ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ


Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների մի նոր խթան առաջացավ, երբ Ադրբեջանն ընդհատեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64_րդ նստարջանում իր ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի քննարկումները: Տեղի ունեցածն ինքնին չի կարելի հայկական դիվանագիտության հաղթանակ որակել այն պարզ պատճառով, որ սեպտեմբերի 9-ին կատարվեց այն, ինչը անխուսափելի էր դարձել մեր տարածաշրջանում` վերջին երկու տարիներին հետևողականորեն ընթացող աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո: Ձևական առումով, հենց այդ փաստաթղթի 9-րդ և 10-րդ կետերն են նախատեսում, որ բանաձևը պետք է ընդգրկվեր ՄԱԿ-ի աշնանային` 65-րդ նստաշրջանի նախնական օրակարգում: Հենց ադրբեջանցիներն էին նախապես խնդրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ու ստորաբաժանումներին` «բանաձևի իրականացման վերաբերյալ համապարփակ զեկույցը» ներկայացնել «կախված հանգամանքներից»: ԵՎ հենց այս հանգամանքներն են, որ բացահայտում են Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը: Այո, հակահայկական բովանդակությամբ ներկայացված ադրբեջանական բանաձևը մնացել է ՄԱԿ-ի հերթական նստաշրջանի նախնական օրակարգում£ Սակայն վերջին երկու շաբաթներին Հայաստանի բոլոր դեսպանատների ծավալած աննախադեպ ինտենսիվ հանդիպումների, պետությունների ղեկավարներին, պատվիրակություններին, ազդեցիկ գործիչներին հասցեագրված հարյուրավոր նամակների արդյունքում այս հարցի քննարկումը Ադրբեջանի համար արդեն տապալված է: Հայկական կողմի հանգամանալի պարզաբանումների արգասիքը եղավ այն, որ անգամ Իսլամական կոնֆերանսի անդամ երկրների ղեկավարներն ու պատվիրակությունները հասկացան, որ եթե քննարկվելու է «Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների իրավիճակը» («արտաքսված բնակչության տուն վերադառնալու անքակտելի իրավունքը և դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու», «վերադարձողների համար վստահության բարենպաստ պամաններ ապահովելու», «մշակութային արժեքները և սրբազան վայրերը պահպանելու», «հակամարտության պատճառով անհետ կորածների ճակատագիրը պարզելու») հարցը, ապա անխուսափելիո րեն բացահայտվելու են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև մարդկության դեմ Ադրբեջանի գործած բոլոր հանցագործությունները: Այս բանաձևը Ադրբեջանն ինքն է «թաղելու», քանզի ոչ առանց կողմնակի օգնության հասկացել է, որ այն քննարկելու դեպքում հայկական կողմը կստանա փաստական հաղթաթուղթ` ադրբեջանական սուլթանության բոլոր արատներն աշխարհի դատին ներկայացնելու համար: Գուցե սա այն հնարավոր այլընտրանքներից մեկն է, որոնց մասին ակնարկեց Հայաստանի նախագահը Ստեփանակերտում: Իսկ մինչ այժմ այլընտրանքները չեն օգտագործվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցությունները չխոչընդոտելու համար: Այսուհանդերձ, բանաձևում տեսանելի է Ադրբեջանի հիմնական թիրախը, որը համենայն դեպս նշված է` բարենպաստ հանգամանքներին ապավինողի սին տեսլականով: Բանաձևի չորրորդ կետը բացահայտում է, որ Ադրբեջանը սարսափում է առաջիկայում բանակցությունների սեղանի շուրջ Արցախի լիազոր ներկայացուցիչներին տեսնելու մտքից: Եվ արդեն հիմա նրանք փորձում են խաբեությամբ նախագիծ անցկացնել, թե իբր «հակամարտության գոտու ֆիզիկական բնույթը, ժողովրդագրական կազմը, կազմակեր պական կառուցվածքն ու կարգավիճակը փոխելու միակողմանի միջոցառումները», այսինքն` ԼՂՀ կայացումը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը: Ինքնին հասկանալի է, որ այս խաբկանքը նույնքան զավեշտալի կլինի, որքան Ապշերոնի վրա դրոշ ծածանելու 20 միլիոն դոլար արժեցած փորձն էր, որն ընդամենը մատնեց Իլհամ Ալիևի խեղկատակությունը: Սեպտեմբերի 9-ը, իհարկե, վերջակետ չդրեց ադրբեջանական խելահեղություններին, սահմանային ու դիվերսիոն հիստերիաներին, որոնք տարօրինակ զուգադիպությամբ բռնկվում են Իլհամի արտաքին քաղաքական յուրաքանչյուր հանդիպումից հետո, սակայն վերջին հինգ օրերը հաստատում են, որ զսպաշապիկը դեռ նրա հագին է: Այս ամենն իր ստույգ աշխարհաքաղաքական պատճառն ունի: Խիստ շահագրգիռ ուժերն Ադրբեջանի նախագահին շատ արագ հասկացրեցին, որ այլևս որևէ անխոհեմ քայլ անդարձելի հետևանքներ է ունենալու Ադրբեջանի համար, քանզի Մինսկի խմբի բանակցություններին ինտենսիվ ընթացք հաղորդելու եռանախագահների ջանքերը դարձյալ խափանելու, կամ հարցն այլ ատյաններ տեղափոխելու փորձերին Հայաստանը պատասխանելու է կտրուկ քայլերով: Իսկ սա նշանակում է ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկար, ինչի արդյունքում Ադրբեջանն անխուսափելիորեն բանակցությունները կշարունակի արդեն Լեռնային Ղարաբաղի հետ: Եվ այս պարագայում նրան չեն կարող օգնել ո°չ Թուրքիան, ո°չ էլ առավել ևս ԱՄՆ-ն: Օրերս հեղինակավոր միջազգային փորձագետների ֆորումն անգամ հաստատեց, որ այո, Թուրքիան այսօր աշխարհաքաղաքական ազդեցիկ հինգ խաղացողներից մեկն է աշխարհում, սակայն անգամ նրան թույլատրված չէ իր տարածքից դուրս ռազմաբազա ունենալ: Հետևաբար, Նախիջևանում թուրքական ռազմակայան տեղակայելը ադրբեջանաթուրքական հերթական ցնդաբանությունն է ընդամենը: Իրաքում և Աֆղանստանում փաստական պատերազմի մեջ գտնվող ԱՄՆ-ն իր դիրքերը Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում պահելու համար դժվարին խնդիրներ դեռ պետք է կարողանա լուծել Եմենում ու Պակիստանում: Հենց այս նկատառումներով դեռ 50 հազար ամերիկացի զինվորներ, չնայած մեծ կորուսներին, մինչև 2011-ի տարեվերջ կմնան Իրաքում: ԱՄՆ-ը նաև չի կարողանում հրաժարվել Բուշ կրտսերի թողած տխուր ժառանգությունից ու ստիպված է միշտ պատրաստ լինել Հարավային Կորեայի ու Իրանի դեմ պատերազմին: Եթե այս ամենին գումարենք ԱՄՆ¬ի ներքին սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրները, ապա միանգամայն հասկանալի է դառնում, որ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցիկ ներկայություն ունենալու որևէ շանս արդեն չունի: Փոխարենը ամրապնդվում է Ռուսաստանը, որ արդեն ընտրել է իր տարածաշրջանային ռազմավարական դաշնակցին և կարողացել է այլևս փակել դեպի ՆԱՏՕ ոչ միայն Վրաստանի, այլ նաև Ուկրաինայի մուտքը: Այսուհանդերձ, Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները չի կառուցում ՆԱՏՕ-ՀԱՊԿ համատեքսում£ Եվ դա ոչ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը դեռ ամբողջովին կայացած ռազմաքաղաքական կառույց չէ, այլ` երկբևեռ աշխարհակարգը վերականգնելու հեռանկարը բացառելու միտումով: Միջպետական հարաբերությունների համատեքստում տարածաշրջանային խաղաղություն ապահովելու գործելաձևը նաև բազմաբևեռ աշխարհակարգի հիմքերն է ամրապնդում: Հետևաբար, աշխարհի բոլոր տարածաշրջաններում աշխարհաքաղաքական կենտրոնները խուսափում են պատերազմներից: Բայց սա չի նշանակում, թե երրորդ համաշխարհային պատերազմը բացառվում է: Այն արդեն ընթանում է, սակայն աշխարհի վերաբաժանումը կատարվում է դիվանագիտական եղանակներով: Սա նաև անխուսափելի գործընթաց է, քանի որ երկրորդ աշխարհամարտի արդյունքներն այլևս չեն համապատասխանում արդի աշխարհաքաղաքական տրամաբանությանը: Մենք ևս հայտնվել ենք այս գործընթացների շրջապտույտում և պետք է կարողանանք ոչ միայն ճիշտ կողմնորոշվել, այլ նաև ժամանակին ու հետևողականորեն օգտագործել զարգացումների արդյունքում առաջացող բարենպաստ հնարավորությունները:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ