«ՆԱԻՐԻՏ»-ՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐ ԿԱՆ


Շուտով կլրանա երկու տարին, ինչ չի գործում «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը` նախկին ԽՍՀՄ եզակի գործարանը և քիմիական արդյունաբերության միջազգային նշանակության հսկաներից մեկը: Շուրջ երկու տարի այդպես էլ չի լուծվում «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը: Մեր ունեցած տվյալներով, վերջերս Հայաստան ժամանած ռուսական «Իտերա» ընկերության ներկայացուցիչները հետաքրքրվել են այս ձեռնարկությամբ, ցանկություն հայտնել գնել այն: Զարմանալի է, իհարկե, որ Հայաստանից դուրս իրենց բիզնեսը զարգացնող մեր գործարարներից ոչ մեկը չի կամենում տեր կանգնել «Նաիրիտ»-ին, իսկ պետությունն էլ համառորեն չի ցանկանում ձեռնարկությունը հռչակել պետական և ստանալ շահույթներ: Ձեռնարկության պարապուրդի մատնված լինելու փաստը չի խանգարում, որ այստեղ տնօրենն ունենա տասը տեղակալ, երկու խորհրդական և երեք օգնական: Երկու տեղակալ էլ գլխավոր ճարտարագետն ունի: Գործարանի տնօրենը ստանում է յոթ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ տեղակալները, խորհրդականներն ու օգնականները` 3,5 մլն դրամ: Ստացվում է, որ ամեն ամիս կառավարությունը տարբեր կազմակերպություններից խնդրում և չաշխատող «Նաիրիտ»-ի ղեկավարներին վճարում է 49 մլն դրամ: Տարեկան սա կազմում է 588 մլն դրամ: Այսքան գումարով հնարավոր կլիներ մեր երկրում պահել տասնմեկ թատրոն, 18 դպրոց, 68 մանկապարտեզ... Զարմանալի է, որ այս վիճակի մասին ոչ ոք չի ուզում խոսել, բարձրաձայնել, հարցնել կառավարությանը, թե ինչո՞ւ է ֆինանսներ հայթայթում չաշխատող «պաշտոնյաների» համար` միևնույն ժամանակ մեր գիտության, կրթության ու մշակույթի մշակներին մղելով դեպի աղքատության անդունդը: