Ջեյմս Բոնդին էլ խոտանեցին


Կենդանի ու մեռած բոլոր հերոսներին պահ առ պահ փառքի պատվանդաններից վայր գլորելու հակումը խորթ չէ մարդկային էությանը: Հիմա էլ հերթը հասել է գրական հերոսներին:

Նոթինհեմսկի համալսարանի բժիշկները ուղիղ կես տարի ուսումնասիրել-հաշվարկել են ալկոհոլի այն քանակը, որը Յան Ֆլեմինգի հեղինակած 14 հատորներում խմում է սուպեր-գործակալ 007-ը: Ուսումնասիրել-հաշվել ու պարզել են, որ եթե Ջեյմս Բոնդը ոչ գրական կերպար, այլ կենդանի մարդ լիներ, ապա անբուժելի հիվանդությունների մի փունջ վաստակած կլիներ` սեռական անկարողությունից մինչև ցիռոզ (տեղեկացրել է CNN-ը):

Բժիշկ գիտնականները համոզմունք են հայտնել, որ այդ խմելով` նա չէր հասցնի 50 տարի ապրել և կմեռներ ոչ թե թշնամու գնդակից, այլ սրտի կաթվածից: Բրիտանիայում օգտագործվող սպիրտային խմիչքը չափվում է պայմանական միավորով, որը երկրում ընդունվել է 1980-ական թվականներից: Ոգելիցի 1 միավորը հավասարազոր է 10 միլիլիտր մաքուր սպիրտի: Եվ ահա 007 գործակալը շաբաթական ընդունել է 92 միավոր ալկոհոլ, ինչը 4 անգամ գերազանցում է թույլատրելի չափաբաժինը: Այլ խոսքով` գերգործակալն ամեն օր կես շիշ օղի է խմում, ու դա չի խանգարում նրան` հաղթանակով դուրս գալ ցանկացած դժվարին իրավիճակներից: