ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԸ


 

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրով նախատեսված` պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Հայրապետյանի և Նիկոլ Փաշինյանի բանավեճը տեղի չունեցավ, որովհետև ՀՖՖ նախագահը հայտարարեց, թե «կալիբրի խնդիր կա», թե ինքը Նիկոլի «մակարդակի» գործիչների հետ բանավեճն իր արժանապատվությունից ցածր է համարում: Ու Փաշինյանին թույլ չտվեցին մտնել հեռուստատեսություն` սպասեցնել տալով դարպասների մոտ... Հավանաբար ընտրությունների պատմության մեջ սա եզակի դեպքերից մեկն է, այն բացառիկ իրավիճակներից, երբ թեկնածուն է թելադրում պայմանները` այսպես հաստատելով այն տխուր ճշմարտությունը, որ մեզանում հաճախ ոչ թե ժողովրդավարական արժեքներն են դառնում ընտրությունների առաջ-մղիչ ուժերը, այլ անձերի ամբիցիաներն ու կամայական ցանկությունները: Խնդիրը բնավ էլ չի պարփակվում Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան զուգահեռի մեջ: Այստեղ այլ «ըմբռնումներ» են գործում, այստեղ փողի ուժն ու ամենաթողության բարձերի վրա թիկն տվածի հոգեբանությունն է առաջնայինը: Ուրիշ դեպքերում ևս բախվում ենք այնպիսի փաստերի, որոնք մթագնում են ընտրությունների ընթացքը, որոնք մեկ անգամ ևս հաստատում են, որ տակավին չենք կամենում հեռանալ ասիական-արևելյան «չափորոշիչներից», այն հոռի բարքերից, որոնք տարիներ շարունակ արմատավորվել են մեզանում:

Ընտրությունները լակմուսի թղթի նման բացահայտում են այն ամենը, ինչը մեր իրականության մեջ է և ինչը մեզ տակավին պահում է կեղծ արժեքների և կեղծ պատկերացումների շրջագծերում: Մի տեղ հարձակվում են թեկնածուի վրա և ստիպում հանել թեկնածությունը, մյուս դեպքում գրոհում են որևէ կուսակցության նախընտրական կենտրոնի վրա կամ էլ պատառոտում նախընտրական պաստառները... Այս ամենը թելադրվում և կառավարվում է թեկնածուների կողմից. այն մարդկանց, ովքեր ցանկանում են խորհրդարան գալ` այնտեղ ևս հաստատելու իրենց վայրի կրքերն ու ցանկությունները: Իսկ մենք միամտաբար խոսում ենք քաղաքակիրթ ընտրությունների, ժողովրդավարության մեջ նոր քայլեր կատարելու մասին:

Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը կուսակցություններին իրավական աջակցություն էր առաջարկում` միևնույն ժամանակ խույս տալով այնպիսի կարևոր խնդրից, ինչպիսին ընտրակաշառքների բաժանումն է: Խոսակցությունները փաստեր չեն` ահա ՄԻՊ-ի «արգումնետը», իսկ հանճարեղ Պարոնյանն էլ այս դեպքերում կասեր. «Ատանկ բանը կըտեսնվի»: Ու հաճախ անտեսվում է ամենամեծ գործոնը` ընտրողի ու ընտրազանգվածի գործոնը: Բայց ընտրություն ենք անում` ընտրողին լսելու, նրա կամքն արտահայտելու, նրա ցանկությունները կյանքի կոչելու համար: Քրեաօլիգարխիկ դեմքե´րը չեն մեր ընտրությունների գլխավոր հերոսները լինելու, այլ հանրային այն մեծ զանգվածը, որը գործում է գիտակցությամբ ու բանականությամբ` մտահոգված երկրի ու պետության վաղվա օրով, մտահոգված, որ կարողանանք ընտրությունից ընտրություն ունենալ նոր ու արժանապատիվ հարաբերություններ, նոր ու արժանապատիվ երկիր: