Կեղծիքների բավիղներում ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ


Խորհրդային տարիներին լույս տեսած մի շարք հանրագիտարաններում Հեյդար Ալիևի ծննդավայրը նշվում էր` Նախիջևանի ԻՍՍՀ, առանց կոնկրետացնելու քաղաքը կամ գյուղը: Երբ 1991 թվականին Հեյդար Ալիռզա օղլի Ալիևը` սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսն, ընտրվեց Նախիջևանի ԻՍՍՀ Մեջլիսի նախագահ, նրա ծննդավայր հռչակվեց Նախիջևան քաղաքը: Ավելին, հոր` Ալիռզա Ալիևի մասնագիտությունը հռչակվեց` երկաթուղային: 1969-ին, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար «ընտրվելու» առիթով, «Բակինսկիյ ռաբոչիյ» թերթը, ներկայացնելով նրա կենսագրությունը, գրել էր. «… ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում… Ընդունելով սոցիալիստական հեղափոխության առաջավոր ուժը, Ալիռզա Ալիևն առաջիններից մեկն է հայրենի գյուղում անդամակցել նորաստեղծ կոլտնտեսությանը…»: Նախիջևանը քաղաքի կարգավիճակ ուներ դեռևս 19-րդ դարի կեսերից, այն համարվում էր Այսրկովկասի հին քաղաքներից մեկը, ուստի ի՞նչ գյուղացու և կոլտնտեսության մասին կարող է խոսք լինել: Շտապողաբար կեղծելով սեփական կենսագրությունը, Հեյդար Ալիևը չէր մտածել այն մասին, որ տասնամյակներ անց կարող են հետաքրքրվել ճշմարտությամբ, բացահայտել իսկությունը: Ուշագրավ է, որ տևական ժամանակ իր կենսագրության մեջ չհիշատակելով կրոնական պատկանելության մասին, 1990-ին անսպասելիորեն Ալիևը Մոսկվայում, «Ստոլիցա» հանդեսին տված հարցազրույցում, նշում է, որ դավանում է իսլամին և հանդիսանում է շիա մահմեդական: Հենց այս երկու փաստերն էլ ձևավորել են կասկածները: Վերջերս Նախիջևանի երկրագիտական թանգարանի աշխատակիցները հետազոտել են 1921-1925 թվականների ծնունդների առթիվ արված գրառումները, որոնք այստեղ են հայտնվել ծխական մատյանների տեսքով, և հայտնաբերել, որ Ալիևների ընտանիքը` կազմված 10 հոգուց, մինչև 1928 թվականը որևէ հաշվառում չի ունեցել Նախիջևանում: Նրա մայրը` Իզզեթ Ալիևան, ծնվել է 1895 թվականին, Բասարգեչարում, իսկ հայրը, ըստ այդ տեղեկությունների, Նախիջևանում բնակություն է հաստատել 1928 թվականին և աշխատել որպես Ջուլֆայի կայարանի բանվոր: Հետևաբար, Հեյդարն ու նրա մյուս եղբայրներն ու քույրերը` Հասանը, Հուսեյնը, Աղիլը, Սուրան, Շաֆիգան և Ռաֆիգան` չէին կարող ծնված լինել Նախիջևանում: Ուրեմն, որտեղի՞ց է սերում այս ընտանիքը, որտե՞ղ են ծնվել Ալիևները: Եվ արդյո՞ք Ալիևն այս ընտանիքի իսկական ազգանունն է: Մանավանդ` չմոռանանք, որ մինչև 1925 թվականը ազերիներն ազգանուններ չունեին, նրանք, ինչպես մյուս թուրքմենական ժողովուրդները, ազգանվան փոխարեն օգտագործում էին հայրանունը: Ազերիների մեջ, որպես բացառություն, ազգանուն ունեին նրանք, ովքեր ապրում էին Թիֆլիսում կամ ստացել էին ռուսական բարձրագույն կրթություն: Հետաքրքրվելով Ալիևների ծագմամբ, Նախիջևանի երկրագետները հետազոտել են Ադրբեջանի արխիվներում պահվող գյուղական և մզկիթային մատյանները, որոնք, բնականաբար, չէին կարող ամբողջական լինել` այդ ժողովրդի համատարած անգրագիտության պատճառով: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախիջևանը, ինչպես նաև ժամանակակից Ադրբեջանի տարածքը մինչև 1918 թ. ռուսական կայսրության մաս էին կազմում, իսկ դրանից հետո ստեղծված Ադրբեջանի բուրժուական հանրապետությունում փորձեր էին արվել մարդահամարի անցկացման համար, երկրագետները հանգել են այն եզրակացության, որ Ալիևները բնիկներ չեն: Նրանք Նախիջևան են եկել այլ բնակավայրից, հավանաբար` Հայաստանից, քանի որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ԻՍՍՀ-ի կազմավորումից հետո հայաստանաբնակ որոշ ազերիներ վերաբնակեցվեցին հայկական այս հնագույն մարզում` այստեղ ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով: Այսպիսով, չի բացառվում, որ Հեյդար Ալիևն ու նրա մյուս եղբայրները և քույրերը, ինչպես նաև ծնողները, ծնված լինեն Հայաստանում: Հանգամանք, որը նրանք խնամքով թաքցնում էին: Իսկ թաքցնելու առիթներ կային: Այսպես, վերջերս Բաքվում լույս տեսած Մեծ հանրագիտարանում նշվում է, որ Հեյդար Ալիևը 1941 թվականից Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Նախիջևանի վարչությունում աշխատել է որպես բաժնի պետ: Եթե ընդունենք, որ Ալիևը ծնվել է 1923 թվականի մայիսի 10-ին, ապա նա արդեն պիտի զորակոչված լիներ բանակ` մասնակցելու Հայրենական պատերազմին, քանի որ 1941-ին 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին Ստալինի հրամանով զորակոչեցին: Ինչպե՞ս կարող էր 18 տարին նոր լրացած և ընդամենը Բաքվի Ադրբեջանական պետական ինդուստրիալ ինստիտուտի առաջին կուրսի ուսանողը դառնալ ՆԳԺԿ-ի վարչության բաժնի պետ Նախիջևանում. մի քաղաքում, որը գտնվում էր խորհրդա-իրանական սահմանի վրա և համարվում էր կարևոր ռազմավարական կետ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ալիևի կենսագրության 1941-1944 թվականների հատվածն ամբողջապես կեղծված է: Այս ողջ ընթացքում նա որևէ տեղ չի աշխատել և չի ծառայել, այլ միայն 1944-ից աշխատանքի է անցել անվտանգության մարմիններում, ապա սովորել վերապատրաստման դասընթացներում: Մի գաղտնիք էլ պահված է 1950-1956 թթ. էջերում: Ըստ հանրագիտարանի, 1950-ին Ալիևն ավարտել է Պետական անվտանգության մինիստրության վերապատրաստման դասընթացները և 1956-ին նշանակվել ՊԱԿ-ի Բաքվի բաժնի պետի տեղակալ: Որտե՞ղ է եղել այս տարիներին Ալիևը: Ոչ ոք չգիտե…

Պատրաստեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ