Պաշտպանության նախարարի հերթական շրջայցը


Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այցի ընթացքում Պաշտպանության նախարարը մարզում տեղակայված մի շարք զորամասերում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանն ու սոցիալ-կենցաղային պայմաններին: Ս. Օհանյանը եղել է նաև առաջնային գծի հենակետերում, ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ծառայության պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել պարտականությունների իմացությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է նաև մարզի սահմանամերձ մի շարք գյուղերում: Բնակիչների հետ հանդիպումներում Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նրանց պաշտպանությունը հուսալի ձեռքերում է և արվում է ամեն ինչ` սահմանամերձ բնակչության աշխատանքային առօրյան առավել անվտանգ դարձնելու համար: Կասեցվել է սահմանի խախտման հերթական փորձը Օրեր առաջ արձանագրվեց Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաև անասնագողությամբ: Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի տարածքում ՀՀ զինծառայողների կողմից բացահայտվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով և դիվերսիոն խմբին հատուկ սպառազինությամբ հանդերձավորված 5 հոգուց բաղկացած խումբ: Գնահատելով իրավիճակը` մեր զինծառայողները նախազգուշական կրակ են բացել: Սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներից մեկը վիրավորվել է և գերեվարվել: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Երկրորդ վիրավորված զինյալը և խմբի մնացած անդամները մթության պայմաններում կարողացել են փախչել Ադրբեջան: Իրականացված միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հաստատում են, որ ադրբեջանական կողմը պատրաստվում էր Հայաստանի տարածք ուղարկել ևս մի քանի հետախուզական խմբեր: Դրանց հնարավոր գործունեությունը խափանելու նպատակով ՀՀ ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների կողմից կազմակերպվել էին սահմանի տվյալ հատվածի պահպանության լրացուցիչ միջոցառումներ: Նույն օրը ավելի ուշ, ժամը 21-ի սահմաններում, Կոթի գյուղի մոտակայքում նկատվում է Ադրբեջանից ներթափանցած օպտիկական նշանառության սարքերով, ինքնաձիգ ներով զինված և սև գույնի քողարկիչ համազգեստով հանդերձավորված 3 հոգուց բաղկացած ևս մեկ խումբ, որը շարժվում է դեպի մոտակա անտառը: Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ խումբը գործել է թիկունքից ապահովող մեկ այլ խմբի կրակային աջակցությամբ: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինյալները, կորուստներ կրելով, նահանջել են` չեզոք գոտում թողնելով երկու դիակ: Սպանված ադրբեջանցիներից մեկի դիակը մարտի 5-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում չեզոք գոտուց տեղափոխվել է ՀՀ տարածք: Ընդհանուր առմամբ, մարտի 3-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում սպանվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած 3 զինյալ, որոնցից 2-ի դիակները գտնվում են Հայաստանում: Վիրավորվել է մեկ անձ` Իբրահիմ անունով, ում հաջողվել է հասնել Ադրբեջանի տարածք: Օպերատիվ ճանապարհով ճշտվել են նաև ադրբեջանական զինյալներից ևս մի քանիսի անունները` Վելիև Վալի, Նամազով Սագիֆ` Կյոսալար գյուղից, ոմն Նիզամի և Խագանի: Հայկական կողմում գտնվող 2 դիակներից մեկի` Հասանի բջջային հեռախոսի մեջ կան տարբեր տեսագրություններ` նահատակ-շահիդի թաղման արարողության, Ղազախի ներքին զորքերի ստորաբաժանումների հատուկ պատրաստության և ազանների` կրոնական արարողության վերաբերյալ: Հասանի բջջային հեռախոսում կային նաև լուսանկար ներ, որոնք, ըստ երևույթին, նրա հարազատներն են: Չի բացառվում, որ սպանված սահմանախախտները վահաբականության` ծայրահեղ արմատական իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ էին: Նրանց մոտ հայտնաբերված անձնական իրերն ու մարմնի տարբեր մասերում առկա դաջվածքները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք առնչություն են ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և անցել են հատուկ պատրաստություն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն