Հայաստանում` առաջին անգամ «XVII դարի Պագանինին»


Թե Վահան Թեքեյանը «շարականին գետին մոտ» շուշանների ծաղկունքն էր զգում, Հոգևոր երաժշտության պետական կենտրոնի նախաձեռնությամբ, խաչվող ձնծաղիկ ների բույրը տարածած առաջին համերգից հետո, այդ երեկո վարդաբույրն էր թևածելու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը£ Տիրամոր մխիթարությանը առավել կարոտ Գյումրիից հետո Դանիել Երաժիշտի (Գրիգոր Դանիելյան) «ընտանեկան» երաժշտախումբը` դաշնակահարուհի կինը, ջութակահարներ դուստրն ու թոռը` թավջութակա հարուհի Սուսաննա Մուրադյանի հետ միասին առաջին անգամ Հայաստանում կատարում էին Բիբերի (1644-1704 թթ.) «15 միստերիաները` Մարիամ Աստվածածնի կյանքից»£ Ձևավորվելով դեռևս XI դարում` հոգևոր երաժշտության այս տեսակով մատուցվել են կաթոլիկ եկեղեցում Դավթի սաղմոսները£ Ավստրիացի վիրտուոզ ջութակահար և բազմաժանր կոմպոզիտոր Հայնրիխ Իգնաց Ֆրանց Բիբերը, սկորդատուրայի (բառացի` լարից գցելու) հնարքով ընդլայնելով բարոկո-ջութակի հնչողության հորիզոնները, ստեղծել է իր ժամանակի ամենանորարարական ստեղծագործությունը` սոնատների այս շարքը, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է ավետարանի մի դրվագի£ Տիրամորը խորհրդանշող ծաղկի` վարդի անունով Եվրոպայում հայտնի «Rozary» եղբայրությունը Բիբերի բիբլիական սոնատները հրատարակում է «Վարդարան» պատկերազարդ աղոթագրքերից մեկում` զարդարելով տիտղոսաթերթերը բովանդակությանը համահունչ փորագրանկարներով£ Ստանալով Ավստրիայից երաժշտության ու գեղանկարչության փոխներթափանցմամբ ստեղծված բիբերյան հոգևոր գոհարի բնագիրը` երաժշտագետ, օպերային¬սիմֆոնիկ դիրիժոր, «Շարական» ու «Գանձեր» անսամբլների հիմնադիր Դանիել Երաժիշտը դրանց հաղորդակից է դարձնում Հայաստանի արվեստասերներին£ Համընդհանուր դրվատանքի արժանի այս երաժշտամտահղացման կենսագործումը արդյո՞ք վարդաբույրով էր լցրել Գյումրու թատերասրահը` չեմ կարող հավաստել£ Անկախ այն բանից, որ Դանիել Երաժիշտը «ուրախության, տրտմության ու հարության» 15 սոնատներից (ցավում եմ, որ տասնվեցերորդին` մշտարթուն պահապան հրեշտակին կերպարվորող Պասակալյային, որից մեծապես ազդվել են Մոցարտը, Հայդնն ու Բախը, անհաղորդ մնացինք) ընտրել էր առավելապես ուրախություն արտահայտող վեցը և ներշնչված խնամքով էր նախապես մեկնաբանում ու արժևորում, քչերն էին Կամերայինում մոտավոր վարդաբույր զգում£ Գուցե «մեղավորը» կաթոլիկ հավատքին դրանց հոգեհարազատությունն էր, գուցե երաժիշտ կատարողների վարպետության ակնհայտ պակասը£ Անհամեմատ տպավորիչ մատուցվեց Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատի «սեղմագիրը»` հարմարեցված կամերային նվագախմբի ու դաշնամուրի նվագակցությամբ «Գուսան» երգչախմբի (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան) կատարմանը£ Եկմալյանի ռուսալեզու կանտատի ձայներին համապատասխանեցվել էին Դավթի սաղմոսի հայերեն տեքստը` մեղեդու ու խոսքի շեշտերի ներդաշնակմամբ£ Առաջին անգամ ս.թ. հոկտեմբերի 25¬ին հնչեցված այս գործը, անդրադարձնելով Մեծ եղեռնի ողբերգությունը, դյուրությամբ էր ներթափանցում ունկնդրի հոգու խորքերը£ Դիրիժորական փայտիկին փոխարինած վարդի (ի պատիվ հանրահայտ դիրիժոր Արթուր Նիկիշի) թերթիկների «պարով» իսկապես ուրույն ձայնանկար ուրվագծվեց բեմի վրա£ Նաև` հարության հավատ ներշնչվեց` գոտեպնդելով (այս նկատառումով էլ «Վարդարանի» հայաստանյան պրեմիերան կայացվել էր Տիրամոր բարեխոսությանն առավել կարոտ Գյումրիում) հոգեպես դալկացածներին£ Ինչպես հաճախ տեսնում ենք բիբլիաշունչ կտավներում` միաժամանակ զուգահեռվում էին Հիսուսի ծննդյան ու խաչելության պատկերները£ Դանիել Երաժիշտը, հոգևոր այս երաժշտակտավներով, մեզանում իր հավատո հանգանակն էր սերմանում. «Հիսուսին խաչակից հայ ժողովուրդը հարություն առավ և շարունակում է ապրել, արարել, փառաբանել Արարչին ու երգել…»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ