Ո°չ բարեկամ, ո°չ էլ` թշնամի Իսկ ի՞նչ


Ինչպես Վրաստանում են ասում հակառակորդների հարցում, «Նախագահ Միշայի» բախտը բերել է: Ռուսաստանցի քաղաքագետ Զուրաբ Թոուդայի խոսքերով` «Ընդդիմության գործողությունները նախկինում նույնպես ավելի շուտ ալարկոտ-թորշոմած ու անատամ էին. իսկ հիմա նրանք շարունակում են ժամանակ վատնել: Սահակաշվիլիի հիմնական մրցակցի հայտարարած հացադուլն այլևս որևէ ազդեցություն գործել չի կարող: Բնականաբար. ընտրընթացային ու հետընտրական իրադրությունը դրա լավագույն ապացույցն է: Եվ ընդդիմությունը, եթե նույնիսկ մինչև ԿԸ հանձնաժողովի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը փորձեր ուժային գործողություններ ծավալել` «վարդերի հեղափոխության» ոգով, մինևնույնն է` անիմաստ էր որևէ փոփոխութ յուն ակնկալել: Արևմուտքն առերևույթ, անկարևոր թվացող «նկատառումներով» արդեն իսկ Վրաստանի նախագահի ընտրությունները ժողովրդավական էր ճանաչել: Հասկանալի է նաև, որ իր հենարաններով ևս Սահակաշվիլին գերազանցում էր մրցակիցներին. բանակը, ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները նրա պաշտոնավարման ընթացքում դարձել են հասարակության վերնախավ և տեղի չափանիշներով հեքիաթային աշխատավարձեր ստացել` օգտվելով հնարավոր բոլոր արտոնություն ներից: Ասել է թե` նրանք ոչ միայն չէին կարող դավաճանել իրենց կերակրողին, այլ ամեն կերպ պիտի վերստին հարթեին նրա ճանապարհը դեպ իշխանաթոռ: Սակայն Սահակաշվիլիի այս հաղթանակը բնավ երաշխիքը չէ նրա ապագա հաջողությունների: Ազգաբնակչության հիմնական մասը շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ: Մինչդեռ նախընտրական իր քարոզարշավում նախագահը բացահայտորեն անիրագործելի խոստումներ է շռայլել: Ու, թերևս, հիմնազուրկ չեն հոռետեսական այն կանխատեսումները, որ հաշված ամիսներ անց, կամ առավելագույնը մեկ տարի հետո Սահակաշվիլին վերստին կանգնելու է ներքաղաքական ճգնաժամին հանդիման: Եվ նրա կողմնակիցներն այդժամ անհամեմատ սակավաթիվ են լինելու, քան հիմա: 2004-ից Սահակաշվիլիի վարկանիշը հաստատուն կերպով անկում է ապրում, և հազիվ թե այդ միտումը հակադարձ ընթացք ստանա… Այսուհանդերձ, հիմնազուրկ չէ կարծիքը և այն վերլուծաբանների, ովքեր, չչարախնդալով Վրաստանի առաջնորդի գալիք ձախողումների վրա, այլ կանխատեսումներ են անում: Իր վարչակագրի դեմ լուրջ սպառնալիքների դեպքում, Սահակաշվիլին նորից կարող է «ձեռքն առնել» արդեն փորձված «կախարդական փայտիկը» և, դիցուք, նոր բախում հրահրել Ռուսաստանի հետ: Ու քանի որ «խաղադրույքները» աճելու են, ապա Միխայիլը կարող է և չբավարարվել ճարտասանությամբ ու ռուս սպաներ կալանավորելով: Կարելի է նաև չբացառել, օրինակ, Հարավային Օսեթիայում կամ նույնիսկ Աբխազիայում «հաղթական փոքրիկ պատերազմ» հրահրելու փորձը: Բոլոր դեպքերում` Մոսկվան լուրջ մտորելու առիթ ունի: Արժե, օրինակ, որոնել այն հարցի պատասխանը, թե ինչպիսի՞ն կդառնային ռուս-վրացական հարաբերութ յունները, եթե հակառակորդներին հաջողվեր պաշտոնանկ անել Սահակաշվիլիին: Մեծամասնության կարծիքով Մոսկվայի հանդեպ Թբիլիսիի ռազմավարական կուրսը հիմնականում նույնը կմնար` աննշան փոփոխություններով հանդերձ: Ասել է թե` Վրաստանի հետ Ռուսաստանի հիմնախնդիրը միայն Սահակաշվիլու անձը չէ: Վրաստանի խռովահույզ գավառներում բախումները սառեցնելու ուղղությամբ ձեռնարկումները վանում են Թբիլիսին Ռուսաստանից: Վրաստանը, փաստորեն, «հրվում» է դեպի ամերիկյան ուղեծիր, ինչը կանխելու համար Մոսկվայի հնարավորությունները ներկայումս սահմանափակ են: Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանն այս փակուղուց ելքեր չի որոնելու: Հնարավոր է նույնիսկ, որ ժամանակը հիմա Սահակաշվիլու օգտին չի «աշխատում», սակայն Սահակաշվիլիի դեմ` չի նշանակում Ռուսաստանի օգտին: Վրաստանի վերընտրայլը բռնատե՞ր կդառնա - Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Վրաստանում: - Ինչո՞ւ հաղթեց Սահակաշվիլին: Այս հարցերով «ԾԽ»-ի մեջ գործընկերները դիմել են մի քանի փորձագետների: Ըստ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ ՄԱՐԿՈՎԻ` - Սահակաշվիլիի հաղթանակն ընդամենը սկիզբն է ընդդիմության հետ նրա նոր առճակատման: Վրաստանը դեռևս ուժեղ, զարգացած ժողովրդավարական երկիր չէ, և իշխանության հարցն այնտեղ ավելի շատ որոշվելու է փողոցում, քան ընտրատուփերի մոտ… Անկայուն վիճակն այնտեղ շարունակվելու է: Վրացական անկախ փորձագետ-քաղաքագետ Գիյա Խուխաշվիլին սխալվել էր իր կանխատեսումներում, թե առաջին փուլում Սահակաշվիլիի ընտրվելն անհնարին է: Իսկ եթե դա իրականություն դառնա, ապա, նրա համոզմամբ` - Սահակաշվիլին հասարակության կողմից կընդունվի որպես իշխանազավթ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ (ցուգցվանգ?), ուր իշխանությունները լավ քայլեր չունեն. միայն վատն ու վատթարագույնը: Իշխանությունը չզիջելու պատճառներից մեկը վախն է, թե ինչ է լինելու հետո: Մեզանում այն իրավիճակը չէ, որ իշխանությունը կարող է հեռանալ և որպես ընդդիմություն հանգիստ զբաղվել քաղաքականությամբ: Նրանք արել են` ինչ ուզել են, և այդ ամենը ջրի երես է դուրս գալու: Դա սարսափելի է: Նրանց ագրեսիվությունը ապագայի վախից է: Գիյա Խուխաշվիլին ասել է նաև, թե Սահակաշվիլին պարտավոր է հասկանալ` իր հանդեպ վստահությունն այնքան քիչ է, որ առաջին փուլում հաղթելու դեպքում ներկայացվելիք թվերը չեն կարող հավատ ներշնչել. - Այդ պարագայում նա ստիպված կլինի դիկտատուրա հաստատել: Ընտրողների վրդովմունքն ու հուզումները հնարավոր է հանդարտեցնել միայն ներքին մեծ պաշարներ ունենալու դեպքում (նավթ և գազ) կամ գերգաղափարներով: Բայց դրանց ոչ մեկը Սահակաշվիլին չունի: Այնպես որ, այդ ամենը կփլատակվի առավելագույնը մեկ տարվա ընթացքում: