ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԵԿԱՎ ՈՒ ԳՆԱՑ, ԻՍԿ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երևան, եթե առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ և այցի դրդապատճառներով, սովորական ու շարքային իրողություն էր: Նա ոչ թե հատուկ ու նպատակային այց էր կատարել Երևան` հայ-թուրքական գոյություն չունեցող հարաբերությունների համատեքստում, այլ եկել էր մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական համաժողովին` ինչպես մյուս բոլոր ներկաները, որոնց անունները սքողվեցին ու անտեսվեցին, քանզի լրատվամիջոցները յուրատեսակ շոու սարքեցին Թուրքիայի պաշտոնյայի անվան շուրջ:

Ի՞նչ հարցեր քննարկվեցին համաժողովում, ի՞նչ որոշումներ կայացվեցին, ովքե՞ր և ի՞նչ ծրագրային առաջարկություններով հանդես եկան` մնացին անհայտ… Բայց, գուցեև բնականաբար, բոլորի ուշադրությունը սևեռվեց Դավութօղլուին, քանզի նա ինքն էլ էր կամենում այդ շոուն, որովհետև Թուրքիայի տարածաշրջանային նոր ծրագրերի ու տեսլականների համատեքստում անչափ կարևոր էր, որպեսզի բոլորը խոսեին նրա այցի, Հայաստանում արած նրա հայտարարությունների մասին: Դավութօլուն կարծես սառը ցնցուղ պահեց բոլոր նրանց վրա, ովքեր համոզված էին, թե նա խոսելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և հարակից հարցերի մասին: Ասում են` դիվանագետին լեզուն տրված է իր մտքերը թաքցնելու համար, և Դավութօղլուն առաջնորդվեց այդ հանրահայտ բանաձևով ու ամեն ինչ տարավ ենթատեքստ, «ուշագրավ» շրջանցումներով, ի վերջո, ասաց այն, ինչ պիտի ասեր: Անգամ անդրադարձավ Ցեղասպանությանը` ցավ արտահայտելով և անգամ վերաբերմունք ու գնահատական «հնչեցնելով»:

Դավութօղլուի` հայրենիք վերադարձից հետո այժմ էլ որոշ վերլուծաբաններ են Թուրքիայում շարունակում գնահատել ու մեկնաբանել այդ այցը` փորձելով իբրև թե քննադատել կամ անհամաձայնություն հայտնել: Թուրքիայում գրեթե ոչ ոք չկարևորեց նրա այցը, ոչ ոք չսևեռվեց դրան, որովհետև, ըստ էության, լավ էին հասկանում, որ տեղի է ունեցել իրենց համար անչափ սովորական մի իրողություն. նախարարը մասնակցել է համաժողովի: Բայց հենց Դավութօղլուին է պետք, որպեսզի իր երկրում էլ խոսակցություններ լինեն, թափանցումներ լինեն: Եվ ահա լրագրող Մուրաթ Չաբասն է հանդես եկել ինչ-որ վերլուծական հոդվածով, գրելով, թե`

- Տնտեսական դժվարությունների առջև կանգնած Հայաստանը, որն ամեն հարցում Թուրքիայի կարիքն ունի, Դավութօղլուի այցից դեռ 2 օր առաջ սկսել էր ամբարտավան հայտարարություններ անել և մինչև Դավութօղլուի վերադարձը այդ դիրքորոշումը չի փոխել:

Այսինքն, լրագրողը շատ էր կամենում, որպեսզի ոչ թե բողոքի ցույցեր լինեին, այլ լիներ ջերմագին ընդունելություն և խոսակցություն ծավալվեր Թուրքիա-Հայաստան տնտեսական համագործակցության մասին, ուր Հայաստանը պետք է լիներ խնդրողի ու երախտագետ զգացումներ տածողի դերում: Պատահական չէ, որ հոդվածագիրը հիշատակում է տնտեսական դժվարությունները` գուցեև մոռանալով, որ իր երկիրն էլ տնտեսական բազում խնդիրներ ունի, որ իր երկրի ծայրամասերը թաղված են աղքատության մեջ, որ բնակչության մի զգալի մասը ծայր աղքատության ճիրաններից չի կարողանում ձերբազատվել: Հոդվածագիրը կանգ է առել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարությունների վրա և հիշատակել, թե հայաստանյան պաշտոնյան կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու 2009 թվականին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների: Թուրք վերլուծաբանի կարծիքով`  Թուրքիան այդ  արձանագրություններից որևէ օգուտ չունի և դրանց մեջ բոլոր կետերն հօգուտ Հայաստանի են: Ուշագրավ է, որ հոդվածագիրը «բացահայտում է» Ցյուրիխյան արձանագրությունները, ներկայացնում նրա դրույթները.

n Թուրքիան պետք է բացի ՀՀ հետ սահմանը:

n Թուրքիան միջազգային կազմակերպություններում Հայաստանի նկատմամբ կիրառած վետոները պետք է վերացնի:

n  Էներգետիկ կապերում Հայաստանի ներգրավվածության  վրա թուրքական վետոն պետք վերանա:

n Ցեղասպանությունն ուսումնասիրող ենթահանձ- նաժողով  պետք է ստեղծվի, որի կայացրած որոշումը պետք է ընդունելի լինի:

Այս կետերից և ոչ մեկն էլ մեր շահերից չի բխում: Արդ, ինչո՞ւ մեզ համար ոչ շահավետ նման հարցում այդպիսի համառ կողմը մենք ենք,  մեր արտգործնախարարն ի՞նչ գործ ունի Երևանում…

Այս հիշատակումներն անելուց հետո հոդվածագիրը «հանկարծ» դժգոհում է, որ Հայաստան էր գնացել ուժեղը, ուստի Երևանում պարտավոր էին խոնարհվել, ընդունել պարզված ձեռքը, պատվել Դավութօղլուին: Ավելին, արտաքին գործերի նախարարի հասցեին շռայլ հաճոյախոսություններ է ցողում` գրելով, թե Դավութօղլուն, ի պատասխան հայ ամբարտավան ուժերի, դեռ շնորհակալություն է հայտնել ու վերադարձել…

Իհարկե, այս հրապարակման մեջ անչափ կարևորվում է հոդվածագրի այն դժգոհությունը, թե հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված պատմաբան ներից կազմված ենթահանձնախմբի գործունեությունը տապալվել է, ինչի մեղավորն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է:

- Ցեղասպանության ժխտման ուղղությամբ աշխատող պատմաբանները հեռացվել են իրենց պաշտոններից, իսկ մեր քաղաքական գործիչներն էլ  աջակցել են անունով թուրք, բայց մեր միջի «հայկական սփյուռքին»` Ստամբուլի հենց սրտում համաժողով անցկացնել: Սրանից պարզ է դառնում, որ ձեռք ձեռքի տված` թուրք ազգին ցեղասպան կհայտարարեն: Կարճ ասած ամբողջ խաղը սա է: Միջազգային իրավական նորմերի համաձայն` Թուրքիային  Ցեղասպանությունն ընդունելուց հետո  փոխհատուցում և հողային պահանջ կներկայացվի, որոնցից խուսափելն անհնար կլինի,- նման եզրակացություն է արել հրապարակման հեղինակը:

Բնականաբար, այս հրապարակումը որևէ մեկի համար հետաքրքիր չէ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, քանզի որևէ նոր միտք չի արծարծվում: Սակայն սա փորձ է` այդ երկրում, այնուհանդերձ, ինչ-որ կերպ հիշեցնել Դավութօղլուի այցի մասին և նորից կարևորել «թուրքական հանդուրժողականությունը»: Ուրիշ ոչինչ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ