ՓԱՍՏՈՐԵՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՊՈԿԵՆՏՐՈՆ


Երբ վերջերս ամերիկյան մի վերլուծաբան հայտարարում էր, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի յուրատեսակ քաղաքական հիպոկենտրոնը` շատերը չէին հասկանում գնահատականի իմաստը, մինչդեռ այսօր շատ բան դառնում է տեսանելի և հասկանալի: Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ինչպես տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, խոսակցությունը վերաբերել է Իրանի Նախագահի` Հայաստան կատարելիք այցին: Այս հաղորդագրությունը մեծ ենթատեքստ է պարունակում, պարտադրում է բացել տողատակերն ու քննարկել սպասվող այցն ու դրա հետևանքները: Ավելի ճիշտ` այցի նշանակությունը: Մանավանդ հիմա, երբ Արաբական աշխարհն ամբողջապես տակնուվրա է եղել, երբ շատերը խոսում են պատերազմական գործողությունների սկսման մասին, հազիվ թե միայն ենթակառուցվածքային հարցեր քննարկելու համար Արևելքի հզորագույն տերություններից մեկի ղեկավարը կարևորեր որևէ այց: Սակայն այսօր խաղասեղանին է դրված տարածաշրջանի ճակատագիրը. Իրանը նույնպես կանգնած է պատերազմի շեմին, քանի որ Իսրայելը, որը գործում է Միացյալ Նահանգների թելադրանքով և հանձնարարությամբ` հայտարարել է Իրանը ռմբահարելու մասին: Հայաստանն Իրանին ամենամոտ գտնվող դաշնակից պետությունն է, Իրանն ու Ռուսաստանն իրար կապող կամուրջը. ահա ինչու առաջիկա այցը ձեռք է բերում քաղաքական մեծ նշանակություն և կարևորություն: Սիրիայի դեմ Արաբական լիգայի կայացրած որոշումները վկայեցին, որ այդ կառույցն իրենից լուրջ բան չի ներկայացնում և վերածվել է ԱՄՆ-ի յուրատեսակ կամակատարի: Ավելին, Վաշինգտոնին միացել է նաև Թել Ավիվը, որին հանձնարարվել է տարածաշրջանային կարգադրիչի դերը: Չլինելով արաբական երկիր` Իսրայելը կարողացավ լուրջ դերակատարություն ունենալ և մահմեդական աշխարհին տրամադրել Սիրիայի դեմ: ԱՄՆ-ն էլ իր հերթին Թուրքիային հանեց Սիրիայի դեմ` հերթական անգամ ապացուցելով, որ ցանկացած երկիր իր ձեռքին խամաճիկ է, որ անգամ իսլամական արմատականության կողմնակիցները դյուրությամբ «տրվում» են ԱՄՆ-ին` այսպես պաշտպանելով իրենց շահերը: Վաշինգտոնն այսօր կարգադրել է կուլ տալ Իրանին ու Սիրիային, որովհետև սրանք կայացած դասական պետություններ են, հզոր տերություններ և կարող են խոչընդոտ հանդիսանալ ամերիկյան ծրագրերի իրականացման ճանապարհին: Ուրեմն, թե´ Սիրիան, թե´ Իրանը պետք է մխրճվեն քաոսի ու արյունահեղությունների մեջ` այսպես մեծացնելով ամերիկյան ներկայությունն ու ողջ Արևելքում հաստատելու համաշխարհային ոստիկանի գերակայությունը: Խնդիրն ընդամենն այս է, այստեղ է ավարտվում «գլուխկոտրուկը»: Եվ կարիք չկա լուրջ ու խորազնին վերլուծություններ անել` հասկանալու համար ամերիկյան հայեցադրույթը: Օրերս Էրդողանը` իր կողքին կանգնեցնելով սեփական խոսքի արժեքից զրկված Գյուլին, հայտարարեց, թե կանջատի դեպի Սիրիա արտահանվող էլեկտրականությունը, եթե Ասադը վերջ չտա ընդդիմադիրների դեմ իրականացվող բռնություններին: Էժանագին հնարանքների սիրահար Թուրքիան արդեն իսկ փակել է Թուրքիայից Սիրիա գնացող գետի ճանապարհը` այսպես խախտելով ջրային ռեսուրսների մասին համաշխարհային օրենքը: Հիմա էլ սպառնում է էլեկտրականութ յունն անջատել` Սիրիան զրկելով կենսական երակներից: Առանց այն էլ այս երկրում արդեն վառելիքի քաղց է սկսվել, ձմռան շեմին մարդիկ զրկվել են վառելիք ունենալու հնարավորությունից: Թուրքիան իր «յոլդաշ» Ադրբեջանի հետ արդեն քանի˜ տարի շրջափակել է Հայաստանը` համոզված, որ համաշխարհային հանրությունը կրավորական կեցվածք է ընդունելու և ձայն չի բարձրացնելու աղաղակող այս այլանդակության դեմ: Հիմա էլ նույն մեթոդներն ուզում է կիրառել Սիրիայի նկատմամբ: Ուրեմն, չի բացառվում, որ Իսրայելի կողմից հնարավոր ռմբահարումներն իրականացվեն հենց Թուրքիայի սահմանից` հարազատացնելով առայժմ սուր հակամարտություններ ունեցող Անկարային ու Թել Ավիվին: Կարելի է ենթադրել, որ Ահմադինեժադը Հայաստան է գալիս` Սերժ Սարգսյանի հետ քննարկելու ռմբահարումների ճանապարհը փակելու, Ռուսաստանից աջակցություն ստանալու հարցերը: Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, որը կարող է իր հերթին հակահարված տալ իսրայելական հարձակումներին: Բնականաբար` ո´չ Հայաստանի տարածքից, քանի որ Հայաստանը նման պայմանագիր չունի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Այդ հակահարվածը կարող է լինել քաղաքական միայն: Իսկ ի՞նչ է նշանակում քաղաքական հակահարված: Հայաստանը կարող է հանդես գալ հայտարարությամբ` հակամարտող կողմերից պահանջելով մտածել տարածաշրջա նում խաղաղության և կայունության հաստատման մասին: Ռուսաստանն էլ իր հերթին հանդես կգա հայտարարությամբ, որը, բնականաբար, առավել խիստ կլինի` սպառնալիքներով հագեցած: Համոզված ենք, որ այցի ընթացքում սա է լինելու գլխավոր հարցը, հանուն ինչի էլ Ահմադինեժադը որոշել է քննարկումներ սկսել Հայաստանի առաջնորդի հետ: Տեսնելով Արաբական լիգայի շահադիտական պահվածքը` Իրանն այլևս չի կարող հույսը դնել մահմեդական աշխարհի վրա, չի կարող նրանից աջակցություն ընկալել: Ուստի գլխավոր հենարանները մնում են Հայաստանը և Ռուսաստանը: Այստեղ է, որ մեծանում է Հայաստանի քաղաքական կշիռը: Հայաստանն այս իրականության մեջ այլևս չպետք է ձեռքերը ծալած նստի և սպասի, թե ինչ զարգացումներ կունենան իրադարձությունները: Արդեն այսօր մեր իշխանութ յունները պիտի հանդես գան հայտարարություններով, պիտի պահանջեն տարածաշրջանի կայունությունը` բացատրելով հարևան երկրներին նաև, թե ինչ աղետալի ապագա է սպասվում բոլորիս: Իսկ այդ ապագայի մեջ արդեն նշմարվում են երրորդ աշխարհամարտի նախանշանները...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ