Արարատի գագաթին գտնվելու պես


Անծանոթ լինելով ամերիկացի դիրիժոր, հնագույն և արդի երաժշտության ինքնատիպ մեկնաբանություններով աշխարհում ճանաչված Ջոն Նելսոնի մասնագիտական հմտություններին` հանդիպման մասնակիցներս թերահավատությամբ ընդունեցինք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի` նրան ներկայացնող շռայլ խոսքերը: Արտերկրում բարձր հնչեղություն ստացած անունների հանդեպ հայերիս տածած անվերապահ ակնածանքի հերթական արտահայտություն համարելով: (Լիարժեք փոխընկալման համար, իհարկե, գերադասելի է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումները խարսխել անցկացվելիք մշակութային միջոցառումների անմիջական տպավորությունների վրա: Այդպիսով, վստահ եմ, անհամեմատ ճշգրիտ կլուսաբանվի յուրաքանչյուր մշակութա դեպի իրական արժեքավորությունը: Անշուշտ, եթե արժևորող հավաքներում ներգրավվեն անկողմնակալ մասնագետներ): ԻնչևԷ: Զրույցը Ջոն Նելսոնի հետ հետաքրքիր ընթացք ստացավ: Նախ, գրավվեցինք հայկական հոգեկերտվածքի գենետիկ խորքերին նրա իրազեկվածությամբ, ապա` երկշաբաթյա համատեղ աշխատանքին ու մեր 3 կամերային երգչախմբերին ու 4 մեներգրիչներին տված մասնագիտական բարձր գնահատականով: - Բեթհովենի «Հանդիսավոր պատարագը» («Missa Solemnis») մինչ XX դարը գրված ամենաբարդ հոգևոր երաժշտակտավն է երգչախմբի համար,- պարզաբանեց Նելսոնը,- իսկ նվագախմբի համար` IX սիմֆոնիայի բարդությանն է համարժեք: Բայց, ի տարբերություն վերջինիս, հազվադեպ է կատարվել: Հոգևոր երաժշտության այս գլուխգործոցի ներքին բովանդակությունը ապրումների տարանցիկ տրամադրություններով հոգեհարազատ է պատմականորեն ձևավորված հայկական նկարագրին` պոռթկման պատրաստ պայքարելու էներգիա և դարավոր անարդարություններից կուտակված տխրություն: Քաջատեղյակ լինելով` ես գտա ձեր երաժիշտներին ստեղծագործական ներշնչանք հաղորդելու հնարքը, երբ ոչ մի կերպ չէր հաղթահարվում բարդ ֆուգաներից մեկը: Պատկերացրեք, որ դուք գտնվում եք Արարատի լեռան գագաթին, ի՞նչ զգացողություն կունենայիք: Եվ` ամեն ինչ միանգամից հարթվեց: 3 տարի առաջ եմ եղել Հայաստանում: Այս երկրորդ այցիս ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական վարպետության նկատելի աճը անմիջապես որսացի: Ասեմ, որ բացառիկ երևույթ է այսպիսի որակի նվագախումբ, երգչախմբեր, մենակատարներ գտնելը: Երաժշտական կատարման որակը հարիր է հնուց եկող մշակութային ազգին: Հայաստանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար ու խմբավար Ռոբերտ Մլքեյանը մանրամասնում է Բեթհովենի «Հանդիսավոր պատարագ»-ի կարճաժամկետ նախապատրաստական փուլի կազմակերպչական արդյունավետությունը. «Երբ Երևանի և «Հովեր» կամերային երգչախմբերի գեղարվեստական ղեկավարներ Հարություն Թոփիկյանի ու Սոնա Հովհաննիսյանի հետ ծանոթանում էինք Նելսոնի կողմից պատարագի պարտիտուրայի վրա արված գրառումներին, համոզվեցինք, որ ոչ միայն հիանալի դիրիժոր է, այլև արտակարգ խմբավար»: Մեր 3 երգչախմբերն էլ բազում հավաստիացումներ են վաստակել տարեց-տարի հղկվող իրենց կատարողական վարպետության: Այսինքն, նրանց ստեղծագործական ներուժը երաժշտական այս բացառիկ համագործակցության կայացման ռեալ երաշխիքներից էր ի սկզբանե: Մեր օպերային թատրոնի երիտասարդ մեներգիչներ Նարինե Անանիկյանը (մեցո սոպրանո), Պերճ Քարազյանը (քնարական տենոր), Սուրեն Մանուկյանը (բարիտոն) և Նունե Բադալյանը (սոպրանո) ՀՊՖն-ի հետ համաստեղծագործությամբ որոշակի փորձ ձեռք էին բերել օրատորիալ-կամերային գործերի կատարման, թող որ, ըստ Նելսոնի, հարստացման կարոտ: Նրանք ընդամենը 3 օր աշխատած լինելով ամերիկացի արվեստագետի հետ` բավականաչափ գործնական հետևությունների էին հանգել կատարողական տեխնիկայի անհրաժեշտ նրբությունների վերաբերյալ: Նունե Բադալյանի հիացմունքը Նելսոնի բծախնդիր աշխատաոճից ինքնաբուխ պոռթկաց. «Մաեստրոն մեզ ստեղծագործական աճի աննախադեպ առիթ ընձեռեց: Դժվարին ամեն մի փորձից հետո գոհանում էինք` զգալով մեզանում կատարված որոշակի առաջընթացը: Այս կարգի համատեղ աշխատանքների արդյունքում միայն մենք շուտով կիմաստնանանք կատարողական արվեստում»: Կարծում եմ, հուսադրող բոլոր նախադրյալների հանրագումարի շնորհիվ էր հենց, որ «Հանդիսավոր պատարագը» հոգևոր սրտակից մթնոլորտով լցրեց «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահը: Հպարտ բեմում համախմբված մեր բոլոր երաժիշտ կատարողների մասնագիտական պատրաստվածությամբ` ունկնդրում էինք փոխլրացող կոնտրաստային 5 դրվագներից բաղկացած ստեղծագործությունը: Հապճեպության որևէ նշան չգտնելով` հետևում Ջոն Նելսոնի համակարգող բեմական մշակված վարքագծին: Այս երաժշտակտավի կատարման միակ փորձառուն լինելով` նա կարողանում էր ապահովել անսպասելիորեն միավորված բազմամարդ երաժշտախմբի միասնական ելույթի ներդաշնակությունը: Եվ իր բարեկամ Էրցհերցոգ Ռուդոլֆի արքեպիսկոպոս ձեռնադրվելու առիթով 1822-ին Բեթհովենի գրած և իշխան Գոլիցինի նախաձեռնությամբ 2 տարի անց Պետերբուրգում առաջին անգամ հնչեցված պատարագի հոգևոր հագեցվածությունը փոխանցվում էր սրահ` հանճարեղ գերմանացու բնատուր հմայքով օծված հնչյունների նորովի իմաստավորմամբ վերստին հրապուրելով երաժշտական հսկայի բազմաբովանդակ ժառանգության մինչ այս անծանոթ գանձի կենդանի գրավչությամբ, մաքրագործող ներգործությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ