Ամանորյա խումհարից հետո


Այս ամանորյա խումհարը սովորականից կարճ տևեց. պատճառը, թերևս, Հանրապետության նախագահի առաջիկա ընտրությունների նախապատրաստական եռուզեռն է: Նախընտրական պաշտոնական քարոզարշավը չի հայտարարվել, սաստիկ ցուրտն էլ թույլ չի տալիս հանրահավաքներ կազմակերպել, և ազգիս նախագահացուները ստիպված են առայժմ բավարարվել դահլիճներում իրենց պոտենցիալ ընտրողների հետ հանդիպումներով ու մամուլի ասուլիսներով: Զրույցի թեման նույնն է` Նախագահի թեկնածուներից յուրաքանչուրը ջանում է ունկնդիրներին ապացուցել, համոզել, որ իր ծրագիրն ամենաժողովրդահաճն ու ամենաանթերին է: Օրինակ. «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն 164 էջանոց իր ծրագիրը վերնագրել է… «Արարում»: Իսկ միշտ պրագմատիկ մտավորականի կեցվածքով հանդես եկող Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրային հիմնադրույթներն ավելի շատ ռոմանտիկ, բանաստեղծական վերնագիր ունեն` «Հանդարտ խոհեր»: Ի՞նչ է խորհում Հայաստանի առաջին նախագահը. նրա ընտրվելու դեպքում մինչև 2012 թվականը, մասնավորապես, կենսաթոշակները քառապատիկ կավելանան… Բայց 10 տարի առաջ, երբ երկրի բյուջեն չէր գերազանցում 300 հազար ԱՄՆ դոլարը, կենսաթոշակներն ընդամենը 3000-ական դրամ էին և վճարվում էին 3-6 ամիս ուշացումով: Այսօր Հայաստանն ավազակապետություն որակող Լևոն Տեր-Պետրոսյանը 10 տարի առաջ պնդում էր, թե քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը, Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացն անհնարին է: Ուրեմն, այս լավատեսությունն ինչի՞ց առաջացավ: ժամանակին իր դիրքերը պահպանել չկարողացած, հրաժարական տված ու այսօր դարձյալ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Առաջին նախագահին գուցե ոգևորել է, իր խոսքերով, ներկայիս ավազակապետության 2 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցված բյուջե՞ն… Ինչպես երևում է, Լևոն Տեր-Պետրոսյանն ապավինում է ամբոխավարության մեթոդին. դժվար թե նրա ականջին հասած չլինեն ժողովրդի մեջ իր հասցեին շրջանառվող լուտանքները. ուրեմն, կեցցե պոպուլիզմ՞ը… թերևս, այլ ճար չկա: Խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում: Ի դեպ, Արտաշես Գեղամյանինն (գուցե ոչ միայն նրան) տարակուսանքի մեջ գցեց Լ. Տեր-Պետրոսյանի նշած ժամկետը` մինչև 2012 թվականը: «Բա, ասում էիր` երեք տարի ես նախագահելու»,- հեգնում է ԱՄ առաջնորդը: Նոր` 2008 թ. իր առաջին հանդիպմանը Լ. Տեր-Պետրոսյանը նաև ասաց, թե ինչո՞ւ է տասնամյա համառ լռությունից հետո վերադարձել քաղաքականություն ու որոշել առաջադրել իր թեկնածությունը: Պարզվում է` «Ընդդիմությունը դադարել է քաղաքական դերակատարություն ունենալ, չկա այն ուժը, որն ի զորու լինի հաղթել այս իշխանություններին»: Իսկ տարեվերջի հանրահավաքներից մեկում նա դիմել էր ունկնդիրներին, թե` «Օգնե°ք ինձ` փրկել ձեզ այս փորձանքից»: Փորձանք նա համարում է ներկա իշխանություններին: Ստացվում է` նոր փրկիչ է ի հայտ եկել: Բայց տարիներ առաջ, երբ այսօրվա փրկիչը Հանրապետության նախագահ էր, ժողովրդին հորդորում էր հեռու մնալ փրկիչներից… Էհ, ժամանակները փոխվում են, դերերն էլ հետը… Պտտվի°ր, պտտվի°ր, կարուսել… երեկ ես, այսօր` դու, վաղը` նա… Իրոք, որ կարուսել… Ընդդիմության հասցեին առաջին Նախագահի ասածը Ա. Գեղամյանը նրան սատարող ընդդիմադիրներին հասցրած ապտակ որակեց: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, թերևս, նկատի ունենալով նախընտրական գործընթացի վայրիվերումները, նշում է` Հանրապետության նախագահի ընտրությունները կհստակեցնեն քաղաքական դաշտը: Եթե այդպես է` փառք Աստծո, վերջապես կերևա, թե ով` ով է, անկախ` բոցաշունչ ելույթներից ու ճառերից, անկախ` սուտ ու անիրագործելի խոստումներից: Ի դեպ, խոստումների մասին: Այս թեմայով խոսելու, թերևս, շատ բան չկա. միայն մի դրվագ: Հունվարի առաջին տասնօրյակում վճարվեցին կառավարության խոստացած` 60 տոկոսով ավելացած կենսաթոշակները: Իսկ վարչապետ Սերժ Սարգսյանն ամանորյա ընդունելություններից մեկի ժամանակ առաջարկեց խմել բոլոր նրանց կենացը, ովքեր մի քար են ավելացնում մեր հանրապետության վեմին: Արժի° միանալ այս կենացին և հեռու մնալ կեղծ փրկիչներից…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ