Մեր բարդ խնդիրը…


Դեկտեմբերի սկզբին Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության մասին պայմանագիրը: Երկար ժամանակ մեզանում բանավեճ է ընթանում մեր եվրոպական կողմնորոշման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կողմնակցների միջև: Այդ բանավեճը սնող պատճառների ու դրանց ակունքների մասին հարցին է պատասխանում հոգեբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանութ յան ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ:

Չնայած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը հունվարի 1-ից արդեն գործելու է, սակայն մինչև հիմա էլ շրջանակներում թերակարծութ յուններ կան այդ միության գոյատևման ու առավել ևս` Հայաստանի անդամակցության անսխալականության մասին: Ի՞նչ եք կարծում, այդ կասկածները զուտ քաղաքական հաշվարկների, կողմնորոշումների հետևանք են, թե՞ կան նաև քաղաքակրթական կամ այլ ազդակներ :

- Իհարկե, խնդիրը շատ բարդ է, ես նույնիսկ չեմ համարձակվի այդ բարդությանը մոտենալ, որովհետև այն այնքան եզրեր ունի` տնտեսական, քաղաքական, քաղաքակրթական… Հարցերից մեկը, որ թերևս որոշիչն է, անվտանգության հարցն է: Տա Աստված, որ մենք այնքան ուժեղ ու հզոր լինեինք, որ այդ բոլոր բլոկների մեջ մտնելուն բոլորովին այլ դիրքերից մոտենայինք…

Կարծիք կա, թե պետք չէ անդամակցել ո´չ Եվրամիությանը, ոչ էլ Եվրասիական միությանը:

Երևի ամենացանկալին դա կլիներ: Բայց գուցե կան հանգամանքներ, որոնք այս պահին թույլ չեն տալիս այդպես վարվել: Շատ լուրջ ու հստակ կանխատեսումներ անելու անհրաժեշտություն ունենք: Համենայն դեպս, բոլոր հնարավոր տարբերակները ծանր ու թեթև անելով` տեսնում ենք, որ անվտանգությունն այն միջուկն է, որի վրա հենվում են` Եվրասիական տնտեսական միություն գնալով: Որովհետև բոլոր դեպքերում, թերևս, Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական շահերն ավելի են համընկնում, քան Եվրոպական միության… Անկեղծ ասած, ես խորքում մտածում եմ, որ սա ճիշտ որոշում էր` գուցե մտածելով, թե երանի այնպես լիներ, որ ոչ մեկին միանալու կարիքն էլ չունենայինք, այնքան ինքնիշխան լինեինք, որ որևէ միավորման մեջ չմտնեինք…Հետո փոխվում է իրադրությունը: Շատերն ասում են` Ռուսաստանը թուլանում է, արժե՞ր արդյոք… Իհարկե, այդ հաշվարկներն էլ պետք է կատարել, որովհետև աշխարհաքաղաքական այնպիսի արագ փոփոխությունների դարաշրջանում ենք ապրում, որ երեկ աշխարհն ուրիշ էր, այսօր` ուրիշ է… Այսօր իսկապես դժվար է ճիշտ կանխատեսումներ անելը: Ես համոզված եմ, որ ռուսական զորքերը չեն գալու մեր փոխարեն կռվեն, հույսը երբեք չի կարելի ուրիշի վրա դնել: Բայց կարծում եմ` այնուամենայնիվ, եթե կան ինչ-որ աշխարհաքաղաքական շահեր, որոնք համընկնում են Ռուսաստանի հետ, ուրեմն մենք պետք է գնանք այդ ճանապարհով, թեև այդտեղ բազմաթիվ «բայց»-եր կան:                          Ա. Դ.