ԱՅՍՊԵՍ ԵՆ ՏՐՎՈՒՍ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ


Սյունյաց աշխարհը դարեր շարունակ մեր երկրին պարգևել է բազմաթիվ քաջ մարտիկներ, որոնց շարքում կարելի է դասել քաջ և ազնիվ մարտիկ Համլետ Մինասյանին: Համլետ Մինասյանը Խաչունց Բադիի եղբոր որդին էր, ում դրական կերպարը նկարագրված է Սերո Խանզադյանի համանուն երկում£ Համլետի մյուս հորեղբայրը` Վոլոդյա Մինասյանը, հայ մեծ գրողներ` Չարենցի, Շիրազի և Խանզադյանի մտերիմ բարեկամն էր, ով հենց առաջին օրից զինակոչվել էր Հայրենական Մեծ պատերազմին (կապիտան էր) և զոհվեց 1943 թվականին... Համլետի տատը հաճախակի էր պատմում նրան Սյունյաց երկրում բացառիկ ճանաչված Բադու սխրագործությունների, Հայրենական Մեծ պատերազմում զոհված որդու` Վոլոդյա Մինասյանի արտակարգ ընդունակության ու խիզախության մասին: Եվ հենց այս կերպարն էլ հետագայում ոգեշնչեց Համլետին£ Նա մանկուց գրում էր բանաստեղծություններ` սիրո, կարոտի, տխրության ու հայրենիքի մասին: Բայց բանաստեղծ չդարձավ, պատանության օդեղեն երազները վաղանցուկ էին: Նա զինվորական էր կոչումով, ապրելակերպով, ճակատագրով: Ծնվել է 1958 թվականին Թուրքմենստանի Մարի քաղաքում, որտեղ ժամանակավորապես բնակվում էին նրա ծնողները` Գորիսի շրջանի Հարժիս և Կյուրու գյուղերի ծնունդ Լալազար և Արաքսյա Մինասյանները: 1965 թվականին ընդունվել է դպրոց, 3 տարի սովորելուց հետո ընտանիքով տեղափոխվել են Երևան: Ուսումը շարունակել է Երևանի թիվ 62 դպրոցում, որն ավարտել է 1975 թվականին: Նույն տարում ընդունվել է Կամենեց-Պոդոլսկի ռազմական բարձրագույն ինժեներական ուսումնարանը` ինժեներ-սակրավորների ֆակուլտետ: Այն ավարտելուց հետո ծառայել է Երևանում, Վրաստանում, Վլադիկավկազում, Կամչատկայի Պետրոպավլովսկում: 1985 թվականին զորացրվել է խորհրդային բանակից: Աշխատել է ՀՀ պաշտպանության կոմիտեում: 1985 թվականին դիմում է Խորհրդային Միության զինված ուժերի նախարարությանը` զինվորական ակադեմիա ընդունվելու համար, սակայն նրան թույլ չեն տալիս քննություն հանձնել` ազգությամբ հայ լինելու պատճառով: Դարաբաղյան շարժման առաջին օրերից ակտիվ մասնակցում էր տարբեր միջոցառումների կազմակերպմանը` համախմբելով բոլոր նրանց, ովքեր հոգով և սրտով նվիրված էին հայրենիքի պաշտպանությանը և ձգտում էին նրա անկախությանը: Համլետը բազմիցս պատրաստակամություն հայտնեց լինել Գորիսում և անձամբ նպաստել սահմանամերձ բնակչության անվտանգության ապահովմանը, ինքնապաշտպա նությանը: 1991 թվականի ամռանը նա մասնակցեց Հյուսիսային Արցախի էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Սանրի, Սու և վերջապես Թոդան գյուղերր թուրք օմոնականներից ազատելու մարտերին: Վերջին մարտը ճակատագիր էր, բախտ... Այդ ժամանակ հայ ազգաբնակչության գլխին կրկին ցեղասպանության և բռնագաղթի վտանգն էր կախված: Միանալով 30 հայ կամավորականների ջոկատին, որը գյուղի բարձունքում կյանքի ու մահվան պայքար էր մղում 400 զինված օմոնականների դեմ` Համլետը, ոազմիկ-ինժեների իր մասնագիտությամբ հետախուզում էր թշնամու դիրքերը և հայ քաջորդիներին կոչում սխրանքի: Թոդանի գեղատեսիլ բարձունքում, դադարի պահին, երբ խաղաղվում էր զինվորը, և չէր կրակում հրազենը, մուսաներն այցելում էին քաջարի լեռնեցուն... Համլետը ունենալով եզակի մասնագիտություն (ականների, այդ թվում նաև միջուկային` հայտնաբերման ու ոչնչացման) իր գիտելիքները, զինվորական կյանքի մեծ փորձը հաղորդել է զինվորներին, մարտական ընկերներին, ինքնապաշտպանության ջոկատներին: Համլետի կատարած գործողությունները փրկել են շատ մարդկանց կյանք սահմանամերձ շրջաններում` Ղարաբաղում, Շահումյանի շրջանում: Նա դեռ կռիվ ուներ, իղձեր ուներ սրբազան, ինչի համար պայքարի էր ելել ու ընկավ անավարտ երազների ճանապարհին` հազար բաղձանք ու տենչ պահած հոգում: Վերջին անգամ Համլետը Հյուսիսային Արցախ է մեկնում 1991 թվականի դեկտեմբերի 5-ին հատուկ հանձնարարությամբ: 3 օր անց նա ռադիոգրով իրազեկում է հանձնարարության կատարման մասին: Սակայն հաշվի առնելով ծավալվող մարտական գործողությունների կարևորությունը` փորձառու մասնագետը վճռում է մնալ և մասնակցել սպասվող մարտերին: Թոդանի բարձունքում կարծես կանխազգալով իր մոտալուտ մահը, հանգիստ սրտով իր զինակիցներին պատգամել է. «Թշնամուն, տղերք, վանեցեք, ջնջեք, որ Հայոց հողում ես հանգիստ ննջեմ...»£ Մասնակցելով Թոդան, Էրքեջ գյուղերի ազատագրման ծրագրերի մշակմանը, Համլետ Մինասյանը անձամբ մասնակցում է նաև գրոհներին, որոնց ժամանակ էլ զոհվում է իր 4 զինակից ընկերների հետ: Զոհվելուց մեկ օր առաջ Համլետը գրել է իր վերջին բանաստեղծությունը. Ու եթե ընկնեմ հանուն Արցախի, Շիրմիս շաղ չտաք ծաղիկներ ու լաց, Տղերք, ջնջեցեք թշնամուն վայրի, Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ: Համլետ Մինասյանը ծնողների միակ որդին էր, 3 քրոջ եղբայր: Սիրում էր ոչ միայն զենքով նվիրվել իր ժողովրդին, այլև գրչով ներբողել հայրենի եզերքը, իր խոհերն ու հույզերը որպես չափածո խոսք և երգ փոխանցել իր ընկերներին. «Հավատա դու մեր ուժին, կազատենք քեզ, ով Շուշի...»: Բանաստեղծ սպայի լավատեսությունն իրականացավ իր եղերական մահից 5 ամիս հետո` 1992 թվականի մայիսի 9-ին Շուշին ազատագրվեց: Ցավոք, Համլետ Մինասյանը չհասցրեց վայելել հաղթանակի բերկրանքը: Երևանի Քանաքեռ թաղամասի գերեզմանոցում, ուր հանգչում է հերոսի աճյունը, կանգնած է նրա մահարձանը: Գեներալ Գ. Դալիբալթայանը հիշում է. - Ես շատ էի վստահում նրան, երևի բոլորից ավելի շատ, որովհետև միշտ արդարացրել էր իմ սպասելիքները: Միայն Նյուվադիի գրավման օրինակը, որի նախապատրաս տական աշխատանքները կատարել էր ինքը (հետախուզություն, քարտեզագրում, նկարչի ձիրք, ուժերի բաշխում և այլն), հերիք էր` պատկերացում կազմելու համար նրա անսպառ երևակայության ու զինվորական գործի տաղանդով օժտված լինելու մասին: Ուստի, խիստ հրաման տվեցի` մասնակցել ռազմական գործողություններին: Հրամայեցի, բայց ինքս էլ գիտեի, որ այդ կարգի հրամաններին չի սիրում ենթարկվել: Նա ձգտում էր լինել առաջին գծում: Հայ ազգի Սասունցի Դավթի կենդանի կերպարը Համլետ Մինասյանն էր: Այսպես են կոփվում հաղթանակները: ՀՀ Նախագահի հրամանագրով Համլետ Մինասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Քննարկվում է նրան Հայ ազգային հերոսի կոչման արժանացնելու հարցը: Երևանի թիվ 62 դպրոցում ռազմագիտության կաբինետը և Գորիսի շրջանի Հարժիս գյուղի դպրոցը կրում են նրա անունը: Նրա կիսանդրին տեղադրված է ՀՀ ՊՆ թանգարանում:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ