Ոչ կանցլերական «թուլություն»


 

Թվում է` ղեկավարներին ու մանավանդ` միջազգային քաղաքական կլիման ձևավորող առաջնորդներից մեկին անկեղծացնելու մասին մտածել իսկ չարժե: Բայց ահա Անգելա Մերկելը բավական անկեղծ է պատասխանել գերմանացի նշանավոր անձանց հարցերին:

Թենիսիստ Բորիս Բեքքերի` ո՞ւմ հետ նա կուզենար ընթրել հարցին ի պատասխան, կանցլերուհին ասել է.

- Երեկույթներ ես չեմ կազմակերպել, բայց մի օր հաճույքով ընթրիքի կհրավիրեի Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վինսենթե դել Բոսկեին:

Ոչ լրագրողական այդ հարցազրույցում հնչել են գերմանական սպորտի, հեռուստատեսության և արիստոկրատական վերնախավի 37 ներկայացուցիչների հարցերը (գրել է ՌԻԱ «Նովոստի»-ն):

Գերմանուհի «երկաթե լեդին» պարզվում է` ամենից շատ վախենում է ամպրոպից: Ավելի ստույգ` սարսափում է «Ամպրոպի ժամանակ առանց ծածկի լինելուց»:

- Ո՞րն է եղել ամենամեծ անձնական զոհաբերությունը` կանցլերական պաշտոնում` հանուն ժողովրդի,- հարցրել է ֆուտբոլի հավաքականի կապիտան Ֆիլիպ Լամը:

- Ես պետք է հրաժարվեմ ծպտված ձևով խանութներ հաճախելուց,- առանց ավելորդ գեղեցկախոսության անկեղծացել է Մերկելը:

Պետպաշտոնյան մինչ օրս չի մոռացել իր դեռահաս տարիների «ամենամեծ զանցանքը». Արևմտյան Գերմանիայից ուղարկված նոր մարզահագուստով մտել է ծառի խեժոտ փչակը: Իսկ սպորտով չի զբաղվել` անբավարար ունակությունների պատճառով:

Այո, հետաքրքիր է ղեկավարներին նաև շարքային մարդու կերպարով ճանաչել: Չէ՞ որ նրանք էլ հասցնում են ժամանակ գտնել` պաշտոնի բեռից գոնե մերթընդմերթ թեթևանալու: