Ես հավատում եմ իմ խաչին


«Մեծագույն գրքերից կյանքի գիրքն է, որը չի կարելի ո°չ ծալել, ո°չ էլ նորից բացել կամայականորեն»: ԼԱՄԱՐԹԻՆ Ասում են` մարդու ապրածն իմաստավորվում է 50-ից սկսյալ, երբ վերելքներից ու վայրէջքներից իմաստնացած շեմում է այդ սահմանագիծը: Այդ տարիքում նա տիրապետում է այն ամենին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի 50-ամյա «տարեգրությունը» ասվածի վկայությունն է: Նրա կարծիքով` մարդը ստեղծված չէ պարտություն կրելու համար, յուրաքանչյուրի մեջ «նստած» է խորհելու և ճիշտ գործելու ունակությունը, պարզապես դրանցից օգտվել է պետք: Ճշմարիտ ապրելու սերմերը Դավիթի հոգում արմատավորվում էին այն ժամանակվանից, երբ մտավորական հոր օջախին հարազատացած գրական, մշակութային, գիտական ողջ փաղանգը սեղանի շուրջ վիճում, քննարկում էր կյանքի լավն ու վատը: Մանկական խաղով տարված Դավիթի համար թեև անըմբռնելի էր այդ ամենը, այնուամենայնիվ, մշակութային այդ եռացող կաթսայում նա դաստիարակվեց` դառնալով այդ մարդկանց հոգևոր կյանքի ժառանգորդը: Էությամբ արկածախնդիր ու չարաճճի պատանու համար Թոմ Սոյերի ու Ժյուլ Վեռնի հերոսների սխրանքների ընդօրինակումը ոչ միայն հաճույք էր, այլև ուսանելի: Սակայն չարաճճիությունը երբևէ չարության չվերածվեց, քանի որ վերջինիս սերմերից հոգին մաքուր էր: Այդպես էլ մեծանում էր` ականջը հոր խորհուրդ ներին, աչքը` նրա ապրելակերպին: Ու երբ մի օր հարցրեց հորը` ինչպե՞ս ապրել, ճի՞շտ, թե՞ լավ, պատասխանն իմաստուն էր` ճիշտ ապրելով ձգտել լավին: Մինչ այսօր էլ ճշտի հաշվին չի ձգտել լավ ապրելուն: Բարի համբավից առավել ի՞նչ կա ավելի թանկ: «Ինչ որ արել եմ, արել եմ այնպես, որ երեխաներս չամաչեն իմ զավակները կոչվելու համար»: Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները, ովքեր լուծման լավագույն տարբերակը գտնելու ակնկալիքով վերլուծում են առկա խնդիրները: «Հարկավոր է գտնել ճիշտ լուծումը, ապա թե ոչ, այն բուրգի պես կծառանա քո առջև և կդառնա անհաղթահարելի: Կյանքը սովորեցրեց ինձ չերկնչել դժվարություններից: Եթե թելը քաշելիս պատը գլխիդ փլվելու վտանգ կա, նախ պիտի պատը բաղդատել և նոր միայն քաշել թելը: Մարդը համառորեն պիտի գնա նպատակների ետևից, եթե, իհարկե, միտումը դրական է»: Իսկ ճակատագի՞րը: «Այն միշտ արդարամիտ մարդու կողմն է, հավատացե°ք: Ես ի°մ խաչին եմ հավատում, այն ինձ միշտ է օգնել: Այն չվերծանված երևույթ է: Տիեզերական ամբողջության մեջ կյանքը ճանաչում ենք մեկ տոկոսի չափով միայն»: