ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ. ԱԴՐԲԵՋԱՆ «Չտեսությունը» կարող է ճակատագրական լինել


Հոկտեմբերի վերջին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը փորձեց աչքի ընկնել խորաթափանցությամբ և հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ խաղաղ պայմանագրի մշակման աշխատանքների սկսումը կլիներ երկու կողմերի` խաղաղությանը հասնելու ձգտման ցուցանիշը: Սակայն Մամեդյարովը չկորցրեց իրեն և ավելացրեց, որ խաղաղ կարգավորման առաջին փուլում անհրաժեշտ է, որ «հայկական զորքերը դուրս բերվեն գոնե, այսպես կոչված, յոթ օկուպացված շրջաններից»: Ադրբեջանի իշխանավորներին բնորոշ քսուությամբ նա լրագրողներին հերթական անգամ սկսեց պատմել «Հեյդար պապիկի հեքիաթները»` մոռանալով վրաց իր գործընկերոջ հետ հանդիպման հիմնական նպատակի` վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունների մասին, ինչի առնչությամբ, ի դեպ, Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները բավականաչափ լարված են: Ահա այսպես, 1996 թվականից երկու կողմերի միջև ընթացող վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին բանակցությունները այդպես էլ տեղից չեն շարժվում Ադրբեջանի կողմից դրսևորվող ոչ իրատեսական դիրքորոշման պատճառով: Խոսքը, մասնավորապես, VI-րդ դարի վրաց ուղղափառ եկեղեցու` Դավիթ Գարեջայի քարանձավային վանքային համալիրի պատկանելիության հարցի մասին է: Հարկ է նշել, որ Վրաստանը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մի քանի անգամ հանդես է եկել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ փոխանակման առաջարկով, քանի որ Վրաստանի համար այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն: Սակայն պաշտոնական Բաքուն, կրկին անգամ զբաղվելով մշակութագողությամբ և վանքային համալիրը անվանելով «աղվանական մշակութային արժեք», հրաժարվում է փոխանակել այս տարածքը վերջինիս բարձունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ: Ինչևէ, փաստը մնում է փաստ, և խորհրդային տարիներին Արցախի ճակատագրին արժանացած ու Ադրբեջանին անտեղի փոխանցված վրացական տարածքը դեռևս գտնվում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկման տակ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիայի խոսքերով, արդեն 15 տարի ընթացող վրաց-ադրբեջանական բանակցութ յուններում ոչ մի առաջընթաց չկա: Ուսումնասիրելով Ադրբեջանի հարաբերությունները սահմանակից բոլոր պետությունների հետ (բացառությամբ Թուրքիայի, որը բուն Ադրբեջանի հետ սահման չունի և սահմանակցում է Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի ինքնավար մարզի հետ)` կարելի է եզրակացնել, որ թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, թե վրաց-ադրբեջա նական սահմանի ճշգրտման շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանի կողմից դրսևորվող ոչ իրատեսական և զավթողական մոտեցումները առկա են բոլոր հարևանների հետ հարաբերություններում: Տվյալ հարցում ևս ցանկանալով միջազգային հանրության ուշադրությունից կոցկել սահմանակից պետությունների նկատմամբ ունեցած տարածքային պահանջները` պաշտոնական Բաքուն դրանք վերագրում է Հայաստանին: Թե´ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները, թե´ ադրբեջանական մամուլը առիթը չեն կորցնում ավելորդ անգամ շեշտել, որ «Հայաստանը տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանների նկատմամբ», մինչդեռ պաշտոնական Երևանը Իրանի և Վրաստանի հետ տարածքային խնդիրներ չունի, պաշտոնական Թբիլիսիի հետ արդեն հասցրել է համաձայնեցնել սահմանի զգալի մասը, հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու առաջարկով: Իրականում պաշտոնական Երևանը նման հարցում երբեք ոչ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերել, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն 90-ականներին տարածքային պահանջներ էր ներկայացնում նույնիսկ ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանին: Սակայն Չեչենական պատերազմի ավարտից և Հյուսիսային Կովկասում իրավիճակի կայունացումից հետո հօդս ցնդեցին Դաղստանում գտնվող Դերբենդ քաղաքի նկատմամբ նրա հավակնությունները: Ի դեպ, Ադրբեջանի` Ռուսաստանի հետ տարածքային խնդիրների հարցը լուծված չէր մինչև 2011թ. ամառը, երբ երկու պետությունների նախագահների կողմից ստորագրված` սահմանի ճշգրտման մասին 2010 թվականի սեպտեմբերի 3-ի համաձայնագրով Ադրբեջանին փոխանցվեց 600 մարդ բնակչություն ունեցող և ՌԴ քաղաքացիներով բնակեցված երկու լեզգիական ավան: Համաձայնագրի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսեցին տարածքի բնակչության զտման աշխատանքները և վերջնագիր ներկայացրին այդտեղ բնակվող լեզգիններին` կա´մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա´մ վտարվել արդեն Ադրբեջանի մաս հանդիսացող տարածքներից: Ադրբեջանը տարածքային խնդիրներ ունի նաև Թուրքմենստանի հետ` Կասպից ծովում գտնվող «Օսման», «Օմար» ու «Սարդար» գազահանքերի շուրջ: Լինելով Կասպից ծովի ընդերքի մասին համաձայնագրի մշակման մասնակից-կողմերից մեկը, Ադրբեջանը չի սպասել համաձայնագրի վերջնական վավերացմանը, շտապել է վերոհիշյալ գազահանքերի տարածքը անվանել ադրբեջանական: Ավելին, միջազգային մի շարք ընկերությունների հետ արդեն հասցրել է մի շարք պայմանագրեր ստորագրել գազահանքերի մշակման մասին` այսպիսով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ողջ բանակցական գործընթացի և Կասպից ավազանի բոլոր պետությունների, հատկապես` Թուրքմենստանի հանդեպ, որը ևս հավակնություններ ունի վերոհիշյալ գազահանքերի նկատմամբ: 2000-ականների սկզբներին վերոհիշյալ հարցի առնչությամբ ադրբեջանա-թուրք մենական հարաբերություններն այնքան էին սրվել, որ Թուրքմենստանի իշխանությունները Բաքվից հետ էին կանչել իրենց դեսպանին: Փաստորեն, ստացվում է, որ մինչ աշխատանքային խմբերը հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպեն, Ալիևյան կլանը առանց որևէ իրավական հիմքի շարունակելու է նշված տարածքներից գազ հորել: Բանը հասել է նրան, որ դեռևս 2009 թվականին Թուրքմենստանի նախագահը հանձնարարել էր փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովին` հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ներգրավել միջազգային փորձագետների` տվյալ հարցի առնչությամբ միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը քննարկելու համար: Համաձայն վերջին զարգացումների` Թուրքմենստանը նաև ուժեղացնում է Կասպից ծովում տեղակայված իր նավատորմը: Նույն խնդիրը Ադրբեջանի հետ ունի նաև Իրանը. սակայն տվյալ դեպքում Կասպից ծովի վիճելի տարածքները սեփականացնելուց բացի Ադրբեջանը «աչք է դրել» նաև Իրանի հյուսիսային շրջանների վրա` դրանք անվանելով «Հարավային Ադրբեջան», իսկ տվյալ տարածքի թուրքալեզու բնակիչներին` ադրբեջանցիներ: Ընդհանուր առմամբ, Իրանի հյուսիսային տարածքների նկատմամբ Բաքուն սկսեց հավակնություններ ունենալ դեռևս խորհրդային տարիներին, երբ 1989 թ. Ադրբեջանի Ազգային ճակատի ակտիվիստները առաջ քաշեցին «ադրբեջանցիների համախմբման գաղափարը» և արշավ սկսեցին ԽՍՀՄ-Իրան սահմանին սահմանային ամրությունների վերացման համար` պատճառաբա նելով, թե դրանք «ադրբեջանական ազգի պառակտման խորհրդանիշ» են: Պաշտոնական Բաքվի ձգտումները ավելի ուժեղացան վերջին տարիներին` Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սրվելուց հետո: Կասկածից վեր է, որ նպաստավոր հանգամանքների առկայության դեպքում Ադրբեջանը կփորձի Իրանի հյուսիսում թուրքալեզու բնակչության ապստամբություն բարձացնել` այդ երկրի հյուսիսային մասը կտրելու համար: Իրանի խորհրդարանում նմանատիպ զեկույցի ներկայացումն արդեն իրենից ենթադրում է, որ պաշտոնական Թեհրանը քաջատեղյակ է Ադրբեջանի կողմից երկրի սահմանադրական կարգին բխող վտանգին և, անկասկած, համապատասխան հետևություններ է արել Բաքվի հետ հարաբերություններում: Ամփոփելով վերոնշյալը` կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքվի կողմից դրսևորվող «չտեսությունը» և զավթողական քաղաքականությունը կարող է վերջինիս համար բումերանգի ներգործություն ունենալ: Սրա հետևանքով Ադրբեջանը կարող է զրկվել ոչ միայն իր կողմից յուրացված վիճելի տարածքներից, այլև սահմանակից պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու հնարավորությունից, ինչը կարող է ճակատագրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, իսկ հետագայում նաև Ադրբեջան պետության լինել-չլինլեու հարցում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ