«ՄԵՆՔ ՀԱՄՈՎ ԱԶԳ ԵՆՔ»


Այսօր, երբ հետադարձ հայացք ենք նետում այն ցուրտ ու խավար, քաղցի տարիներին, որը ճակատագրի հեգնանքով բաժին ընկավ մեր տառապյալ ժողովրդին` մաքառելով միայն հայ ժողովրդին վայել խիզախությամբ, տոկունությամբ և լռելյայն համբերությամբ, նա արժանապատվորեն դիմակայեց և հաղթանակած դուրս եկավ ճակատագրի դաժան հարվածներից` չկորցնելով իր բարոյական նկարագիրը: Այդ մղձավանջային տարիներին հայ թատրոնի դերասանները, ինչպես նաև այն երիտասարդները, որոնք դեռ ուսանում էին և մուտք չէին գործել թատերական աշխարհ, անհաղորդ էին այն մոգական ուժին, որը միշտ ի զորու է իրականության պատնեշներն անտեսելու և իր կերտած աշխարհում հավերժորեն անրջելու, սակայն, կարծես թե վերջիններս կորցնում էին այն լույսի շողը, որը միշտ կուռ առաջնորդն է եղել ճշմարիտ արվեստագետի: Եվ այդժամ Աստծո ողորմությամբ հայտնվում է այն անքակտելի երկկողմանի կամուրջը, որի զորությանը մինչ այսօր ականատեսն ենք: Այդ հրաշագործ առաքյալն էր տաղանդավոր դերասան և բեմադրիչ Նարեկ ԴՈՒՐՅԱՆԸ: Ֆրանսիայում, որտեղ ապրում և ստեղծագործում է մեր հայրենակիցը` հիմնում է թատրոն, որն ունի իր կայուն խաղացանկը և իր ներկայացումներով ոգևորում է ողջ սփյուռքահայությանը: Նարեկ Դուրյան անհատականությունը ոչ միայն օժտված է վառ տաղանդով, այլ նաև բացառիկ մարդկային հատկանիշներով, որում ակնառու է նրա մեծ հայրենասիրությունը և նվիրումն իր հայրենիքին: Այդ ծանր գոյատևման տարիներին, երբ դերասանները հուսահատ որոնում էին իրենց հանապազօրյա հացը, ապերախտ կլինենք, եթե մոռացության մատնենք այն, որ ի շնորհիվ Նարեկ Դուրյանի մեր դերասաններին հնարավորություն ընձեռվեց Երևանից մեկնել Ֆրանսիա, խաղալ մեր հայրենակցի բեմադրություններում, այնուհետև հյուրախա ղերով շրջագայել Եգիպտոսում, Լոնդոնում, Արգենտինայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Եվ այսպես, Հովհ, Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում (Association Theatre de la boheme-ը) ներկայացնում Է (Մորաքույրը` Փարիզից) երաժշտական կատակերգություն` ըստ Թ. Բրանդոնի: (Բեմադրությունը, երաժշտությունը և պիեսի ադապտացիան` Նարեկ Դուրյանի): Թատերասեր հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց և ողջունեց ներկայացումը: Նրանց ծիծաղն անբռնազբոս էր, այնպիսի ջերմություն էր հորդում, երբ բեմում հայտնվեց (Մորաքույրը` Փարիզից), այնպիսի մորաքույր, որ յուրաքանչյուրը միայն կարող է երազել: - Շնորհավորում ենք Ձեզ: «Մորաքույրը` Փարիզից» ներկայացումը մեր հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց և սիրեց: Այդ ամենի վառ վկայությունն է ներկայացման օրերին հանդիսատեսի մեծ հոսքը, որն իսկապես շատ հաճելի Է: Մեզ համար նույնքան հաճելի Է, որ Դուք կրկին Երևանում եք: Պարոն Դուրյան, Դուք դիտե՞լ եք մեր թատրոններում որևէ ներկայացում: - Ցավով եմ նշում, որ զբաղվածությանս պատճառով, պարզապես ֆիզիկապես չեմ հասցնում: Մենք անդադար խաղում ենք, և ես ամեն ներկայացմանը խաղում եմ այնպես, ինչպես կխաղայի առաջին անգամ: Վեց ամիս առաջ դիտել եմ ներկայացում Պ. Կամերային թատրոնում: Ինձ դուր է գալիս Արա Երնջակյանի ոճը: Ես ակադեմիզմին դեմ չեմ, սակայն դա իմը չէ: Երբ բեմում փոքրիկ աղջիկը տիկնիկը գրկին մամա է խաղում, ես հավատում եմ, որովհետև ոչ մի դերասանուհի այդպես չի կարող խաղալ և հավատալ: Երնջակյանի ներկայացումներում հանդիսատեսը մասնակից է և մասնակից չէ: Ինձ այդ ոճը դուր է գալիս: Հավանաբար Դուք նկատած կլինեք, որ իմ բեմադրության մեջ բեմում րնդամենը վեց աթոռ է: Սիրում և գնահատում եմ նաև Վարդան Պետրոսյանի ոճը, ի դեպ, դիտել եմ նաև Վարդանի ներկայացումը: Ինձ դուր է եկել, նա ամեն ներկայացում խաղում է այնպես, ինչպես կխաղար առաջին անգամ: Անկեղծորեն հիանում եմ նրա աշխատասիրությամբ: Նա արժանի է այն հաջողություններին, որ այսօր ունի: Ես ողջունում եմ նրան և ցանկանում լավագույնը: Բրավո: Ես նկատում եմ քաղաքում ներկայացման պաստառների շարանը, որն ինձ շատ ուրախացնում է: - Հավանաբար նկատել եք, որ այսօր մեր արվեստագետներին մտահոգող և հուզող թեմաներից մեկը սերիալներն են: Կարծում եմ` Դուք ձեռնպահ չեք այդ հարցում: - Իսկապես մտահոգվելու առիթ կա: Ինքնին գաղափարը լավն է, ես ողջունում եմ: Փորձեք մեր շուրջը նայել, մտեք որևէ սրճարան կամ որևէ շենքի բակ, ինքներդ կնկատեք, որ արդեն սերիալ է: Մենք համով ազգ ենք: Իտալացիները նույնպես նկարում են, սակայն մի տարբերությամբ, նրանք տարիներ աշխատում են սցենարի վրա, ապա նոր սկսում նկարահանումները: Մեզ մոտ մրցավազք է: Նորից եմ կրկնում` գաղափարը լավն է, թող յոթ սցենարիստ աշխատեն սցենարի վրա, այնուհետև սկսեն նկարահանումները: Այն գռեհկությունը, հայհոյանքը, ժառգոնը, որ մեզ հրամցնում են եթերից անդադար, սոսկալի է: Ես արգելել եմ երեխաներիս հեռուստացույց դիտել: Նրանք հրաշալի հայերեն են խոսում, հաճախում են եկեղեցի, երգում այնտեղ, իսկ արձակուրդներին, երբ գալիս են Հայաստան, անցնում են այն ճանապարհով, որով ես անցել եմ իմ մանկության տարիներին: Այսուհանդերձ, ես արգելել եմ երեխաներիս հեռուստացույց դիտել` հիմնավորելով այն հանգամանքը, որ այն, ինչ ցուցադրվում է եթերում, ամբողջովին հակառակն է մեր բարոյական նկարագրի: Այն, ինչ նրանք տեսնում են եթերից, դա մենք չենք: Ես հակասովետ մեծացած մարդ, այսօր մի նախադասություն եմ ասում, ես կարոտով եմ հիշում Սովետական ցենզուրան: - Ինչպիսի՞ անակնկալներ են սպասվում Ձեր երկրպագուներին: - Կապրենք, կտեսնենք: Հաջորդ տարի հիսունամյակս ցանկություն ունեմ նշելու: - Կա՞ որևէ կերպար, որ կցանկանայիք խաղալ: - Սիրանո Դը Բերժերակ: Ինձ թվում է, ես շատ նման եմ այդ կերպարին:

Ազնիվ ՎԱՐԴԱՆՅԱՆ