Ավարտվել է լրտեսության ձևով պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն


ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է լրտեսության ձևով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից և, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի նյութեր` հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին` Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ` Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Բ. Բաղերիին Գ.Հայրապետյանը հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ` Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Բացի այդ, Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն և ռազմամթերք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ քաղաքացի Գ.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերիին` ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից): Քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն