ԷԼ ՉԵՄ ԳՆԱ


«Բարև սիրելիս… Այս տողերը բխում են սրտիս մաքրամաքուր ակունքներից: Անկեղծ սերը աստվածային պարգև է, խնդրում եմ, միշտ հիշիր: Հեռավորությունը չի կարող մեզ բաժանել… Չգիտեմ` ինչպես թելադրեմ մտքերս: Օրը հինգշաբթի է, իսկ այսօր իմ մտքերը նորից լեցուն են թախիծով: Ինձ թվում է` վառվող մոմի նման թրթռում է սիրտս: Հոգնել եմ կյանքից, թե ժամանակն է ինձ հոգնեցնում, չգիտեմ… Փորձում եմ քեզ հետ կիսել իմ մտքերը…»: Ամեն օր իր սրտից հորդացող խոսքերն է ուղղում Կարինե Տոնոյանը, նրա տողերում հույսն է թրթռում: Նորակերտի զավակը` Գևորգ ԴԱՎԹՅԱՆԸ, իր օրինակով շատերին ոգեշնչեց` ի տես ամենքին ապացուցելով, որ հայրենիքից է սկսվում ամեն ինչ: Ապրում էին Աստրախանում: Երբ 88-ի երկրաշարժը եղավ, նա անմիջապես վերադարձավ: Նա հայրենասեր էր: Ասվածը լոկ խոսքեր չեն, նա իր գործով ապացուցեց: Նոր տարվա նախաշեմին մեկնեց` ընտանիքի նկատմամբ անսահման սերը ի ցույց դնելով: Տիկին Ալինան լավ գիտեր` ինչ է պատերազմը, ինչ փորձանք է պատուհասել Հայոց ազգին: - Մեր ազգի պատմությունն արնաթաթախ է, հայը դժվար ճակատագիր է ունեցել: Մենք միշտ ճաշակել ենք այդ դառնությունները, մեզնից անբաժան է տառապանքը: Այսօր ատամներով պահենք ձեռքբերածը, որ վաղվա օրը հուսալի դարձնենք մեր զավակների համար: Ես միշտ ասել եմ` շուն թուրքը միշտ արթուն է: Իմ մի բանաստեղծության մեջ ասել եմ, որ մի գիշերվա մեջ քամին ծիրանենու բոլոր տերևները քշեց տարավ: Ծառը մենք էինք, տերևները` մեր քաջերը: Քամին մեկ հանդարտվում է, մեկ էլ` գազազում: Այսինքն` մենք միշտ պատրաստ պիտի լինենք փորձություններին: Այո, չէի ուզում, որ Գևորգը գնար, խնդրում էի` միասին լինեինք Ամանորին, հետո նոր գնար, բայց նա անդրդվելի էր: Դեկտեմբերյան առավոտ էր, հրաժեշտ տվեց երեխաներին, մոտեցավ ինձ հրաժեշտ տալու, բայց… Ես չցանկացա հրաժեշտ տալ, մերժեցի… Աստիճաններին կանգնած տխուր ասաց. «Չեմ կարող մնալ… Խոստանում եմ, որ սա վերջինը կլինի, էլ չեմ գնա… Բայց այսօր պիտի գնամ, մեր ընկերները, եղբայրներն անօգնական են»: Այդպես էլ միմյանց հրաժեշտ չտվեցինք: Նա իսկական մարդ էր, որ քչերն են կարողանում նման ձևով մտածել: Ժամանակի շունչը, ոգին զգալով` մեր ապահովության համար Գևորգը զոհաբերեց իրեն, Նրա մեջ առաջինը խոսում էր մարդասիրությունը, հայրենասիրությունը, ազնվությունը, պարկեշտությունը, հայեցիությունը: 93-ին գնաց: Ամենաթեժ ժամանակաշրջանն էր: Մինչև 94-ի ապրիլը կռվեց Հակոբ Կամարիում, Մարտակերտում, Թալիշում, Մեծ և Փոքր Տոնաշեններում… Պատերազմի սարսափը նրան անընկճելի, քաջակորով էր դարձրել: Բայց մինչ այդ շատ գործողություններ էր կատարել, օգնել, աջակցել: Իրոք, իրենց պայքարը, անցած ամիսները սարսափելի էին. ամեն առավոտ տեսնում էի նորանոր զոհեր: Բայց մեր տղաները ժամանակի շունչը դարձան և ապացուցեցին, որ կարող են համախմբվել: Ամեն մի թիզ հողում հայի արյուն է թափված: 2009 թ-ի ամռանը եղան ԼՂ-ում, ուր բնության հրաշագործությունն անսպառ էր: Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր. քամու շունչը, ծառերի սոսափը, նրանց մեջ հայորդիների շունչն էր հրաբխում: Ինչպես բանաստեղծուհին է ասել իր տողերում, որ այնտեղ` Ղարաբաղում, խաչքար ունի միայնակ կանգնած, իր հոգու կեսն է ու շունչն իր կիսատ, արյան կաթիլներ այնտեղ կորցրած: - Ես ինքս ապրում-վերապրում էի այդ ամենը, այս ուխտագնացությունն իր խորհուրդն ուներ. լրացավ ամուսնուս մահվան 15 տարին: Եղանք Օմարի լեռնանցքում, Գանձասարում, Շուշիում, Մարտակերտում, Ստեփանակերտում… Կարծես նորից հասկացա, թե հանուն ինչի են զոհվել մեր ամուսիններն ու եղբայրները: Ինքս էլ կզոհվեի այդ ամենի համար: Դժվար է, որ նրանք մեզ հետ չեն, բայց հավատացեք, խաղաղ ապրելու համար պայքարել է պետք: Այդ հրաշալի երկիրը Հայաստանի դարպասներն են, հայի ոգին, գույնն ամեն թիզ հողում կա: Մեր զավակների մեջ թող հառնի հայրենասիրությունը, նրանք դրոշակակիրներ են մեր սերունդների համար: Ձեռք բերածը չկորցնենք հանկարծ: Մեզ հետ կային երիտասարդներ, որոնց հայրենասիրական երգերով ավելի էր իմաստավորվում ուխտագնացությունը: Գևորգը ծնվել է 1964-ին, զոհվել` 94-ի ապրիլի 24-ին Կազախլուի մոտ, երբ երեսուն տարեկան էր: Այդ օրը շատ զոհեր տվեցին հայ քաջերը: Հայոց քաջերը մարտական շնչով էին լցված, թշնամին էլ հատուկ էր պատրաստվել, ուժերը կրկնապատկել էր ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում: Հայ քաջերը հարձակումն սկսեցին բոլոր ուղղություններով: Գևորգի ջոկատին դեմ առ դեմ տանկ էր առաջանում: Երբ քաջերը թշնամու երրորդ տանկի վրա էին գրոհում, Գևորգը վիրավորվեց: Թալիշը և գյուղին հարող լեռնաբարձունքն ազատագրվեց: Զոհվեց ջոկատի հրամանատարը… Տարիներ անց այնտեղ հառնեց հուշարձան- խաչքար` ի տես ամենքին, որ անմահ են հայ քաջերը, ոսկետառերով են գրվել նրանց անունները: - Ասում են` երբ մահացածներին հիշում են, նրանք ապրում են: 15 տարի է` նամակներ եմ գրում ամուսնուս: Թող զարմանալի չթվա. եթե նրանց մասին խոսում են, նրանք ապրում են մեր մեջ: Հայ քրիստոնյային վայել հարգանքը, խիղճը, պատիվն ունենանք: Հավատում եմ Աստծուն, հավատում եմ, որ Գևորգս ապրում է, իմ տողերում է… Ամեն աստծո օր նայում եմ Մասիսին ու ասում` փառք քեզ, տեր Աստված, որ դարերի միակ վկան, հայ ազգի պատմության վկան միշտ կա: Մի օր կլինի արդարության դատաստանը: Սիրում եմ տառապանք տեսած իմ ազգին: Արմատներով մշեցի է. դաստիարակության մեջ միշտ եղել է ջրի նման պարզ, շիտակ, հացի պես հալալ հոգեբանություն: Տառապանք տեսած կինը միայն կարող է այդպես խոսել, տառապելու չափ արտասվել: ԵՎ տարիների հետ պիտի ծնվեին նրա «Արցունքի աստղեր», «Հայորդինե°ր, խոնարհվում եմ ձեզ», «Կարոտի անձրև», «Հուշագրեր», «Իմ հավատքը», «Նոյան երկիր», «Լույսի արահետ» շարքերը, որոնք լույս են տեսել առանձին գրքերով: - Եթե քեզ տեսնում են, պիտի կշտանան: Մանկուց ստեղծագործել եմ: Հիշում եմ` դպրոցում փառատոն էր, մասնակցում էին ստեղծագործողները: Հաղթել էի, այդ օրը շրջադարձեց կյանքս… Բազմաթիվ նամակներ ստացա, դրանց մեջ Գևորգի նամակն էր, ծանոթացանք… Ասում են` պատահական ոչինչ չի լինում կյանքում: Շատ հետաքրքիր անձնավորություն էր: Սերը նշխար է, աղոթք: Այդ սիրով եմ ապրում, միայն սիրող մարդը 15 տարի անընդմեջ նամակ կգրի: Դա հեշտ չէ… Նրանք ամուսնացան, ծնվեցին Քրիստինեն, Սերյոժան, Գայանեն: Զոհվելուց առաջ Գևորգն ընկերներին ասել էր. « Ինձ թվում է, որ կինս` Ալինան, Գայանեի ձեռքից բռնած, ինձ է գալիս»: Մեծ սերն անմահ է… Գևորգն Էջմիածնի 5-րդ բրիգադում էր… Երբ թերթը ձեռքին` տիկին Ալինան զորամաս է մտել, անորոշ հայացքների է հանդիպել… Զոհված ընկերներ-տղաների համար բանաստեղծություններ էր գրել, պիտի պատին փակցնեին: - Այդ ժամանակ Հայորդաց տանն էի դասավանդում: Երբ հերթական պատի թերթը տարա զորամաս, Սամվել Գրիգորյանին հանդիպեցի, հարցրեց` ինչի համար եմ եկել, ասացի` Գևորգին տեսնելու և պատի թերթը տալու… Նրա աչքերում տխրության-արցունքի կաթիլներ կային: Նրանք արդեն գիտեին: Ինձ ասացին, որ Գևորգը շուտով կգա: Այնքան ուրախ էի, սպասում էի նրան… Ցավոք, այդ օրը շատերը չեկան…Նրանց դիերը բերեցին… Նա նվիրված ընկեր, լավ մարդ ու հոգատար ամուսին էր… Որդու մահից հետո հայրը մահացավ: Ծնողի համար որքան դառը պիտի լիներ որդու կորուստը: Բառերով չի բացատրվում… Հպարտանում եմ զավակներովս, նրանք հայավարի են մեծանում. մարդասեր, բարի երեխաներ են: Գևորգի զոհվելուց հետո ծնվեց «Արցունքի աստղեր» ժողովածուն: 30 բանաստեղծությունից էր կազմված: Ամուսինս մահացավ 30 տարեկանում Ինջա գետի մոտ: Օրը պայքարով ու արյունով էր լեցուն, շառաչում էր գետը, զոհվում էին քաջերը… Գևորգի մահից հետո կար մի նպատակ` ամեն տարի գիրք եմ տպագրում` որպես նրա կյանքի շարունակություն: Այսօր կան բարի մարդիկ, ովքեր աջակցում-օգնում են գրքի տպագրությանը: Իսկ ինչու՞ «Արցունքի աստղեր». այդ աստղերն արցունքոտ են, նրա ամեն մի տողը արցունքով է ծնվել… Դրանք իր ներաշխարհի, ապրումների պոռթկումն են: Այդ տարիներին շատերն ապրեցին նույն ցավը: Իսկ ի՞նչն է կարևոր ստեղծագործողի համար… - Ճշմարտությունը… Տողերում պիտի երևա ստեղծագործողի հոգին ու սիրտը, ժողովրդի ապրումների կրողը պիտի դառնալ: Ամեն բառի համար պատասխանատու պիտի լինել: Ամենամեծ ստեղծագործողը ժողովուրդն է: Նրա հետ պիտի լինել, նրա շունչը դառնալ, նրա հետ տառապել: Օրն իր խորհուրդն ունի: Սովորաբար վաղվա օրը կարգավորում են իրիկնադեմին: Ամեն բացվող առավոտ մի նոր լույս է կենարար: Շնչում, ապրում ու ապրեցնում է օրը: Եթե մենք չենք վայելում, ուրեմն մեզ հետ ավարտվում է ամեն մի օր: Ժամանակը միշտ անսպառ է, մենք ենք անցողիկ հենց այդ ժամանակի մեջ: Փորձենք ամեն մեկս մի լավ բան անել: Գևորգը մեր յուրաքանչյուր օրն իմաստավորում էր: Երբ վերջին անգամ գնաց, խոստացավ, որ էլ չի գնա, միշտ ընտանիքի կողքին կլինի: Շատ եմ ուզում, որ աշխարհի բոլոր մարդիկ լինեն մարդասեր, այդ ժամանակ երևի պատերազմ չի լինի: Մենք գործ չունենք պատերազմից: Արդյոք թշնամու երեխան էլ չի որբանում, նրանց կանայք էլ չեն այրիանում… Ոչ ոք ուրիշի վշտով թող չուրախանա, հաղթանակն այն է, որ շրջապատդ ուրախ է ապրում, երջանիկ է: Մարդի°կ, սիրեք միմյանց… Էջմիածնի Նորակերտ գյուղը ուրիշ զոհեր էլ տվեց` Կարեն Սինանյան, Ռոմիկ Քամալյան, Ջամփոլադ Մուրադյան:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ