Քլինթոնը մեղադրել է ՌԴ-ին
Դաշնակիցների զորքերը Սիրիա մտցնելու ծրագիրն այդպես էլ Ռուսաստանի ու Չինաստանի հավանությանը չարժանացան: Ավելին, պարզվել է, որ պաշտոնական Մոսկվան զենք է մատակարարում Սիրիային, որն օգտագործվում է բողոքի ելույթները ճնշելու համար: Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրապարակավ մեղադրել է Ռուսաստանին: Խոսքը վերաբերում է հատկապես ռազմական ուղղաթիռներին (հաղորդել է The WΖshington Post-ը):
Ընդ որում Քլինթոնն ընդգծել է, որ խոսքը հատկապես նոր մատակարարման մասին է, և այդ ուղղաթիռները հիմա «Սիրիա տանող ճանապարհին են»:
- Միացյալ Նահանգներն անհանգստություն է արտահայտում վերջին տեղեկատվության առնչությամբ, որը մենք ստացել ենք Ռուսաստանից Սիրիա ուղղված ռազմական ուղղաթիռների վերաբերյալ… Այդ մատակարարումը կհանգեցնի բախումների ծավալմանը,- պետքարտուղարի խոսքերը մեջբերել է Fox News-ը:
Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը հերքել է ՌԴ կառավարության այն հայտարարությունը, որ «մատակարարվող զենքը չի կարող օգտագործվել խաղաղ բնակչության դեմ».
- Ինչպես ասել է տիկին պետքարտուղարը, մենք արդեն երկար ամիսներ փորձել ենք Ռուսաստանին համոզել` խզելու իր ռազմական կապերը Սիրիայի կառավարության հետ: Ռուսները մինչ հիմա դա չեն արել: Դրա փոխարեն նրանք փորձում են մեզ համոզել, որ Սիրիա ուղարկվող զենքը չի կարող օգտագործվել քաղաքացիների դեմ: Բայց մենք ի՞նչ ենք տեսնում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է սիրիական կառավարությունը ռուսական ուղղաթիռներն օգտագործում` սեփական ժողովրդի դեմ գրոհելու համար:
Ռուսական կողմն, իհարկե, փորձելու է ապացուցել, որ գործածվող զենքը նախկինում վաճառվածն է: Բայց Քլինթոնն առանց հստակ փաստերի չէր կարող ընդգծել, որ իրեն անհանգստացնում է հատկապես «նոր մատակարարումը»: