ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Հեղինակությունը բարձրացնելու միջոց


 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անվան շուրջ սրացումները վերջին օրերին կարծես հասան իրենց գագաթնակետին: Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նա մի քանի անգամ պնդել է, թե իր ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման մասին ԱԱԾ-ի տեղեկատվությունն ու դրա հիման վրա քրեական գործի հարուցումն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է: «Ավանգարդն» այս պատմության վերաբերյալ պարզաբանումներ խնդրեց ԱԺ ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ:

- Այսօր կարծիքներ, նույնիսկ համոզմունքներ են հնչում, որ Վարդան Օսկանյանի ստեղծած «Սիվիլիթաս»-ում փողերի լվացման վերաբերյալ բացահայտումները պայմանավորված են նախկին արտգործնախարարի ընդդիմադիր կեցվածքով: Ինքը` Վարդան Օսկանյանն այս մասին հայտարարություններով արդեն մի քանի անգամ հանդես է եկել մամուլում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

- Խնդիրը քննարկվում է լիազոր մարմնի կողմից: Գնահատականները կլինեն, երբ լիազոր մարմինն այդ հարցի վերաբերյալ իր` ձևավորված ամբողջական մոտեցումները կներկայացնի հասարակությանը: Քաղաքական հետապնդման մասին պնդումներն այսօր մեր ներքաղաքական դաշտում դարձել է սեփական հեղինակությունը բարձրացնելու միջոց, «արվեստ»: Մարդիկ եթե օրենքներին հակասող որևէ գործողություն են կատարում, բնականաբար, համապատասխան մարմինները պետք է զբաղվեն դրանով: Իսկ ինչ վերաբերում է տարբեր առիթներով հնչող տեսակետներին, կարծում եմ` անմեղության կանխավարկած կա, և պետք է չշտապենք: Կոնկրետ ինձ համար ցանկալի կլինի, որպեսզի նման մոտեցումներ Օսկանյանի նկատմամբ չձևավորվեն, եթե, իհարկե, նա անմեղ է: Փակ չի մեր աշխարհը, և չեմ կարծում, թե հանիրավի որևէ լիազոր մարմին, իբր քաղաքական նպատակներով, կփորձեր ինչ-որ ճնշումներ գործադրել: Երբեք այդ` քաղաքական հետապնդում գաղափարը չի գործում մեզանում: Փորձում են կապել իշխանությունների հետ, կապել իշխանության հասցեին արվող քննադատությունների հետ:

- Կարծիքներ կան, որ Օսկանյանի հիմնադրամի հետ կապված այս աղմուկը պայմանավորված է առաջիկա նախագահական ընտրություններով. իբր` այդպիսով փորձ է արվում քաղաքական դաշտն ավելի վերահսկելի դարձնել:

- Ասեմ, որ «Հանրապետական» կուսակցությունը բազմիցս արտահայտվել է առաջիկա նախագահական ընտրություններին իր լիդերի` Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու մասին: Բայց դա երբեք չի ենթադրում, թե ուրիշները նախագահի թեկնածություն չեն առաջադրելու: Առավել ևս դաշտն այնպիսին է, որ նրանք, ովքեր կցանկանան, մենք երբեք առարկություններ չենք ունենա այլ թեկնածությունների առաջադրման հարցում: Այսինքն, ուզում եք, որ անհատին, ով կրակների, բոցերի, պայքարի միջով անցած` նորանկախ Հայաստանի ամենակարևորագույն անձերից մեկն է կամ անձն է, համեմատենք Օսկանյանի հետ և մտածենք` Օսկանյանը նախագահի այնպիսի թեկնածու կլինի, որ կխանգարի մեր գործընթացների՞ն: Ո´չ, բնավ այդպիսի բան չկա: Օրինակ, ես կանխազգում եմ, որ նախագահի երեքից հինգ թեկնածուներ կլինեն:

- Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին կարծեմ` խոսել է նաև «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

- Հնարավոր է, և դրան ես շատ դրական եմ վերաբերվում: Բայց Օսկանյանի պարագայում` կանխավ ուզում ենք ներկայացնել, թե իբր բավական դիրքերով նախագահի թեկնածու է: Իհարկե, բոլորն էլ կարող են թեկնածություն առաջադրել, և դա ես միայն դրական եմ համարում:

- Պարզապես ենթադրվում է, որ այսօր շրջանառվում է Օսկանյանի անունը, բայց իրականում նախագահի թեկնածու կարող է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանը:

- Ի´ր իրավունքն է: Այդտեղ որևէ սենսացիոն երևույթ չեմ տեսնում: Բոլորի իրավունքն է. ովքեր ցանկանում են նախագահի թեկնածություն առաջադրել, կարող են դա անել: Բայց մեկն է ընտրվելու:

- Շատ է խոսվում, գուցե նաև արդեն շահարկվում է, Քոչարյան-Սարգսյան հակասության մասին: Արդյո՞ք իրատեսական են շրջանառվող նման խոսակցությունները:

- Ես չեմ կարծում, թե նման հակասություններ կան: Տարիներ շարունակ ասում են: Եվ եթե նման մի բան լիներ, գոնե քաղաքական դաշտում դա կզգացվեր:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ