«Նայվածք չէ, իմը հայացք է…»


- Ստեղծագործելն ինձ համար բիզնես չէ: Այն, ինչ ես ստեղծում եմ, այն, ինչ իմ հոգուց է բխում, չի վաճառվելու: Երբ ընկերներիս, հարազատներիս պատմեմ ծրագրերիս մասին, գուցե ծիծաղեն վրաս, որովհետև այսօր ուրիշ ժամանակներ են: Ես ուրիշ աշխարհի մարդ եմ, մտածելակերպս էլ ուրիշ է: Ստեղծագործելն ինձ համար կենսակերպ է դարձել: Ոչինչ չեմ անում հենց այնպես: Հասկանո՞ւմ եք. նայվածք չէ, իմը հայացք է,¬ ասում է ռեժիսոր Խաչիկ ԵՂՈՅԱՆԸ£ - Կարծում եմ` բոլորի համար հաճելի անակնկալ կլինի առաջիկայում հրատարակվելի Ձեր գիրքը: - Այո°, շուտով լույս կտեսնի բանաստեղծություններիս գիրքը, որի պրոդյուսերությամբ զբաղվում է Էդգար Կոստանդյանը: Բանաստեղծությունները տարիներ առաջ եմ գրել, պարզապես միշտ վախեցել եմ տպագրել: Հիմա երևի հասունացել է պահը: Գրքի վերնագիրը` «Տխուր, դաժան, քարացած դեմքեր», ընտրել էի դեռևս 1992-ին: - Իսկ ինչո՞ւ հատկապես այդ վերնագիրը: - Խոսքը վերաբերում է մեր երկրի դաժան ու տխուր օրերին, երբ մարդկանց հայացքներն էլ քարացած էին: Այսինքն վերնագիրը ոչ մի կերպ չի արտահայտում իմ սեփական վերաբերմունքը կյանքի հանդեպ: Ինձ համար շատ արժեքավոր գործեր են: - Դուք նաև «G production» պրոդյուսերական կենտրնի տնօրենն եք: Ի՞նչ աշխատանքներով է զբաղվում կենտրոնը: - Արդեն 11-րդ տարին է` նախագահում եմ «Gakhex» երիտասարդական միությունը: Սակայն երեք տարի առաջ, երբ մշակույթը վերջնականապես վերափոխվեց շոու-բիզնեսի, հիմնեցի «G production» պրոդյուսերական կենտրոնը` ցավոք ինչ-որ չափով աչքաթող անելով մայր կազմակերպությունը: Այսօր մենք համագործակցում ենք շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ` տարբեր ծրագրերի շրջանակներում: Տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպում ենք համերգներ, որոնք նման չեն այսօր այդքան տարածված համերգներին: 1999-ին Հայաստանում ՄՀՀ-ում իրականացրինք առաջին մեծ` քսանհինգ անվանակարգերով երաժշտական մրցանակաբաշխությունը` «ԴԱՐԱՎԵՐՋՅԱՆ ԱՍՏՂԵՐ» խորագրով, այն պետք է լիներ ամենամյա, բայց ինչ-ինչ պատճառներով դադարեցվեց: Իրականացրել եմ Արսեն Գրիգորյանների նախագիծը և ժողովուրդը վերջապես հասկացավ, որ Արսեն Գրիգորյանները ոչ թե մեկից ավելի են, այլ հինգն են: Երևի կլինի նաև այս նախագծի շարունակությունը, որն այս անգամ կկոչվի «Գտե°ք հինգ տարբերություն»: - Երկար տարիներ շոու-բիզնեսում եք: Ո՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը: - Այնքան շատ են, իսկապես: Թերևս` տեղեկացված լինելը: Ես չեմ պեղում: Այդպես ստացվում է: Բազմաթիվ դժվարությունների միջով եմ անցել, բայց այսօր կամ: Այսօր հարյուր հոգուց մեկը զգում է իմ կարիքը: Սա ևս ձեռքբերում է: Բացի այս` շատ ընկերներ եմ ձեռք բերել այս տարիների ընթացքում: - Այսինքն համամիտ չե՞ք այն կարծիքին, որ շոու-բիզնեսում «ընկերություն» ասվածը գոյություն չունի: - Շոու-բիզնեսում գրեթե բոլորն ընկերներս են, առավել հարազատ են Վահագն Գրիգորյանը, Դավիթ Գրիգորյանը, Դավիթ Այվազյանը, Էլլա Տարունցը, Անահիտ Շահբազյանը, Աբելը, Հայկ Գևորգյանը, Արա Թորոսյանը, Արման Հովհաննիսյանը, Վահան Նահապետյանը, բոլոր Արսեն Գրիգորյանները (ժպտում է): Իմ կարծիքով ես իրավունք ունեմ նրանց ընկեր համարվելու, քանի որ ինձ հավատարիմ ու հարազատ մարդիկ են: Իսկ, ընդհանրապես, չորս-հինգ ընկերներ ունեմ, որոնք կողքիս են եղել երեսուն տարի - Պատահո՞ւմ է այնպես, որ եգիչը կամ երգչուհին միջամտում են տեսահոլովակի ստեղծման մտահղացմանը: - Հիմնականում հավանում են գաղափարներս, բայց իհարկե միասին ևս քննարկում ենք, նրանց կարծիքի հետ ևս հաշվի եմ նստում: Երբեմն բարդացնում եմ տեսահոլո վակը, ավելի խորհրդավոր եմ դարձնում: Այդ դեպքերում փոխում են` առավել «փափուկ» դարձնելով: Դե դա նորմալ է: - Ըստ Ձեզ` մեր շոու-բիզնեսում այսօր շա՞տ են պրոֆեսիոնալ ռեժիսորները: - Բոլոր ռեժիսորների նկարահանած տեսահոլովակներում էլ, նույնիսկ հոլիվուդյան ֆիլմերում, կարելի է բացթողումներ գտնել: Եվ կենտրոնանալ միայն այդ բացթողումների վրա` ճիշտ չէ: Իհարկե, կան մասնագիտական պահեր, որոնք չի կարելի խախտել: Իսկ ընդհանրապես, լավ ռեժիսորներ ունենք` Հրաչ Քեշիշյան, Հրանտ Մովսիսյան, Արթուր Վարդանյան, Սյոմա Կոդաբաշյան, Արտյոմ Հակոբյան, Հրանտ Երիցկինյան, Եղիշե Վերդյան, Սուրեն Թադևոսյան, Գոգա Խաչատրյան և ինչու չէ, ես (ժպտում է): Նրանք այն ռեժիսորներն են, որոնց անուններն անընդհատ լսում ենք: Բոլորն էլ նկարահանում են որակյալ տեսահոլովակներ. այլ խնդիր է, որ մեր աշխարհայացքները կարող են տարբեր լինել: - Կա՞ տեսահոլովակ, որը դուք չեք նկարահանել, բայց որը Ձեզ շատ է դուր գալիս: - Իհարկե: Հատկապես ուզում եմ նշել Անդրեի «Խաչին մոտ» երգը և երգի տեսահոլովակը: Շատերն են քննադատում այն, բայց ես կցանկանայի, որ նման երգեր շատ լինեն: Ես տեսահոլովակի մեջ սխալներ չեմ նկատում, որովհետև հասկացել եմ այն, ինչ ուզեցել է ասել ռեժիսորը. յուրաքանչյուրս պետք է տանենք մեր խաչը: Անդրեն իր երգած խաչը հասցնում է այն բարձր կետին, որի առաջ պիտի ծնկի գա և աղոթի: Որտեղ էլ լինեմ, երգի վերջում հնչող աղոթքի ժամանակ միշտ փակում եմ աչքերս: Ես կցանկանայի, որ շատ երգեր մեզ համար աղոթք դառնան: - Ապագայում արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցելու պլաններ ունե՞ք : - Եթե պահը հասունանա, կլինի: Ինձ համար ամենակարևորը Աստծո կամքն է: Նա գիտի` ես ինչ եմ ուզում: Եթե դա ինձ իսկապես պետք է, ապա Աստված կտա: Եվ այդ դեպքում ես կանեմ առավելագույնը` բոլորի հույսերն արդարացնելու համար:

Լենա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ