ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ.

 

«ՄԵՆՔ ԱՄԵՆՈՒՐ ԵՆՔ ՈՒ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ»


 

...Մենք անտարբեր, անհոգի, անարդար լինելու իրավունք չունենք: Մեր ժողովուրդը բազում օրինակներով է հաստատել, որ կարող է դիմանալ պատերազմին ու խավարին, սովին ու ամեն ինչի սակավությանը, բայց արդարության դեֆիցիտին չի դիմանում: Եվ չի հանդուրժում անարդարությունը: Իսկ մենք այդ արդարության ոչ միայն կրողն ու պահապանն ենք, այլև արարողը: Մենք արդարություն ենք արարում ամեն օր, ամեն պահի` երբ բռնում ենք հանցավորի ձեռքը, երբ սթափության ենք կոչում կարգազանց վարորդին, երբ անձնագիր ենք տալիս նորահաս պատանուն, երբ դպրոցականին բացատրում ենք իր իրավունքներն ու պարտականությունները:

Մենք ամենուր ենք ու բոլորի հետ: Մենք բոլորի աչքի առաջ ենք` թափանցիկ, բաց, տեսանելի, և մեր յուրաքանչյուր քայլով գնահատվում ենք ոչ միայն ինքներս, այլև պետությունն է գնահատվում, երկրի ընթացքն ու ապագան:

Մենք ուժ ենք, իսկ դա ծանր խաչ է: Որովհետև ուժը պետք է ծառայի արդարությանը: Արդարությանը և օրենքին: Հասարակությանը և քաղաքացուն: Պետականության հզորացմանը և պետության ապագային...

Մեր համակարգի բարեփոխման գերնպատակներից մեկը ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ու վստահության ամրապնդումն է: Ավելի´ն. հասարակությունը ոստիկանության դաշնակիցն ու գործընկերը պիտի լինի: Առանց բարոյահոգեբանական այսպիսի մթնոլորտի հաստատման ոչ միայն անհնար է լիարժեք հակազդել հանցավորութ յանը, անհնար է նույնիսկ տարրական կարգուկանոն պահպանել: Անհավատությունն ու անվստահությունը այն որոմն են, որ խեղդում է սիրո, բարու, բանականության առողջ սերմերը: Իսկ մենք հավատավոր ժողովուրդ ու հոգևոր երկիր պիտի լինենք:

...Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մեր դարի հասակակիցն է, ավելին` մեր հանրապետության հասակակիցը, նաև ժառանգորդը նախորդ տասնամյակների լավագույն ավանդույթների: Եվ մեր խոսքն ու գործը ոչ միայն հիշողություն-ժամանակն է հսկում, այլև մեր զինակիցները, որոնց հետ ճանապարհ ելանք, որոնք դարձան լեգենդ ու առասպել` ընկան մարտի դաշտում կամ հանցագործի հետ գոտեմարտում, որ շարունակվի ճանապարհը:

Այսօր նրանց տոնն է ամենից առաջ: Եվ գլուխ խոնարհելով մեր զոհված զինակիցների անմար հիշատակին ու շնորհավորելով նրանց հարազատներին տոնի առթիվ` ասում եմ` մեր խոսքը գործ է, մեր գործը` լավագույն կոթողը նրանց անմահության:

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին:

Դուք շարքում եք: Եվ, համոզված եղեք, ձեր իմաստուն ներկայությունը մեզ միշտ զգոն է պահում պատվիրանի պես:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, երիտասարդներին ու բազմափորձ ոստիկաններին, մեր գործընկերուհիներին, բոլորիս ընտանիքներին, որ թիկունք են մեզ ամենուր ու միշտ:

Մաղթում եմ բոլորիդ հույս, հավատ, սեր, խաղաղություն ու բարօրություն:

Համոզված եմ, որ ոստիկանության 12-րդ տարեդարձը տոնելու ենք նորոգ ու նորացած, միասին ու միասնական, ահա այսպես` ոստիկանական մեր համերաշխ ընտանիքով և այս ճանապարհին, որ Տաճար է տանում:

Աստված մեզ պահապան:

Հատվածներ` ՀՀ Ոստիկանության 11-րդ տարեդարձի առթիվ բարեմաղթանքի խոսքից

Սիրելի հայ ոստիկաններ.

Ուզում եմ մայրական սրտից բխած իմ ջերմ մաղթանքները հղել համակարգի բոլոր աշխատակիցներին` ձեր մասնագիտական տոնի առթիվ: Թող մեր տեր Հիսուս Քրիստոսը լինի ձեզ պահապան, ձեզ զորավիգ լինի` պատվով կատարելու ձեր դժվարին աշխատանքը:

Ցանկանում եմ շնորհավորանքս և մայրական օրհնանքս ուղղել մեր շատ սիրելի Վլադիմիր Գասպարյանին. Աստված Ձեզ պահապան, թանկագին գեներալ-լեյտենանտ: Մենք` ազատամարտիկների մայրերս, լավ ենք ճանաչում Ձեր բարի և ազնիվ էությունը: Ես ու ինձ նման շատ-շատերը չենք կասկածում, որ ծանր ու պատասխանատու այս պաշտոնում ևս Դուք կարդարացնեք ու արդեն արդարացնում եք մեր հույսերը: