ՈՐՊԵՍԶԻ ՀԱՆՐԱՅԻՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՌՆԱ


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը մի քանի տարի շարունակ զբաղվում է Հանրային հեռուստաըն կերության եթերով արձակվող գովազդների մոնիթորինգով: Որպեսզի կրճատվեն գովազդները և դրանց փոխարեն եթեր արձակվեն հանրային նշանակության հաղորդումներ, Լևոն Բարսեղյանն ԱԺ պատգամավորներին է դիմել` խնդրելով 2013 թվականի պետական բյուջեով Հ1-ին հատկացնել 1 մլրդ դրամ: - Պետական բյուջեից տրվելիք 1 մլրդ դրամի և գովազդից ազատվելու շնորհիվ հնարավոր կլինի հեռուստաժամանակը օգտագործել հանրային նպատակով` կրթական, մշակութային, ազգային փոքրամասնությունների համար նախատեսված և այլ հաղորդումների համար: Հ1-ի կոմերցիոն չլինելը, կարծում եմ չի վնասի իր հանրային առաքելության իրականացմանը և կնպաստի հարկատուների հաշվին մասնավոր ընկերությունների գերշահույթների կուտակման բացառմանը: Այսպես է մեկնաբանում իր առաջարկությունը լրագրողը: Կարծում ենք, որ սա ողջամիտ առաջարկություն է, որովհետև այսօր Հանրայինը վերածվել է առևտրային հեռուստաըն կերության, որի գերխնդիրն է դարձել գովազդների հեռարձակումը: Բազմիցս է ասվել, որ Հանրայինը չարաշահում է եթերաժամանակը, Գովազդի մասին օրենքի պահանջները, երբեմն ստիպում սահմանված ժամանակից ավելի հետևել գովազդների թողարկմանը: Հեռուստատեսությունում այս քաղաքականությունը հիմնավորում են այն բացատրությամբ, թե այսպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ են վաստակում, որոնք ուղղորդվում են տարբեր հաղորդումների պատրաստմանը: Կարելի էր հավատալ այս բացատրությանը, եթե, իսկապես, բազմաբնույթ լինեին հեռուստահաղորդումները, գործեր հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան, հեռուստաթատրոնը վերականգներ իր գործունեությունը, պատրաստվեին մանկական հաղորդումներ, եթեր արձակվեին մանկապատանեկան լսարանին ուղղված հաղորդաշարեր: Ինչպե՞ս են ծախսվում արտաբյուջետային միջոցները, ինչպե՞ս են օգտագործ վում բյուջեից տրամադրվող ֆինանսական հոսքերը` ոչ ոք չգիտի: Հանրայինի ղեկավարությունը բազմիցս է փորձել հավաստիացնել, թե ստվերում շրջանառվող միջոցներ չկան, թե ամեն ինչ արվում է օրինական ձևով, սակայն մինչև օրս որևէ հաշվետվություն կամ ֆինանսական բացատրություն չի տրվել: Երբ Մերուժան Տեր-Գուլանյանը նշանակվել էր «Արարատ» մշակութային ալիքի տնօրեն, որը հանդիսանում էր Հանրայինի ենթակառուցվածքը, զարմանքով նկատել էր, որ հեռուստաժամերի գերակշռող ծավալն արդեն վաճառվել էր տարբեր գովազդատու ընկերությունների: Երևի նաև դա էր պատճառը, որ լուծարվեց «Արարատը», որովհետև մշակութային ալիքը զրկված էր մշակութային հաղորդումներ պատրաստելու և հեռարձակելու հնարավորությունից: Այս մի օրինակը բավական է` ասելու, որ Հանրայինի գովազդային եկամուտները գտնվում են «անտեսանելի» դաշտում կամ էլ դրանցից մասնաբաժին են հանվում որոշ սերիալային «աստղերի»` այսպես հրապուրելով նրանց: Ուրեմն, միանգամայն արդարացված է Լևոն Բարսեղյանի առաջարկությունը, որը նաև հնարավորություն կտա վերահսկելու պետական միջոցների ծախսումները: Լ.Մ.