ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԳՅՈՒՂԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ


 

Մտավորականների մի խումբ օրերս հանդես եկավ հայտարարությամբ` «Փրկենք հայ գյուղը» կարգախոսով: Երևի, մեր օրերում հնչող այն նախաձեռնություն-կոչերից մեկը, որն արժանի է ամենայն հարգանքի և ուշադրության: Իսկապես, հայ գյուղի առջև այսօր ծառացած են լուրջ մարտահրավերներ: Մասնավորաբար սահմանամերձ ու հեռավոր գյուղերը հայտնվել են մոռացության ճիրաններում: Դրանցից շատերում լուծված չեն ամենասովորական սոցիալական խնդիրները: Հանգամանքներ, որոնք առիթ են տալիս արտագաղթի, գյուղի ֆիզիկական և բարոյական ոչնչացման:

Անտարակույս, նախաձեռնությունը ոգևորություն է առաջացնում, սակայն կարևորագույն խնդիրն այն է, որ հայտարարությունից օրեր անց` դեռևս չկան առաջին արձագանքները, դեռևս չկան այնպիսի հայտարարություններ, որոնք գոնե տպավորություն ձևավորեն, որ նախաձեռնությունը որևէ մեկին հետաքրքրել է, որևէ մեկին ստիպել է անհանգստանալ: Ավելին, այդ նախաձեռնությունը մնաց մամուլի ակումբներից մեկում և միայն արժանացավ լրագրողների ուշադրությանը: Ուրիշ ոչ մեկի:

Ճիշտ որ տխուր է և անհանդուրժելի: Օրեր առաջ Շիրակի մարզում մի խումբ ժողովրդագետներ և սոցիոլոգներ հետազոտություններ էին իրականացրել, որոնց արդյունքները ոչ միայն ցավալի, այլև ողբերգական են, որովհետև դատարկվում են երբեմնի ծաղկուն մարզի գյուղերը, դրանցից շատերում վերջին երկու-երեք տարում ծնունդներ չեն արձանագրվել: Գրեթե նույն վիճակն է տիրում Լոռու և Սյունիքի մարզերի մի շարք գյուղական համայնքներում: Վիճակը չի բարելավվում նաև Վայոց Ձորի մարզում, իսկ Գեղարքունիքում ընդամենը պահպանվում է միջին ֆոնը` այն է, ծնելիությունը չի գերազանցում մահացությունը:

Այս բոլոր տվյալները պիտի որ անհանգստություն ծնելուց զատ, նաև դառնան հանրային ու պետական քննարկումների նյութ, պիտի պարտադրեն վերջապես մշակել հայ գյուղի փրկության համազգային ծրագիր:

Մենք զրուցեցինք մի շարք ժողովրդագիրների, ազգագրագետների, գյուղական համայնքների ղեկավարների հետ:

Բոլորի մտահոգությունները համընկնում էին, բոլորը միաբերան նշում էին, որ տեղի է ունեցել ժողովրդագրական աղետ, հատկապես գյուղական բնակավայրերը կորցրել բնական աճի ցուցանիշները, արտագաղթը կազմում է երկրում արձանագրված արտագաղթի 53.8 տոկոսը: Այս տխուր ցուցանիշով մենք առաջ ենք անցել Այսրկովկասի մյուս պետություններից: Ոմանք Վրաստանի գյուղական բնակավայրերում արձանագրվող ժողովրդագրական դրական տվյալները և արտագաղթի նվազումը բացատրում են բնակլիմայական պայմաններով, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ առումով Շիրակի և Լոռու մարզերն ունեն համանման «երկվորյակներ» նաև Վրաստանում, սակայն այնտեղից արտագաղթ չկա: Ուրեմն, խնդիրը տարվող քաղաքականությունն է, գյուղին նվիրված օրենսդրական նախաձեռնությունները և ծրագրավորումները:

Մենք փորձեցինք Տարածքային կառավարման նախարարությունից ճշտել, թե ի՞նչ հիմնարար և համակողմանի ծրագրեր կան այստեղ` կապված գյուղի փրկությանը: Այն, ինչ մեզ ներկայացրեցին, հեռու էր ծրագիր լինելուց, հեռու էր քաղաքականություն կոչվելուց: Դրանք իրավիճակային լուծումներ պահանջող նախաձեռնություններ էին, որոնք, բնականաբար, չեն կարող էապես փոխել հայ գյուղի նկարագիրը, չեն կարող երկարատև և արդյունավետ լինել: Ուսումնասիրեցինք նաև ԱԺ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի 2007-2012 թթ. գործունեությունը: Իհարկե, այս հանձնաժողովը փոքր-ինչ ուշ է ձևավորվել, սակայն նրա գործունեության մեջ էլ չտեսանք որևէ կարևոր և հիմնավոր միտում: Ընդհակառակը, նկատելի էր խուսափողականությունը գյուղից և նրա խնդիրներից: Մեկ-երկու կիսատ-պռատ օրինագծերը չէին կարող ձևավորել այնպիսի օրենսդրական դաշտ, որը նպաստեր գյուղի բարգավաճումին: Ավելի ճիշտ` պահպանմանը:

Այս ամենը ստիպում է մեզ ոչ միայն միանալ հայ մտավորականների նախաձեռնությանը, այլև անհանգստության թմբուկ զարկել և բոլոր պատասխանատուներից պահանջել` անհապաղ հայացք հառել գյուղին, քայլեր ձեռնարկել նրա փրկության համար, քանզի հայ գյուղի կորուստը Հայաստանի կորուստն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ