ՆԱԽԱԳԾԻՆ ԴԵՄ ԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ


ԱԺ-ում քննարկվող ՀՀ պետական բյուջեի նախագծին դեմ են ՀՅԴ պատգամավորները: Նրանք իրենց բազմաթիվ ելույթներում քննադատության սլաքներն ուղղում են իշխանություններին, խոսում ժողովրդավարության բացակայության, բյուջեի անիրատեսության և էլի նման բաների մասին, որոնք, բնականաբար, զարդարում են ցանկացած ընդդիմադիրի լեզվամթերքը և նրան դարձնում առավել ժողովրդահաճ: Ուշագրավն այն է, որ ընկեր դաշնակցականները մոլի պայքար մղելով բյուջեի նախագծի դեմ և հայտարարելով նրա անիրատեսական լինելու մասին, մոռանում են, որ իրենք էլ գործուն մասնակցություն են ունեցել պատգամավորների աշխատավարձերը կրկնապատկելու խնդրին նվիրված քննարկումներին: Եվ ուրախացել են, որ հետայսու ստանալու են 600 հազար դրամ` միաժամանակ բարօր դարձնելով նաև իրենց այն բարեկամների ու հարազատների վիճակը, ովքեր աշխատավարձ են ստանում ԱԺ-ից` որպես պատգամավորի օգնական... Ընկեր դաշնակցականներից շատերն աղքատ չեն, նրանք հասցրել են պատգամավորությունից և կուսակցությունից եկող փողերով շքեղ բնակարան ներ գնել, ավտոմեքենաներ ձեռք բերել: Ոմանք էլ սեփական բիզնեսն են ստեղծել` ծերության օրերին ապահով ապրելու համար, իսկ ոմանք էլ հարազատ զավակներին տնօրեններ են կարգել, տեղավորել օգտավետ պաշտոններում: Մի խոսքով, շարունակելով համարվել սոցիալիստական ուղղվածության կուսակցության անդամներ` ընկեր դաշնակցականները բնավ էլ դեմ չեն եղել բուրժուական կայֆերին: Բայց, հիմա, ընտրությունների նախօրյակին, հանկարծ հիշել են, որ իրենք ժողովրդի բարեկամներն են, որ կոչված են պայքարելու սոցիալական հավասարության համար և սկսել են կուրծք ծեծելով ապացուցել, թե իրենք պուպուշ են, թե ժողովուրդը միայն իրենց պետք է վստահի ու հավատա: Բայց ինչպե՞ս նույն այս ժողովուրդը հավատա ընկեր դաշնակցականներին, երբ լինելով իշխանության մեջ` նրանք քիչ բան չարեցին` մեր վիճակը բարդացնելու, մեր ունեցվածքը քամուն տալու համար... Իշխանության կերատաշտից օգտվելու ժամանակ նրանք չէին խոսում «Գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքի, կարևորագույն նշանակության մի շարք կառույցների սեփականաշնորհման, էլի նման բաների դեմ: Այդ ժամանակ դաշնակցականներից ոմանք «Պատրոնդաշս կապել եմ» երգելով` կրակոցներ էին արձակում սրճարաններում, խմբապետական հաճույքներ վայելում և օգտվում հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից, իրենց անդամներից մի քանիսին նախարարներ էին կարգում, ովքեր էլ պատասխանատվություն պիտի կրեին նույն բյուջեի համար: Հիմա երևի այս ամենի մասին մոռացել են ընկեր դաշնակցականներն ու վերադառնում են ժողովրդի գիրկը` հաստատ մտածելով, թե էս խեղճուկրակ ժողովուրդն էնքան մոռացկոտ է, որ չի հիշելու դաշնակցականների «շինիչ» տեսլականների մասին ու հավատալու է նրանց: Երևի այսպես մտածելով են մեր եղբայր կուսակցականները բոցաշունչ ելույթներ ունենում, բոցկլտուն ճառեր ասում, քննադատում ժողովրդավարության այն տեսակը, որի հաստատման համար իրենք էլ քիչ ջանքեր չեն գործադրել: Մեր թատերագիրներից մեկը տասնամյակներ առաջ պիես էր գրել ու վերնագիրն էլ դրել` «Աշխարհն, այո, շուռ է եկել»: Մարդիկ նայում էին, հրճվում, ուրախանում, բայց այդպես էլ չէին հասկանում, թե որն է շուռ եկած աշխարհը: Հիմա ընկեր դաշնակցականները կռիվ են տալիս վիրտուալ կերպով շուռ եկած աշխարհի դեմ` ջանադրաբար մաքրելով իրենց հետքերը: Բայց այդ հետքերը շատ վաղուց մեր ժողովրդի սրտերում վերքեր են դարձել, իսկ վերքի սպին չի անցնում...