերի հրահանգով դատապարտյալների դիմումները` ուղղված ՀՀ դատախազությանը` պատիժների վերանայման կամ էլ վաղաժամկետ ազատման մասին` ամիսներով պահվում և չեն հանձնվում ըստ պատկանելության: Հասկանալի է, որ այս ամենն արվում է ոչ պատահաբար. ասում են` գոյություն ունեն «ֆինանսական կարուսելներ», առանց որոնց անհնար է լուծել վաղաժամկետ ազատման հարցեր: Եվ պատասխանատուներն էլ, ձգձգելով դիմումների կամ բողոքների հանձնումը` այդպես «պատժում» են այն դատապարտյալներին, ովքեր կամենում են իրենց իրավունքներին տեր կանգնել առանց «մուծումների»: Հիմա նմանատիպ մի դիմում վերջապես հասել է դատախազություն` մի քանի ամիս ՔԿՀ կառույցներից մեկի պետի գզրոցում մնալուց հետո: Հանձնողն էլ եղել է պաշտպանը: Գուցե այս մի պատմությունը նախադեպ դառնա, որպեսզի կալանավայրերի պաշտոնյաները հրաժարվեն այս ճանապարհով փողեր աշխատելու իրենց «սովորությունից»: