ՄԻՇՏ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ


 

Ազգանպաստ նրա գործունեությունն այսօր էլ գնահատվում է, զի նրա ցանած բարի հունդերն առատորեն ծլարձակեցին, մնայուն արժեքներ դարձան հայ մշակույթի անդաստանում, մարզաշխարհում: Բազմավաստակ գործիչը, նվիրյալ հայը, հրաշալի անհատը երեկ բոլորեց իր ծննդյան 88-րդ տարին:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ֆիզիկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող կոչումները հիրավի վաստակ են, համեստ գնահատանքն այն ծավալուն գործունեության, որով Գեորգի (Ժորա) Գարեգինի ԱՍԱՏՈՒՐՅԱՆԸ ճանաչելի ու սիրելի է դարձել ոչ միայն Հայաստանում և հայ մարդկանց, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում ու օտարազգիներին:

Հայկական սպորտի և հայ արվեստի զարգացման գործում իր մեծ ավանդը ներդրած վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանն այսօր էլ շարունակում է ապրել իր ժողովրդի ու նաև իր շնորհիվ խորհրդային տարիներին աննախադեպ առաջընթաց արձանագրած բնագավառների հաջողություններով:

Այդ առաջընթացի ճանապարհի առանձին մանրամասները, իր հագեցած կյանքից հետաքրքիր դրվագները, ինչպես նաև հեղինակի ստեղծագործությունները լավագույն ուղերձ են հատկապես երիտասարդությանը` պահպանելու ազգային արժեքները, նպաստելու երկրի կայացմանը:

Եվ այսօր մեծագույն ուրախությամբ փաստում ենք. մեր սիրելի Գեորգի Ասատուրյանը 88 տարեկան է: Ջերմորեն շնորհավորելով նրան` ասում ենք` մի´շտ առողջ եղեք, սիրելի բարեկամ: Ձեր ստեղծագործ մտքի թարմությունն ու ավյունը թող երբեք չլքեն Ձեզ:

Ձեր խորհուրդների, բարի խոսքի և օգտակար լինելու պատրաստակամության կարիքն այսօր էլ ունեն Ձեր բարեկամները: Ձեզ նորանոր ծննդյան տարեդարձներ և հոբելյաններ ենք մաղթում: