Նախագահի եկամուտները նվազել են


 

Տարօրինակ է, չէ՞. այն էլ գերտերության նախագահի ընտանիքի եկամուտը 2011-ին կրճատվել է գրեթե կրկնակի չափով. 2010-ին Օբամա ամուսինները վաստակել էին 1,73 միլիոն դոլար, իսկ անցյալ տարի` շուրջ 790 հազար: Այս տվյալներն AFP-ն ներկայացրել է անցյալ ուրբաթ հրապարակված հարկային հայտարարագրից:

Ընտանիքի ֆինեկամուտների գրեթե կեսը Բարաք Օբամայի աշխատավարձն է: Եկամուտների մեկ այլ աղբյուր էլ նրա գրած գրքերի վաճառքից գոյացած գումարն է: Օբամա ամուսինները տարվա կտրվածքով պետբյուջե մուծել են ավելի քան 160 հազար դոլար` նախորդ տարվա 454 հազարի փոխարեն: Բարեգործական նպատակներին հատկացրել են 172 հազար դոլար` 2010-ի 245 հազարի դիմաց: Ի դեպ, Օբամայի բարեգործություններն հիմնականում ուղղվում են պատերազմի հաշմանդամներին և մարտական գործողություն ներում զոհվածների երեխաներին:

Նահանգների նախագահը հարկեր վճարում է «Բաֆետի կանոնով»` 20,5 տոկոս: Բաֆետի առաջարկած այս սկզբունքի համաձայն` տարեկան 1 միլիոն դոլարից ավելի եկամուտ ունեցող միջին խավից բարձր ամերիկացիները պետք է մասհանում կատարեն պետական գանձարանին:

Նույն` 2011 թ. ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և կնոջ` Ջիլի համատեղ եկամուտը կազմել է 379 հազար դոլար: Դրանից 88 հազարը նրանք վճարել են որպես հարկ:

Ապրիլի 12-ին իրենց եկամուտներին անդրադարձել են նաև ՌԴ ղեկավարները: Դմ. Մեդվեդևն այդ ընթացքում վաստակել է մոտ 3,4 միլիոն, իսկ Վլ. Պուտինը` 3,7 միլիոն ռուբլի: