Խավարի վերջում միշտ լույս է լինում


Ասում ենք` հայը կորցրել է իր նկարագիրը, ազգովի անդունդ ենք գահավիժում: Ու մինչ ինքնամոռաց տարվել էինք միմյանց փնովելով, ատելության անդունդներ փորելով, չնկատեցինք, որ իր ամենակուլ երախը բացած` Երկիր մոլորակ իջավ քաոսը ու փորձում է լափել աշխարհը:

Մարդկային մտքի տիտաններից մեկն անցյալ դարասկզբին ասել էր, թե քաղաքակրթությունը մարդկության մահն է: Եվ ամբողջ մի դար քաղաքակրթվող ընթերցողը չէր կարողանում վերծանել այդ «մարգարեությունը»: Հիմա արդեն ակնհայտ է. ամենուր ավերածություններ, բարոյալլկում, բիրտ ամբարտավանություն և, որպես կանոն` անմեղ զոհեր: Եվ, իհարկե, խուճապից ծնված ու այդ խուճապն ավելի ահագնացնող արտագաղթ: Ասել է թե` փախուստ, «ավետյաց երկիր» որոնելու փսիխոզ: Աշխարհի հզորները որքան ավելի շատ են խոսում մարդու իրավունքներից, այնքան ավելի սեղմվում է լայն զանգվածների իրավունքների շրջանակը: Ոչ մեկն իրավազուրկ չի հռչակվում, բայց «շարքայիններն» իրենց իրավունքներն իրացնելու տարածք չեն գտնում: Որքան ավելի շատանում են Տիրոջ անունով խաչակնքողները, այնքան բազմապատկ վում են չարիքները: Որովհետև անօրենը չի կարող ճանաչել իրական Տիրոջը. նա երկու «տեր» ունի` փողն ու պաշտոնը: Եվ ում ձեռքով կնվաճի դրանք, նրան էլ իրեն տեր ու արքա կճանաչի:

Փոքր-ինչ ավելի իրատեսորեն գնահատելու դեպքում` այնքա˜ն ճղճիմ ու ծիծաղելի են այն ճամարտակումները, որոնք իբր թե քաղաքական արենաներում են հնչում: Այդ ամենը` միջազգային ամբիոններից մինչև մեր` այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների շուրջ «թեժ» իմաստակություններ, ճապոնական մի թանկա են հիշեցնում (ո՞վ «ժամանակ» ունի այդ իմաստուն գրվածքները մտապահելու).

- Անտարբեր տեսքով դու խոսում էիր,

Անտարբեր տեսքով ես լսում էի:

Եվ… ուրիշ ոչինչ:

Կռապաշտությունն էլ ո՞նց է լինում: Մանավանդ, որ այդ ախտով տառապողների համար ընդամենը երկու կուռք է մնացել աշխարհում: Երկուսն էլ` հոգեգար մոլուցքով տենդալի ու սիամական երկվորյակների նման միմյանցից անբաժան. փող և պաշտոն: Առանց կանոնների մարտեր հիշեցնող մրցավազքում փող են հափռում, որ պաշտոն ձեռք գցեն, պաշտոնն էլ մուրում են, որ փող դիզեն: Եթե դեռ հումոր անելու սիրտ լիներ, կհարցնեինք` ա´յ ապաշնորհներ, այդ երկու պիտույքներով կարելի էր լավ ապրել և ուրիշներին էլ լավ կյանք ապահովել. դրանց արժե՞քն ինչու այդքան նսեմացրիք:

Մի խոսքով, մարդկանց մոլորակում մարդկային հատկանիշների պակասորդ կա: Վտանգված է մարդկության ապագան. ներկա չունեցողը կամ իր ներկայից փախչողը չի կարող ապագա ունենալ: Իսկ անցյալի վկայություն կոթողներն էլ անխնա ջնջում-վերացնում են աստվածուրաց ասպատակները… Իսկապե՞ս «վերջին օրերն» են մոտեցել (ասվել է, չէ՞` «վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու»):

Այո, սարսափելի է, այո` մարող ամեն հույսի հետ խավարն է սաստկանում աշխարհում: Բայց մի մոռացիր, մարդ արարած. դեպի լուսաբաց տանող միակ ճամփան գիշերվա միջով է անցնում: Պարզապես մութ գիշերով առաջ շարժվելու, լուսատու գտնելու համար պետք է շատ ավելի զգույշ ընթանաս: Ոչ թե վախվորած, այլ սթափ զգուշությամբ` որոնումներդ ու անելիքդ խելամիտ հաշվարկելով: Իսկ հանուն լուսավոր արշալույսի` գուցե իսկապե՞ս արժե հարկադիր մի կանգառ էլ անել: Կանգառ, ասել է թե դադար` հոգուդ ներուժը չափելու, նյութական ու հոգևոր արժեքները բաղդատելու և առանց չարախնդրության` ծամածռված հոգիներին հիշեցնելու Պողոս Առաքյալի նախազգուշացումը.

- …ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի. գուցե թե ընկնի: (Կորնթ. Ժ 12)

Ինչ վերաբերում է մեր ժողովրդին` ապա ինչու չմտածել, որ փոթորիկներից հետո երկինքը շատ ավելի հանդարտ ու լուրթ է լինում: Իսկ հույսը նեղացկոտ կնոջ նման է. խռոված հեռանալուց հետո էլ հայացքն իր սիրելիների կողմն է ու անպայման վերադառնում է, եթե իրեն կանչող ու սպասող կա:

Ու թե իսկապես «վերջին օրերն» են մոտենում, ուրեմն թող մարդկության տառապանքների, անարդարությունների վերջն ազդարարեն: