Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ
ՊԻԵՍ
(Սկիզբը նախորդ համարում)
ՍԵՆԻԿ _ Իսկ գուցե մեզ այստեղ իսկապե՞ս վայելքներ են սպասում:
ՇՈՂԵՐ _ Բայց ինչո՞ւ ոչ ոք չի գալիս, ոչինչ չի ասում:
ՏԻԳՐԱՆ _ Հավանաբար որոշում են, թե մեզ ուր ուղարկեն: Մեր մեղքերն են կշռում:
ՇՈՂԵՐ _ Իսկ եթե սա հենց ողջ հանդերձյալ աշխա՞րհն է: Գուցե այստեղ ուրիշ ոչինչ չկա՞:
ՏԻԳՐԱՆ _ Բայց գիտե՞ք, ես ինձ դեռևս ամբողջովին նյութական եմ զգում: Կարծես ոչ թե ոգի լինեմ, այլ մարմին:
ՍԵԴԱ _ Իսկապես: Մենք ինչո՞ւ ենք մնացել այսպես նյութական:
ՍԵՆԻԿ _ Տարօրինակ ոչինչ չկա: Բնական է, որ այսպես է: Ասում են` այնտեղ` երկրի վրա էլ, երբ որևէ մեկին անդամահատում են, նա, միևնույն է, իրեն ամբողջական է զգում: Չի զգում, որ իր մի մասը չկա: Նա իրեն տեսնում է ամբողջական նաև երազների մեջ: Ահա այդպես էլ մենք ենք մեր մարմինը զգում:
ՇՈՂԵՐ _ (Սենիկին ձեռք տալով) Այդ դեպքում ինչպե՞ս եմ ես քեզ շոշափում:
ՍԵՆԻԿ _ Իսկ գուցե չե՞ս շոշափում. քեզ թվում է, թե շոշափում ես:
ՇՈՂԵՐ _ (Վրդովված) Դու, ինչ է, կարծում ես, թե ես իսկապես խելա՞ռ եմ:
Բեմը դարձյալ պատվում է խորհրդավոր, գունավոր մշուշով: Բոլորը լռում են: Կրկին հնչում է երաժշտություն: Հանկարծ պատի մեջ բացվում է դուռ: Դռան շեմին` մշուշի մեջ, երևում է ոգի հիշեցնող ինչ-որ լուսե էակ: Նրան տեսնելով` բոլորը մի պահ քարանում են: Լուսե էակը խոսում է կանացի քնքուշ ձայնով:
ԼՈԻՍԵ ԷԱԿ - Դու ինչո՞ւ ես այդպես տխուր: Այստեղ` այս պարտեզում, քեզ վայելքներ են սպասում: Մի´ վախեցիր: Ե´կ: Մոռացիր անցյալը: Քոնն են հիմա դրախտի փերիները: (Բոլորը հարցական նայում են իրար):
ՏԻԳՐԱՆ _ Նա կարծես քեզ է դիմում, Սե´ն:
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Ո˜չ… Ես դիմում եմ քեզ: Դե´, մի´ հապաղիր: Ի՞նչ ես կամենում, ասա´:
ՏԻԳՐԱՆ _ (Կարկամած) Ես… Ես…
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Ասա` ինչ որ ցանկանում է սիրտդ:
ՏԻԳՐԱՆ_ Վայելքների համար ես սիրտ հիմա չունեմ… Ցանկանում եմ մի բան միայն` թեկուզ մեկ օր թող հետ գնամ:
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ (Զարմացած) Հետ գնաս երկի՞ր… Հապա ինձ նայիր… Տես` ինչ լավիկն եմ… (Տիգրանն ու Սենիկը մի պահ անթարթ նայում են նրան):
ՍԵԴԱ _ (Այս իրավիճակից հանկարծ սթափվում է, դիմում Տիգրանին ու Սենիկին): Ի՞նչ եք աչքներդ չորս արել, է´յ:
ՇՈՂԵՐ _ Ճիշտ են ասում, էլի. ամեն տղամարդու մեջ էլ դավաճան կա նստած:
ՍԵԴԱ _ Դե պարզ է. մենք հողեղեն ենք, երկրային: Տեղնուտեղը կարելի է մեզ մոռանալ, դավաճանել, վազել փերիների մոտ:
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Հը՞, ի՞նչ կասես, երկրային այր: (Տիգրանը, իրենից անկախ, կարծես կախարդված, երկու-երեք քայլ առաջ է գնում: Շողերը կանգնում է նրա դիմաց):
ՇՈՂԵՐ _ Ուրեմն այդպես… Դեռ այստեղ չեկած…
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Մի´ խանգարիր նրան:
ՍԵԴԱ _ (Լուսե էակի կողմը նայելով) Է´, չհասկացա: Այսպես օր-ցերեկով ձեռքներիցս տղամա՞րդ ես տանում:
ՇՈՂԵՐ _ (Տիգրանին բռնելով) Չե´մ թողնի: Նա իմն է: Ի՞նչ է, այդտեղ չկա՞ն: Աչքներդ մերո՞նց վրա է:
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Բա´ց թող նրան:
ՇՈՂԵՐ _ (Իրեն կորցրած) Ձայնդ կտրի´ր, քա…
ՏԻԳՐԱՆ _ (Ձեռքով Շողերի բերանը փակում է): Այդ ի՞նչ ես խոսում: Սա երկնային արքայությունն է:
ՍԵՆԻԿ _ Գուցե և` դրախտը:
ՍԵԴԱ _ Եվ սա էլ երկնային բարոյականությո՞ւնն է… Լսի´ր, սիրուն աղջիկ, ձեզ մոտ ինձ համար մի կրքոտ տղամարդ չկա՞: (Իրենից անկախ` ծիծաղում է):
ՇՈՂԵՐ _ Իսկապես: Այդ ինչպե՞ս է, որ տղամարդկանց, իբրև հատուցում, (հեգնանքով) իրենց բազում-բազում արժանիքների համար փերիներ են խոստանում, իսկ մեզ…
ՍԵԴԱ _ Եվ սա էլ կոչվում է երկնային արդարություն:
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Նրանց մի´ լսիր, արի´:
ՇՈՂԵՐ _ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ շնություն:
ՏԻԳՐԱՆ _ Ի՞նչ եք խառնվել իրար: Ասացի, որ չեմ գնում: (Լուսե էակին) Ով, երկնային գեղեցկուհի, հավատա ինձ. իմ սիրտը միայն մի խնդրանք ունի. ուզում եմ հետ գնալ թեկուզ մեկ օրով:
ԼՈԻՍԵ ԷԱԿ _ Անհնարին բան ես ուզում: Լա´վ մտածիր, երկրային այր:
Պատրանքը ցրվում, դուռը փակվում է:
ՍԵՆԻԿ _ Գնաց… Անհետացավ…
ՏԻԳՐԱՆ _ Ափսո˜ս…
ՍԵՆԻԿ _ (Տիգրանին) Որքան հասկացա, քո տեղը դրախտում երաշխավորված է:
ՇՈՂԵՐ _ (Նույնպես` Տիգրանին) Իսկ ես չհասկացա. այսինքն` առանց դատ ու դատարանի` քեզ դրա՞խտ էին տանում:
ՍԵԴԱ _ Ինչպես երևում է, այստեղ էլ ինչ-որ բան այնպես չէ:
ՍԵՆԻԿ _ Առանց դատաստանի եթե դրախտ են տանում, կարող են նաև դժոխք գցել, չէ՞:
ՇՈՂԵՐ _ (Սենիկին) Դո՞ւ ինչու վախեցար…
ՏԻԳՐԱՆ _ Է˜, մարդի´կ, մարդի´կ: Դեռ ո´չ այս, ո´չ այն, արդեն նախանձում եք: Այստեղ էլ եք նախանձում: Երևի թե նախանձը մարդկային էությունից անբաժան է:
Դուռը կրկին բացվում և դանդաղ ներս է հրվում մի սեղան` բարիքներով լի: Մի պահ տիրում է լռություն: Դուռը փակվում է: Լսվում է երկնային ինչ-որ արարածի ձայն:
ՁԱՅՆ _ Մոտեցե´ք, ով տառապյալներ, վայելե´ք երկնային բարիքները: (Բոլորը մոտենում են, անձայն նայում, թե ինչ կա սեղանին):
ՍԵԴԱ_ Ես աչքերիս չեմ հավատում: Մի՞թե իսկապես դրախտում ենք: Իսկ ահեղ դատաստա՞նը…
ՇՈՂԵՐ _ Երևի ոչ մի դատաստան էլ չկա:
ՍԵՆԻԿ _ Ի՞նչ եք անմիտ-անմիտ խոսում: Պիտի սովա՞ծ պահեին, ինչ է:
ՏԻԳՐԱՆ _ Կարող էին սոված չպահել, բայց նաև այսպիսի պատվի չարժանացնել:
ՍԵՆԻԿ _ Իսկ ի՞նչ տային: Խաշած ձավա՞ր: Պատկերացնո՞ւմ եք. Տերը իր դռանն սպասող հանգուցյալներին խաշած ձավար է հյուրասիրում:
ՏԻԳՐԱՆ _ Բայց գուցե մենք դրա՞ն ենք արժանի: Չէ՞ որ դեռ չի եղել դատաստանը:
ՍԵՆԻԿ _ Իսկ գուցե արժանի ենք ավելիի՞ն. չէ՞ որ դեռ չի եղել դատաստանը… (Կրկին լսվում է երկնային էակի ձայնը):
ՁԱՅՆ _ Ո˜վ երկնավորներ, բարիքները ձեզ են սպասում:
ՍԵԴԱ _ (Վերցնում է ինչ-որ պտուղ, հոտ քաշում): Օ˜… Բույրը իսկապես անմահական է:
ՇՈՂԵՐ _ Միայն այս ամենի բույր ու տեսքով կարելի է արդեն հագենալ: (Նա նույնպես ինչ-որ բան է վերցնում):
ՍԵԴԱ _ (Վերցրած պտուղից կծում է): Եվ այսուհանդերձ սիրտս տխուր է: Ես վախենում եմ` այս անմահական պտուղը մնա կոկորդիս… (Մի պահ լռում է, ապա խոսում` նայելով վերև): Ախր ես այնտեղ` ներքևում, հարազատներ ունեմ` թոռնիկ, աղջիկ, մայր... Ո՞վ գիտի, գուցե և քաղցած են նրանք, չունեն ոչինչ: (Հանկարծ փղձկում է, պտուղը դնում սեղանին):
ՇՈՂԵՐ _ Իսկապես, տեսնես ի՞նչ են հիմա անում այնտեղ մեր հարազատները: Գուցե քաղցած են, հաց տվող չկա… Ծարավ են` ջուր տվող չկա…
ՏԻԳՐԱՆ _ Գուցե լացում են մեզ համար…
ՍԵՆԻԿ _ Մեզ կարոտում են…
ՍԵԴԱ _ Ուզում են մեզ հետ իրենց չոր հացը կիսել…
ՇՈՂԵՐ _ (Նայում է վերև): Չէ´, Տեր, իմ կոկորդով հիմա ավելի հեշտ կուլ կգնա այդ մի կտոր հացը:
ՍԵԴԱ _ Իսկ այս անմահական պտուղն իմ արցունքից դառնացավ, ու այդ դառնությունը ինձ խեղդում է… Ես անարցունք հաց եմ ուզում: Թեկուզ և` մի կտոր, թեկուզ և` չոր…
Ամեն մեկը մոտենում է իր մահճակալին: Կրկին տիրում է լռություն: Սեղանը նույն ձևով հետ է տարվում: Դուռը փակվում է:
Պատի այն կողմից լսվում է զվարթ ծիծաղի ձայն:
ՍԵՆԻԿ _ Իսկ այն կողմում երևի դրախտն է:
ՇՈՂԵՐ _ Եվ այստեղ էլ, ուրեմն, կարելի է ուրախանալ: (Բոլորը ակամայից ծիծաղում են): Հա´: Ինչո՞ւ եք ծիծաղում: (Սկսում է ծիծաղել նաև ինքը: Քիչ հետո կրկին տիրում է լռություն):
ՏԻԳՐԱՆ _ Գիտե՞ք` ինչ անցավ մտքովս: Գուցե դեռևս ուշ չէ՞ վերադառնալ: Գուցե մենք դեռևս կլինիկական մահ ենք ապրում ու դեռ կարող ենք հետ գնալ, միանալ մեր մարմիններին: Այդ մասին ես կարդացել եմ: Այդպես պատահում է: Նույնիսկ լինում է, որ հոգին տեսնում է, թե ինչպես են վիրահատում իր մարմինը: Տեսնում է իր համար լացող հարազատներին: Ի դեպ` մեզ ի՞նչ եղավ, որ մեռանք: Հիշո՞ւմ եք:
ՍԵՆԻԿ _ Ոչինչ էլ չեղավ: Բժիշկը սրսկեց, ասաց` քնեք: Մենք էլ քնեցինք:
ՍԵԴԱ _ Քնեցինք ու արթնացանք այստեղ:
ՇՈՂԵՐ _ Ոչ թե արթնացանք, այլ հայտնվեցինք:
ՍԵՆԻԿ _ Ինձ թվում է, որ մենք նույնպես բժշկության հերթական զոհն ենք: Ո՞վ գիտի` ինչ են սրսկել, ինչ դեղ են փորձել:
ՏԻԳՐԱՆ _ Կամ էլ` դեղերն են շփոթել:
ՍԵԴԱ _ (Փոքր-ինչ հեգնանքով) Դոզան շա˜տ են արել…
ՇՈՂԵՐ _ Ու նրանց սխալից ահա… Կյանքը իրոք որ կախված է թելից, ու թելն այդ կարող է կտրվել ամեն ակնթարթ, ամեն մի չնչին պատճառով:
ՏԻԳՐԱՆ _ Ի՞նչ կասեք. գուցե իսկապե՞ս փորձենք հետ գնալ: Գուցե պատի այն կողմում բժիշկներն իրոք ջանում են մեզ փրկե՞լ:
ՍԵՆԻԿ _ Ինչպե՞ս փորձենք: Ի՞նչ անենք: (Մի պահ մտածում են):
ՏԻԳՐԱՆ _ Եկեք հատակը (ոտքով խփում է) կամ պատը քանդենք: (Մոտենում է պատին, նախ խփում ձեռքով, ապա` ոտքով: Մյուսները նույնպես մոտենում են): Դե, միասին փորձենք: (Փորձում են միաժամանակ` ջանալով քանդել հրելով, խփելով, այն ամենով, ինչով հնարավոր է, բայց ոչինչ չի հաջողվում: Հուսալքված նստում են):
ՍԵՆԻԿ _ Անօգուտ է: Չի հաջողվի: Արդեն ուշ է: Արդեն… ուշ է…
ՍԵԴԱ _ Այո´, ամեն ինչ պետք է անել ժամանակին, թե չէ… Անդառնալի է ժամանակը: Նա հետ չի դառնում նույնիսկ մի վայրկյան:
ՏԻԳՐԱՆ _ Ես մի ծանոթ ունեի, որը կյանքում արել էր շատ բան: Շատ բան երևի թե հասցրել էր, բայց չէր արել մի փոքր գործ. աշնանը չէր թաղել այգու մի վազ: Եվ, ահա, մահանալուց առաջ, ոչ ավել, ոչ պակաս, ցավում էր չթաղած այդ վազի համար: Ու գիտե՞ք` ինչ ասաց իր վերջին շնչում: «Այգու վերջում մի վազը մնաց անթաղ: Ափսոս է, կթաղեք»: (Կրկին մի քանի վայրկյան տիրում է լռություն):
ՍԵՆԻԿ _ Աշխարհում ինչ էլ անես, մեկ է, ինչ-որ բան կմնա անավարտ, ինչ-որ բան չես հասցնի, ու սիրտդ կցավի:
ՇՈՂԵՐ _ Դե, գոնե այդ ինչ-որ բանը լինի այնքան չնչին, որ գեթ այստեղ սիրտ չտանջի: Թե չէ, տեսնո՞ւմ եք, այստեղ ենք փորձում գլխով պատ քանդել: Գլխով պատ քանդել… չթաղած մի վազ թաղելու համար:
ՏԻԳՐԱՆ _ Չթաղած մի վա՞զ: Ո՞ւր էր, թե լիներ ընդամենը մի վազ…
Նստած տեղներից բոլորը վեր են կենում: Չգիտեն ինչ անել, ո´ր կողմ գնալ: Ամեն մեկը դանդաղ մոտենում է իր մահճակալին:
ՍԵԴԱ _ Դու ինչո՞ւ ես ուզում հետ գնալ, Տիգրա´ն: Թեկուզ և` մեկ օր:
ՏԻԳՐԱՆ _ Մորս տան տանիքն եմ ուզում նորոգել: Կաթում է: Իսկ հիմա արդեն անձրևի ամեն մի կաթիլ իմ սրտի վրա կկաթի: Ամեն օր հետաձգում էի և ահա…
Թեկուզ մի օր թող լինի: Մի անգամ գրկեմ սիրածս կնոջը, ասեմ այն խոսքերը, որոնք չասացի… Չասացի, որ իրեն սիրում եմ: Եվ հիմա չասված այդ խոսքերը խեղդում են կոկորդս, դուրս գալ են ուզում: