Դասական մշակույթի մունետիկը


ՈՄԻՏԱՍԻ անվան կամերային երաժշտության տանը անցկացրած մայիսյան այդ երեկոն իր արտասովոր կախարդանքով հոգևոր երանության աննախադեպ զգացողություն ներ պարգևեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան ութսունութերորդ տարեդարձի երաժշտատոնի անխտիր բոլոր մասնակիցներին: Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ու նրան միացած Մաքսիմ Նովիկովի (ալտ) և Կրիստինա Անտոնյանի (ջութակ) կատարողական բարձր վարպետությամբ արդի հայ երաժշտության նահապետի յուրաքանչյուր ստեղծագործության մեկնաբանությունը հոգեհարազատությամբ ջերմացրեց հանդիսասրահի մթնոլորտը: Լուրջ արվեստի ամենազոր ներգործությամբ մի շունչ-մի հոգի դարձած բազմաշերտ հանրության լիարժեք փոխըմբռնմանը հասած երաժիշտ կատարողների հարաճուն խանդավառությամբ իսկական հրավառության վերածվեց ավանդական դարձած համերգը: Բեմահարթակի անկյունում ծվարած հետևելով երաժշտական գունապնակի ավարտուն կենդանացմանը` աննկատ տարվեցի երեկոյին առանձնակի հմայք հաղորդած տրիոյով: Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի արդեն ծանոթ կատարողական ինքնագրերի գրավչության նորահաստատմանը զուգընթաց կլանվեցի նրանց հետ համատեղ հանդես եկող մոսկվացի մեր հայրենակցի` ջութակահար Կարեն Շահգալդյանի յուրաոճ նվագի զուսպ արտահայտչականությամբ: Մինչ անձնական երկարաձգվող ծանոթությունս` քանիցս առիթ ունեցա համոզվելու, որ մայիսյան առաջին ոգևորությունս ինձ համար նորահայտ այս բազմաշնորհ ջութակահարով ամենևին էլ խաբուսիկ չէր: Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած նրա մենահամերգը խթանեց երիտասարդ ջութակահարի ուրույն նկարագրի հանրաճանաչման մտադրությանս իրականացումը: Եվ ծնվեց, ի վերջո, դասականության քուրայում թրծված մի արվեստագետի դիմանկար ևս: ՀԱՅԿԱԿԱՆ արմատներից ակամա հեռացել է, երբ երևանցի Արտեմ պապն ուղևորվել է Հյուսիսային Կովկաս` մոր նախնիների հայրենիքը` տեղի մշակույթը բարձրացնելու առաքելությամբ, ստանձնել Նալչիկի նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը: Ծնողները ամուսնացել են` ծանոթանալով Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում ուսանելիս: Նշանակումով, ապա, աշխատանքի են անցել Բրյանսկում: Երաժիշտների ընտանիքում վաղ է բացահայտվել երկու տղաների բնատուր շնորհը: Ժամանակի երաժշտարվեստի երևելիներից շատերի, այդ թվում և` Արամ Խաչատրյանի, մտերիմն է եղել վաղամեռիկ պապը, ով մանուկ Կարենի երաժշտական բացառիկ ունակությունների հետևողական զարգացման գլխավոր նախանձախնդիրն է եղել: Ըստ երևույթին, հենց նրանից է «ժառանգել» ջութակի պաշտամունքը: Հինգ տարեկանից հաճախելով Բրյանսկի երաժշտական դպրոց` երկրորդ դասարանից ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան կենտրոնական միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց: Մեկ տարի անց մանկահասակ ջութակահարը գրավել է կոնսերվատորիայի հանրության ուշադրությունը: 7-8 ուսուցիչներ են հերթափոխել միմյանց, մինչ փայլուն հանձնելով ընդունելության քննությունները, գտել է իր անփոխարինելի կուռքին` հանրահռչակ ջութակահար, պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովին: Վարպետության նրբին գաղտնիքների խորունկ յուրացմամբ արժանացել է հեղինակավոր հիմնադրամների կրթաթոշակների` Յուրի Յանկելևիչի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Դավիթ Օյստրախի: Վլադիմիր Սպիվակովի երկօրյա վարպետության դասընթացներում աչքի ընկնելով կատարողական հմտություններով` III կուրսից ընդգրկվել է նրա գլխավորած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի կազմում, որի հետ 1998-ին առաջին անգամ ոտք է դրել հայկական հողին: Արտերկրում առաջին այդ հյուրախաղերի աներևակայելի ջերմ տպավորությունները` պատշաճ ընդունելությունը պետական բարձր մակարդակով, լեփլեցուն դահլիճները, բուռն ծափահարությունները գունեղ հանդիսության շուք են հաղորդել Կարեն Շահգալդյանի ծանոթությանը Հայաստանի հետ. «Դա նման էր Լուսնի վրա գտնվելուց հետո Երկիր վերադառնալուն»: Երևանին սիրահարված վերադարձել է ծննդավայր` այդուհետ նվագախմբի հետ մոտ 2 տարին մեկ անգամ այցելելով Հայաստան: Մասնակցելով նաև նշանավոր ջութակահարներ Մենուհինի, Ժիսլինի, Չուգաևայի վարպետության դասընթացներին` 1999-ին հաջողությամբ դիմագրավել է միջազգային առաջին լուրջ փորձությանը` դառնալով Պաբլո Սարասատեի անվան իսպանական մրցույթի դափնեկիր: Կոնսերվատորիայի ասպիրանտուրայում շարունակելով ուսումը ջութակի ռուսական դպրոցի ցայտուն ներկայացուցիչ պրոֆեսոր Մայա Գլեզարովայի արվեստանոցում` ընդլայնել է համերգային գործունեության շրջանակները: Վաղ հասակից զգալով բեմը, հանդիսատեսին` ոչ միայն հրապարակային ելույթների պատկառելի փորձ է կուտակել, այլև դրանց հետահայաց վերլուծությամբ հմտացել` կոփելով հետագա ստեղծագործական փոքր ու մեծ խութերի հաղթահարման կամքն ու եռանդը: Հիմա, երբ անկախական թոհուբոհում անարդարա ցիորեն նսեմացված հետաքրքրությունը դասական երաժշտության, առհասարակ արվեստի նկատմամբ ՌԴ-ում վերազարթնում է, քանզի խոշոր գործարարները գործնականում ըմբռնել են դրա մնայուն արժեքը (ասենք, նույն օրը կարող է հարյուր համերգ տեղի ունենալ տարբեր լեցուն համերգասրահներում` ամեն ճաշակի ունկնդրին բարձր պրոֆեսիոնալիզմով գոհացնող), երիտասարդ երաժիշտի լավատեսության հիմքերն էլ են ամրապնդվել: Իր կյանքի լավագույն կեսին` ինտերյերի դիզայներ Դիանային, երջանիկ պատահականությամբ գտավ Մոսկվայի կոնսերվատորիայի սրճարանում և, մոր մտերմացնող անմիջականությամբ, մեկ շաբաթից ամուսնության առաջարկ արեց: Մոսկվան երջանկացրեց Կարեն Շահգալդյանին հնարավոր բոլոր առումներով: Բայց առանց Հայաստանի ապրելն անհնար դարձավ: Հատկապես 2003-2004 թթ. 7 մենահամերգներից հետո Երևանում, Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, երբ համատեղ գործունեության առաջարկն ընդունեց «Սերենադ» կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, հրաշալի թավջութակահար Կարեն Քոչարյանի` ընդգրկելով «Արամ Խաչատրյան» տրիոյի կազմում, որի հիմնադիր երաժիշտներից էր նորահայտ բարեկամը: ԻՆՔՆԱԿԱՄ երկքաղաքացիություն ձեռք բերելով` տաղանդաշատ ջութակահարը սկսեց հավասարաչափ ակտիվությամբ իր փորձառությունն ու նվիրումը ծառայեցնել և° ռուսական, և° հայկական երաժշտարվեստի դասական ծաղկունքին: Արմինե Գրիգորյանի և Կարեն Քոչարյանի հետ հաստատված համակողմանի հոգեհարազատությամբ արդեն 3 տարի է, ինչ «Արամ Խաչատրյան» տրիոյի կազմում ոչ միայն համերգներով հանդես է գալիս ՀՀ մարզերում և Արցախում, այլև պարբերաբար վարպետության դասընթացներ է անցկացնում ամենատարբեր երաժշտակրթարաններում, որոնց վիճակի գոհացուցիչ բարելավմանը այս կամավորականները հուսով են հասնել պետության աջակցությամբ: Նրա համար աներևակայելի է, որ թավջութակահար Արամ Խաչատրյանի հայրենիքում այդ գործիքը շուտով թանգարանային նմուշի արժեք կարող է ստանալ: Տրիոն չի հապաղում իր հնարավորությունների սահմաններում նպաստել կուտակված խնդիրների հաղթահարմանը, բայց, ցավոք, ընդարձակ չեն դրանց նյութական խթանները: Տրիոյի լայնամասշտաբ ծրագրերի իրականացմանը եթե վերջին տարիների մեկենասից (ի դեպ, գովազդվել չկամեցող) բացի նույն բարձր գիտակցականությամբ միանային տեղի գործարարներից ոմանք, ՀՀ մարզերում անհամեմատ արագ կարելի կլիներ մշակութային կայուն վերընձյուղման հասնել: Ինչ-ինչ դրական ընդհանուր տեղաշարժ նկատելով լուրջ երաժշտության նկատմամբ հետաքրքրության վերարթնացման` նրանք, լավատեսությամբ զինված, շարունակում են նոր մտահղացումների իրականացման ուղիներ հարթել: Մտադիր են աշնանը 3 համերգներով և առաջին ձայներիզի շնորհանդեսով տոնել տրիոյի 10-ամյա հոբելյանը: Ինքը` Կարեն Շահգալդյանը, երազում է առավել ընդգրկուն դարձնել նախաձեռնած փառատոնը, որ ավանդականի հայտ է ներկայացնում 3 տարի անընդմեջ անցկացվելով: Եվ որպեսզի նրա խորագիրը նոր իմաստով հագենա` ի նպաստ արվեստի տարատեսակներով (կերպարվեստ, թատրոն…) գունեղանալու, իմ կողմից լրացնում եմ չակերտներում արտահայտվածը` Կարեն Շահգալդյանը հրավիրում է բարձր պրոֆեսիոնալիզմի ջատագով բոլոր հայրենակիցներին իր շուրջը խմբված նվիրյալների շարքերը համալրել` հանուն վաղվա մշակութային զարթոնքի, համազգային հոգևոր-բարոյական լիարժեքության:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ