Օ¯, բարձիթողություն, անպատժելիություն է անունդ


Որ Հայաստանում հանցագործության դեպքերը շատացել են, ակնբախ է, ոչնչով չարդարացվող, և, որ ամենասարսափելին է, երևույթն այլևս զարմանք չի հարուցում: Ոստիկանությունն, անշուշտ, նաև հանցագործությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների խոստումնալից ծրագրեր ունի, սակայն... Եթե նույնիսկ այդ ուղղությամբ քայլեր էլ արվում են, արդյունքի չափման ցուցանիշ ունե՞ն ոստիկաննե րը: Փաստորեն ամենաբանուկ փողոցում անգամ մարդն իրեն անպաշտպան է զգում. եթե իր վրա էլ չհարձակվեն, ուրիշին ուղղված կրակոցները կարող են մահաբեր դառնալ իր համար... Դե, իսկ «եվրոչափանիշային» մարդու իրավունքներ ասվածի առանձին պահանջներ պարզապես մեր ազգային նկարագիրն են խաթարում ու սպառնում առողջ սերունդ ունենալու մեր իրավունքին: Հետապնդելի չէ՞ արդյոք մարմնավաճառություն կոչվածը: Պետք է, որ լինի: Մինչդեռ ոչ միայն հայ տղեկներն են «գունափոխվում»` օրը ցերեկով բոլորիս աչքի առջև, այլև հայ կինը վաճառքի է հանում իր մարմինը: Այն էլ` կենտրոնական փողոցներում, ինքնավստահ ու գոռոզամիտ մարտահրավեր նետողի կեցվածքով: Օրվա ապրուստը մի կերպ հոգացող մթերք վաճառողներին մենք հեռացրինք մեր փողոցներից` թե իբր քաղաքակիրթ չէ առևտրի այդ տեսակը: Իսկ ի՞նչ է` սեռական ծառայություն առաջարկող կանայք քաղաքակրթության շրջանակներո՞ւմ են «սեփականաշնորհել» մայրաքաղաքի առանձին փողոցներ` ի տես բոլորի և ի հրավիրումն էժան «ապրանքի» սիրահարների: Քաղաքային իշխանությունների և ոստիկանության ամենատես հայացքից ինչպե՞ս են վրիպում նրանք (կամ վրիպո՞ւմ են արդյոք): Թող փորձի «պատահական» որևէ կին պատահաբար մի պահ կանգ առնել այդ «աղջիկների» կողքին: Գովելի համարձակություն կլինի` անկանխատեսելի հետևանքներով: Խորհրդային տարիներին աշխարհի հնագույն այդ արհեստով զբաղվողները միլիցիայի լավագույն գործակալներ էին նաև, սակայն իրենց մասնագիտությամբ ծածուկ էին զբաղվում: Այսօր գուցե ասողներ լինեն, թե մարդու իրավունքների սահմանափակո՞ւմ կդիտվի սեփական մարմինը աճուրդի հանողներին սաստելն ու հասարակական վայրերից վռնդելը: Ճիշտ հակառակը, այդպիսիները հասարակության իրավունքներն են ոտնահարում: Ի դեպ, քաղաքակիրթ երկրներում այդպիսիներին նույնիսկ մեկուսացնում են, եթե նրանց «ազատամտության» դեմ դժգոհում է թեկուզ մեկ քաղաքացի: Իսկ մենք դեռ ստիպված ենք ինքներս ամաչել ու զայրանալ (ամաչելով զայրանալ, զարմանալով ամաչել) մեր վայ-հայրենակցուհիների այս ամոթալի ինքնաաճուրդի համար: Էժան, հարմար գնով մարմին վաճառող «սիրո այս քրմուհիների» մշտական «աշխատատեղիները» անհա՞յտ են ոստիկաններին: Եթե այո, առաջարկում ենք ժամը 18-19-ից հետո մի քիչ ավելի ուշադիր շրջագայել Ագաթանգեղոսի, Լենինգրադյան, մարզահամերգային համալիրին հարող, նույնիսկ (մեղա՜, Տե°ր) Եռաբլուր տանող փողոցներով...

Լուսինե ԳԱԼՍՏՅԱՆ