ՀՀ ԱԺ. ՄԵԿՆԱՐԿ


ԵՐԵԿ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ խորհրդարանը սկսեց չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի աշխատանքը: Ի թիվս այս հարցերի, քննարկվեց նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Բարեբախտաբար գտնվեցին պատգամավորներ` Հովհաննես Մարգարյանը, Գալուստ Սահակյանը, Լարիսա Ալավերդյանը, Հերմինե Նաղդալյանը, Սուքիաս Ավետիսյանը, ովքեր անընդունելի համարեցին աղբահանության դիմաց նախատեսված վճարի դրույքաչափերը: Նրանք անընդունելի համարեցին բնակչության սոցիալական բեռի չհիմնավորված ավելացումը: Համընդհանուր հետաքրքրություն էր ներկայացնում նաև «Ժառանգություն» խմբակցության առաջարկած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը, որը քննարկման կդրվի օրենսդիրի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայում: Ինչպես այսօրվա նիստում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրինագիծն Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի ստացել, սակայն ընդդիմությունը, օգտվելով իրեն վերապահված լիազորություններից, հարցը համարել է արտահերթ և ընդգրկել ԱԺ երկրորդ քառօրյայում: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ ճանաչման օրինագիծն ի վերջո դրական եզրակացության կարժանանա պատգամավորների կողմից: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Արցախի անկախության ճանաչումը, որը դե ֆակտո արդեն արել ենք, պետք է լինի Հայաստանի և ԼՂՀ-ի համատեղ որոշմամբ, ինչն այսօր գոյություն չունի: - Եթե այդ որոշումը լիներ, ապա ՀՀ նախագահն արդեն դե յուրե կճանաչեր ԼՂՀ անկախությունը, իսկ եթե այսօր նախագահը դա չի անում, ապա բնական է, որ Աժ-ի մեծամասնությունն այս օրինագծին դեմ է լինելու: - ասել է Ա. Ռուստամյանը: