Հա որ..


ՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամը շատերի համար դժվարությունների, ոմանց պարագայում էլ` անազնիվ ճանապարհներով գումարներ կուտակելու, կուտակածը բազմապատկելու հարմար ժամանակ է: Եվ իրոք, նախքան վիճակագրությանը ծանոթանալն էլ (դատելով ամենատարբեր մեծ ու փոքր կազմակերպությունների ներկայացուցիչների ահագնացող տրտունջներից) պարզ էր, որ վնաս հայտարարագրող տնտեսվարողների թիվն աճելու է: Իսկ թվերն առավել քան խոսուն են. մեր փոքր հանրապետությունում շուրջ 700 կազմակերպություն իր հայտարարագրում առանց եկամուտների աշխատելու փաստ է արձանագրել: Եթե հաշվի առնենք, որ նման իրավիճակում վերջիններս մեծամասամբ ազատվել են հարկային պարտավորություններից, ուրեմն այս մարդիկ կամ գոնե նրանց մի մասը ճգնաժամից օգտվելու եղանակներ արդեն գտել է… Իր հերթին ֆինանսատնտեսական դժվարությունների հաստատագրումը կարելի է համարել միայն այն, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում վնաս հայտարարագրած տնտեսվարողների թիվը 290-ով ավելացել է: Այս պարագայում իհարկե կարելի է մտածել, թե, ասենք, շրջանառության անկումն է նման տխուր պատկեր արձանագրել և խոսքն առավելապես փոքր կրպակների ու նույնատիպ սպասարկման կետերի մասին է: Միգուցե վնաս հայտարարագրած և փաստորեն պետբյուջեի հանդեպ նախորդ տարվա կտրվածքով ակամայից վնասարարի կարգավիճակը ձեռք բերած տնտեսվարողների անծայր շարանում իսկապե՞ս կան նաև ճգնաժամից տուժածներ: Բայց պարզվում է, որ քիչ չեն նման հայտարարագրեր ներկայացրած բանկերը նույնպես: Ի դեպ, արդեն վնասներ է հայտարարագրել բջջային կապի մի օպերատոր ևս, որը դեռ ծառայություններ չի մատուցում և, որ առավել զարմանալի է, վնաս է հայտարարագրել նաև ֆինանսական գերհսկա ներկայացող «ՀայՌուսգազարդը»: Պարզվում է` այն տարիներին, երբ հանրապետությունում գազ ընդհանրապես չկար, այս կառույցը «Հայգազարդ» անունով մի իրավանախորդ է ունեցել, ու վերջինիս աննկատ գործունեության հետևանքով կուտակված պարտքերի իներցիայով այստեղ ամեն տարի վնաս է ձևակերպվում` օգտվելով դրանից բխող իրեն ցանկալի հետևանքներից: ՀԵՏԱՔՐՔԻՐ իրավիճակ է ստեղծվել նաև Պետեկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում: Այստեղ արդեն քանի օր` ՀԴՄ չշահած կտրոններով պարգևավճարներ ստացողների հսկայական հերթեր են գոյացել, իսկ կառույցի աշխատակիցներն էլ խոստովանել են, թե ևս մի քանի օր հերթերի պահպանման դեպքում այս հաստատութ յան բնականոն գործունեությունը կատարալապես կխաթարվի: Ամենուր կտրոններ ստուգելու և հաշվելու գործին են լծվել հարկայինների 4-5-ական աշխատակից: Իսկ նախքան պարգևավճարների բաշխումը հնչող հավաստիացում ները, թե քաղաքացիների սպասարկումը մեկ-երկու րոպե է տևելու, փաստորեն սխալ հաշվարկի արդյունք է: Երբեմն պատահում է նաև այնպես, որ դրանց զննում-դասդասումը գերազանցում է անգամ մեկ ժամը: Ու եթե նույնիսկ մեկ-երկու շաբաթ հետո կտրոնային խուճապը նահանջի, և անհամբերների հերթերը տեղի տան, միևնույն է, հարկային տեսչություն այցելող քաղաքացին հանուն պարգևավճարի հենց այնպես կորսվելիք առնվազն մեկ ժամ պետք է աչքի առաջ ունենա: ՀԵՏԱՔՐՔԻՐ «հիվանդություն» է քաղաքականությունը: Դժվարն, ինչպես ասում են, դրանով տարվելն է… և վերջ էլ չի լինի: Մենք էլ լավ գիտենք, որ հայրենի կուսակցութ յունների մեծ մասը միայն թղթի վրա գոյություն ունեն: Թեպետ դեռ հարց է, թե ինչ կստացվեր, եթե բոլորն էլ մի քանի հայտնի քաղուժերի նման ակտիվ ու գործունյա լինեին: Լռակյաց և համեստ կուսակցությունները, սակայն, երբեմն խախտում են լռության ինքնաերդումը, և այս շրջանը, երբ իշխանական ու ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերն ամառային հանգստի են տրվել, մոռացվող քաղուժերն ավելի հաճախ են սկսել իրենք իրենց գոյության մասին հիշեցնել: Նման մի փորձ օրերս «Միջկուսակցական խորհրդակցություններ» անհասկանալի ու ոչ լրիվ անվանմամբ քաղաքական ուժերի խումբը ձեռնարկեց: Առիթը, ինչպես հետո պարզվեց, միավորման առաջին տարեդարձն էր: Մնում է ենթադրել, որ այս ձևաչափի հնգամյա, տասնամյա տարեդարձերն էլ նույն ոգևորությամբ ու անելիքների բուռն քննարկումներով կուղեկցվեն: