ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՐՄՄՈՆՈՆ»


Եվս մի քանի օր, և կմեկնարկի արդեն ավանդական դարձած «Արմմոնո» թատերականը, որն այսօր արդեն աշխարհում ճանաչում և հեղինակություն ունեցող փառատոներից մեկն է դարձել: Երբ տարիներ առաջ Հակոբ Ղազանչյանը նախաձեռնեց այն, մտավախությունը կար, թե երկար կյանք չի ունենա, քանզի մենաներկայա ցումները ոչ միշտ են լրջորեն ընդունվում թատերական հանրության կողմից, շատ քիչ մենադրամաներ են գրվում: Ավելին, «մեկ դերասանի թատրոնը» տարիներ շարունակ ընկալվել է որպես ասմունքի երեկո` գրեթե բացառելով դրամատիկական տարրերի ներկայությունը: Սակայն այն հանգամանքը, որ 2010-ին փառատոնային հայտագրում տեղ էր գտել 20-րդ դարի մեծագույն բեմադրիչներից մեկի` Պիտեր Բրուկի բեմադրությունը, վկայությունն էր, որ արդեն ճանաչում ունեցող փառատոնը նաև դառնում է յուրատեսակ փորձարան շատերի համար: Ինչպես տեղեկացրեց «Արմմոնո» փառատոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը, այս տարի ևս փառատոնը կանցնի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և մշակույթի նախարարության հովանավորությամբ: Մոտ 20 ներկայացում է ընդգրկված փառատոնային հայտագրում` ներառելով ինչպես տարբեր երկրներում պատրաստված ներկայացումները, այնպես էլ հայ դերասանների աշխատանքները: Այս հանգամանքը նպաստում է ստեղծագործական համագործակցությանը, տարբեր ոճերի և գեղարվեստական սկզբունքների մեկտեղմանը երևանյան բեմահարթակներում: Փառատոնին մասնակցում են ինչպես արդեն երևանյան հանդիսատեսի կողմից ճանաչված ու սիրված դերասաններ, այնպես էլ նոր անուններ: Ներկայացումները կընթանան Հայաստանի թատերական գործիչների միության և Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճներում: Հենց սրանք էլ այն ավանդական բեմահարթակներն են դարձել, որոնք մշտապես սիրով են ընդունում դերասաններին: Փառատոնի բացմանը քիչ ժամանակ է մնացել, սակայն ուզում ենք մի առաջարկություն ներկայացնել, որն առավել կմեծացնի հետաքրքրությունը ցուցադրվող ներկայացումների և փառատոնի հանդեպ: Ցանկալի է, որպեսզի փառատոնի օրերին լույս տեսնեն թերթոններ կամ էլ որևէ թերթի խմբագրության հետ ձևավորվի համագործակցություն, որպեսզի ամենօրյա ներկայացումներից հետո տպագրվեն կարծիքներ և անդրադարձներ, մտորումներ և խոհեր: Այդ հրապարակումները կմեծացնեն փառատոնի մասնագիտական արժեքը և կձևավորեն փառատոնային մատենագիտությունը, ինչը նաև անհրաժեշտ ու կարևոր կլինի մասնակիցների կյանքում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ