Պատերազմն անհավանական է, թեև շրջադարձերը չեն բացառվում


ԴԵՌ հինգ¬վեց տարի առաջ փորձագետները հաճախ էին անդրադառնում ամերիկյան ռազմավարների մշակած «կառավարելի քաոսի» դոկտրինի կիրառման հավանականությանը: Այն ոչ միայն տարբեր պետություններում իրենց անցանկալի վարչակարգերին «սարքովի» հեղափոխություններով տապալելու նպատակ էր հետապնդում: Պենտագոնի գլխավոր ռազմաքաղաքական խնդիրը երկար տարիներ բանակցությունների միջոցով չլուծված հակամարտությունները «բլից» պատերազմների սցենարով հանգուցալուծման հասցնելն էր: Սակայն, շուտով Սպիտակ տանը հասկացան, թե ինչպիսի անկանխատեսելի վտանգներով է հղի այդպիսի մարտավարությամբ առաջնորդ վելը: Ի վերջո ԱՄՆ¬ն նույնիսկ Իրաքում ու Աֆղանստանում, երկար ժամանակ չի կարողանում ստեղծված քաոսը դարձնել «կառավարելի»: Ի դեպ, քաղաքագետների մի խումբ նույնիսկ համոզված էր, որ Բլից պատերազմի միջոցով ԱՄՆ¬ն պատրաստվում է «գծել» ԼՂ¬ի նոր քարտեզը` Հայաստանին և Ադրբեջանին կանգնեցնելով արդեն կատարված փաստի առաջ: Այժմ արդեն այդ մասին չեն խոսում: Այնպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, նման «խաղերն» առավել քան անկանխատե սելի հետևանքներով է հղի: Կա ռուսական գործոնը, որը խառնում է Արևմտյան բոլոր խաղաքարտերը: 2008¬ի ռուս-վրացական պատերազմը յուրօրինակ լակմուսի դեր կատարեց: Ամբողջ աշխարհին հասկացվեց, որ Հարավային Կովկասը եղել և մնում է ռուսական ազդեցության գոտի: Հիշենք, թե ինչպիսի հիմար վիճակում էր հայտնվել Արևմուտքը` հիշյալ պատերազմի ժամանակ և դրանից հետո: Աբխազիայի և Օսիայի անկախության ճանաչումը ՌԴ բացահայտ դեմարշն էր` թե´ ԱՄՆ¬ի, թե´ Եվրամիության դեմ ուղղված: Այսօրվա դրությամբ գրեթե չկան վերլուծաբաններ, ովքեր հիմնավորված փաստարկներով ապացուցեն, որ այնուամենայնիվ ԼՂՀ¬ի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան որևէ հեռանկար կարող է ունենալ: Առաջին հերթին հենց Ալիևն է հասկանում, որ ոչ մի գերտերություն ո´չ բարոյապես, ո´չ ռազմաքաղաքական առումով իրեն նեցուկ լինել չի կարող: Հաստատ գործելու է դոմինոյի էֆեկտը: Պատերազմի վերսկսման առաջին իսկ օրից չեզոք դիրք չեն կարող գրավել ո´չ Ռուսաստանը, ո´չ Իրանը, ո´չ Թուրքիան, ո´չ էլ Եվրամիությունը: Փորձագետները չեն բացառում, որ պատերազմը լայնածավալ բնույթ է կրելու` իր հորձանուտն առնելով մի շարք պետությունների. հետևաբար համաշխարհայինի փոխարկվելու վտանգ է պարունակելու: Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելն է´լ ավելի է խառնելու, բարդացնելու ու անկանխատեսելի դարձնելու իրավիճակը: Ադրբեջանը ո´չ ՆԱՏՕ¬ի, ո´չ էլ այլ ռազմական բլոկի անդամ չէ` ի տարբերություն Հայաստանի: Այնպես որ, Թուրքիայի միջամտությունը պատերազմին ոչ մի կերպ չի արդարացվելու. ընդհակառակը, դա հնարավորություն է տալու ՀԱՊԿ¬ին` անմիջապես անցնելու ռազմական գործողությունների: Եթե ԱՄՆ¬ը թեկուզ խաղաղություն հաստատելու նպատակով ոչ այնքան մեծ խաղաղապահ զորք իջեցնի արցախաադրբեջանական սահմանագծում, անմիջապես պատերազմի մեջ կմտնի Իրանը` հրթիռակոծելով ամերիկյան զորքերը: Դիվանագիտական ճանապարհով պատերազմը կանխելու մեծ ճիգեր կգործադրի հատկապես Մեծ Բրիտանիան: Քանզի պարզից էլ պարզ է, որ նախ ռմբակոծվելու են Ադրբեջանի ենթակառուցվածքները և առաջին հերթին նավթամուղերը, որոնց վրա Անգլիան միլիարդավոր դոլարներ է ծախսել: ՆԱՏՕ¬ն հաստատ ձեռնպահ կմնա և ինչ¬որ «շարժումներ» կարող է անել միայն այն դեպքում, եթե հայկական զորքերը մտնեն Բաքու: Եթե անգամ Թուրքիան ձևականորեն չմասնակցի պատերազմին, ապա դրանում ՀԱՊԿ¬ի, այսինքն Ռուսաստանի ներգրավումը գրեթե անխուսափելի կլինի: Ինչո՞ւ: Պատճառներից առանձնացնենք ամենահիմնականը: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը չի կարող դրանք սահմանափակել` գրոհելով միայն Արցախի վրա: Անպայմանորեն բախումներ կլինեն հայ¬ադրբեջանական հյուսիս¬արևելյան ճակատում, ինչպես նաև ՀՀ-Նախիջևան սահմանագծում: Այսինքն ՀԱՊԿ պայմանագրի հիմնական կետը` դաշնակից պետության անվտանգության պահպանումը շրջանցել ոչ մի կերպ հնարավոր չի լինի: Թե´ Հայաստանի ու Ռուսաստանի, թե´ արևմտյան փորձագետները գրեթե համոզված են, որ պատերազմը կավարտվի Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ: Իսկ դա նշանակում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության գոտու կտրուկ ընդլայնում: ԱՄՆ¬ը և Եվրամիությունը դա հիանալի գիտակցում են, դրա համար էլ սարսափում են պատերազմի վերսկսման հեռանկարից: Հետաքրքիր է, Ի. Ալիևը գոնե գիտակցո՞ւմ է, որ պատերազմի սանձազերծմամբ ոչ միայն նոր տարածքներ է կորցնելու, այլև անմիտ արկածախնդրության հետևանքով Հարավային Կովկասում ստեղծվելու է բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակ: Իսկ դրանից ամենաշատը շահելու է Ռուսաստանը, քանզի Ադրբեջանը երկար ժամանակ, գուցեև անվերադարձ գտնվելու է ռուսական «արջի» ծանր թաթի տակ: Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ¬ն, չի դիմի այնպիսի պայթյունավտանգ քայլի, որ խառնիփնթոր իրավիճակից օգտվելով` ռազմական հարված հասցնի Իրանին: Ռուսաստանը թույլ չի տա: Իսկ Ռուսաստանի կամքին դեմ գնալն այդ պարագայում, ինչպես վերը նշեցինք, կարող է հանգեցնել երրորդ աշխարհամարտին: Նույնիսկ այնպիսի գերհզոր խաղացող, ինչպիսին Չինաստանն է, Իրանին հարված հասցնելու ամերիկյան ծրագրերին դեմ դուրս կգա: Մի խոսքով, այսօրվա դրությամբ խաղաղության պահպանումն Ադրբեջանի և Հայաստանի ռազմական «բալանսի» պահպանմամբ չէ միայն պայմանավորված: Գերտերությունների գլոբալ շահերն է´լ ավելի ամուր զսպօղակի դեր են կատարում: Սակայն այս իրողությունները մեր իշխանությունների համար «փափուկ բարձի» վնասակար դեր չպետք է կատարեն: Արդի հարափոփոխ աշխարհում` կարճ ժամանակահատվածում իրավիճակների կտրուկ փոփոխություններ կարող են կատարվել, որոնց պետք է պատրաստ լինել` մշտապես մտքում կրկնելով` «երբեք, մի ասա երբե´ք»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ