«21-րդ դարի մարդը բևեռացած է նյութական արժեքների վրա»


Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են երիտասարդությանը: Այս և ներկայիս երգարվեստի ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված երգիչ

Գագիկ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

Ծնվել է 1980 թվականին, Երևանում: Գերազանցությամբ ավարտել է հատուկ ձայնի պահպանման երաժշտական դպրոցը, սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում: Արդեն շուրջ 15 տարի է` ապրում ու ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

- Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը:

- Իմ անցած ճանապարհը բաժանված է երկու մասի: Պատանությունս և վաղ երիտասարդությունս անցան Հայաստանում, որտեղ, անկեղծ պիտի ասեմ` գրեթե խոչընդոտներ չեն եղել: Դեպի երգարվեստ ընթացող առաջին քայլերս հսկում և ուղղորդում էին լեգենդար Հովհաննես Բադալյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Վալերի Հարությունյանը... Այնպես որ, այդ առումով ես ինձ հաջողակ եմ համարում: Քսան տարեկանում տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, որտեղ ինձ սպասվում էր բարդ ու դժվարին ճանապարհ: Իհարկե, տարիների հեռվից նայելով այդ դժվարություններին` գոհունակ ժպիտ է գալիս դեմքիս, քանի որ դրանցից ոչինչ չի մնացել: Փոխարենը` այսօր ինձ հետ են ստեղծագործական հաջողություններս և ամենակարևորը` կյանքի փորձը:

- Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես, հեռուստաընկերություններում և այլ նախագծերում:

- Իմ կարծիքով` երբեք էլ հեշտ չի եղել արվեստի բնագավառում աշխատելը, պարզապես տարիների ընթացքում փոխվել են խանգարող հանգամանքները և խանգարողների մեթոդները: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա հեռուստատեսություններին և հեռարձակվող նախագծերին… Ավելի լավ է` անցնենք հաջորդ հարցին...

- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

- Առհասարակ 21-րդ դարի մարդը, անկախ իր ազգությունից, բևեռացած է նյութական արժեքների վրա: Ինչպես Աստվածաշնչում է ասվում` ամեն չարիքի հիմքում արծաթասիրությունն է, որից տուժում է նաև արվեստը:

- Ի՞նչն է Ձեզ առավել անհանգստացնում մեր երկրում:

- Այսօր մեր երկրի առաջ ծառացած ամենամեծ խնդիրը արտագաղթն է, որը չկանխելու դեպքում մենք իրական հայրենիքի փոխարեն կունենանք ևս մի հոգևոր հայրենիք:

- Ըստ Ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

- Գլոբալիզացիան… Չարիքների չարիքը, որն ըստ իս, դառնալու է մեր քաղաքակրթության վերջը:

- Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը. կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

- Իհարկե´ կարող ենք: Առհասարակ բոլոր ժամանակներում մոլախոտը քանակական առումով հաղթել է, սակայն ժամանակն ամեն բան դնում է իր տեղը: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են հիանալի արվեստագետներ` մարդիկ, ովքեր անխախտ են պահում մեր ազգային դիմագիծը:

- Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:

- Անկախ ամեն ինչից` հայ ժողովրդի ապագան լուսավոր է լինելու, ես դրանում վստահ եմ: Այն ուժերը, որոնք փորձում են ոչնչացնել մեր երկիրը, պետք է քաջ գիտակցեն` Աստվածային այս հողի անունը իրենք չէ, որ դրել են Հայաստան և իրենք չէ, որ կարող են ջնջել…

- Ապրելով հեռավոր ԱՄՆ-ում, ինչպե՞ս եք փորձում ներկայացնել հայ մշակույթը, հատկապես երգարվեստը:

- Մեզ տրված մշակութային ժառանգությունը անգնահատելի է` սկսած հայ ժողովրդական երգից վերջացրած կոմպոզիտորական արվեստով: Միայն Կոմիտասը միայնակ մեզ ժառանգել է մի քանի լուրջ ակադեմիական ինստիտուտների ծավալի աշխատանք: Ես փորձում եմ այս հսկա ժառանգությունից գոնե մեկ հատիկ հասցնել սերունդներին. եթե միայն այդքանն էլ ինձ հաջողվի` ես ինձ կհամարեմ երջանիկ մարդ:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ